Լրահոս
Օրվա լրահոսը

Շները ազատ են արձակվել

Մարտ 02,2011 00:00

Փետրվարի 25-ին Երեւանում տեղի ունեցավ մի միջադեպ, որը բողոքի մեծ ալիք բարձրացրեց կենդանասերների շրջանում: Վաղ առավոտյան «Փրկենք կենդանիներին» հասարակական կազմակերպությունն ահազանգ ստացավ Մաշտոցի 50ա հասցեի մի բնակչից: Ահազանգողը պատմել էր, որ առավոտյան հայտնաբերել է, որ իրենց բակի 4 անտուն, փոքրիկ շներ (որից մեկը հղի է) փակված են դպրոցին հարող մի տարածքում, իսկ նույն հասցեում բնակվող ոմն Հայկ իր համախոհների հետ ցանկապատում է նշված տարածքը, որպեսզի շները հնարավորություն չունենան դուրս պրծնել այնտեղից, պատճառաբանելով, թե նրանց հաչոցները խանգարում են իր ընտանիքին գիշերը քնել: Կենդանասերների ներկայացմամբ, այդ տարածքում շների գոյատեւելն ուղղակի անհնար կլիներ, քանի որ այդ փոքր տարածքում չկար ջուր եւ առավել եւս՝ սնունդ: Բնակչի խոսքերով՝ կասկածներ կային, թե շներն այդ տարածքում հնարավոր է կապկպված լինեն:

Մի խումբ կենդանասերներ ահազանգը ստանալուն պես լրագրողների ուղեկցությամբ ժամանել են նշված բակ եւ հայտնաբերել մի քանի տղաների՝ ցանկապատման աշխատանքներն ավարտին հասցնելիս: Նշված անձանց կենդանասերները փորձեցին բացատրել, որ քաղաքում գործում է կազմակերպություն եւ միայն նրանք են իրավասու զբաղվել թափառող կենդանիների խնդրով եւ որեւէ այլ կազմակերպություն կամ անձ ինքնագործունեությամբ զբաղվելու իրավունք չունի: Այս դիտարկմանը Հայկը կարճ ու հատու պատասխանեց. «թքած ունի» թե մեր եւ թե երկրի օրենքների վրա: Ի դեպ, խոսքը ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածանքով» 92 հոդվածի մասին էր: Թափառող շների նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ոստիկանության աշխատակիցները տղաներին ուղեկցեցին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք՝ բացատրական աշխատանք տանելու նպատակով: Կենդանասերների եւ լրագրողների օգնությամբ, ի վերջո, հաջողվեց բացել ցանկապատը եւ ազատ արձակել սոված ու ծարավ շներին: Ի դեպ, ոստիկանները կենդանասերների մեջ ճանաչել էին ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանին, որը պարզվեց, որ զբաղվում է նաեւ կենդանափրկիչ գործունեությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել