Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐ ԿԱՄ ԴԻՎԱՆԱԳԵՏ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ. ԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Մարտ 02,2011 00:00

\"\"ՀՀ նախագահի հրամանով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին  նախագահ Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում  ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Նա 10 օրից մեկնելու է Վրաստան: Ստորեւ ներկայացնում ենք նորանշանակ դեսպանի հետ մեր զրույցը:

– Պարոն Մանուկյան, նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ դեսպան նշանակվելու կապակցությամբ: Որքան ինձ հայտնի է, Հայաստանում առաջին անգամ է, որ բարձրաստիճան դատավորը նշանակվում է այդ պատասխանատու պաշտոնում: Ինչպե՞ս է նախկին դատավորը պատկերացնում դիվանագետի աշխատանքը:

– Գիտեք, դատավոր կամ դիվանագետ չեն ծնվում: Դառնում են:

Ինչ վերաբերում է դիվանագիտական գործունեության մասին իմ պատկերացումներին, ապա դրանք հիմնված են ինչպես գործող օրենսդրության վերլուծության, այնպես էլ դիվանագիտական գրականության եւ մասամբ՝ իմ նախկին գործունեության ժամանակ միջազգային շփումների եւ բանակցությունների ընթացքում ձեռք բերված փորձի վրա:

Ընդհանրապես, երկրի դիվանագիտական ներկայացուցչության հիմնական խնդիրներն են՝ Հայաստանի ներկայացումը դեսպանընկալ պետությունում եւ պաշտոնական հարաբերությունների ապահովումն այդ երկրի հետ, Հայաստանի եւ դեսպանընկալ պետության միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, փոխշահավետ կապերի զարգացումը, Հայաստանի քաղաքացիների եւ կազմակերպությունների իրավունքների պաշտպանությունը դեսպանընկալ պետությունում, այդ երկրի հայ համայնքի եւ Հայաստանի համակողմանի կապերի ամրապնդումն ու զարգացումը: Ինչպես տեսնում եք, գործունեության մի ահռելի դաշտ է, որն առնչվում է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին (քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, իրավական եւ այլն):

– Վրաստանի հետ հարաբերություններում մենք ունենք լուրջ իրավական խնդիրներ: Մասնավորապես, այդ երկրի ազատազրկման վայրերում են գտնվում մեր հայրենակիցները: Ծանո՞թ եք Վրաստանի օրենսդրությանը, եւ արդյոք Ձեր դեսպան նշանակվելուց հետո կայցելե՞ք նաեւ ազատազրկման վայրեր՝ «թեժ կետեր»:

– Վրաստանի հետ մեր հարաբերությունները բազմաշերտ են: Դրանք վերաբերում են ոչ միայն իրավական խնդիրներին:

Մեծ հաշվով, մենք ունենք երկու հիմնական խնդիր: Առաջինը դա միջպետական հարաբերությունների այնպիսի բարձր մակարդակի պահպանումն ու ամրապնդումն է, որը հնարավորություն կտա լուծելու մեր երկրների միջեւ ծագող տրանսպորտային, էներգետիկ եւ այլ ոլորտների կարեւորագույն հարցերը: Երկրորդ, Վրաստանի հայ համայնքի արդյունավետ ինտեգրումն է երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում:

Այս խնդիրների լուծման ճանապարհին դեսպանը պարտավոր է իրականացնել բոլոր հնարավոր գործողությունները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ դեսպանընկալ պետության օրենքին:

– Ի՞նչ կոնկրետ խնդիրներ են դրված Ձեր առջեւ՝ որպես Վրաստանում ՀՀ դեսպան: Մեկնելուց առաջ հանդիպե՞լ եք հանրապետության նախագահին:

– Հայ-վրացական հարաբերություններն իրենց բնույթով եւ ներկա մակարդակով արտացոլում են երկկողմ եւ տարածաշրջանային գործընթացների ողջ տրամաբանությունը: Դրանք այսօր բավականին բարձր մակարդակի վրա են: Բավական է նայել միայն իրավապայմանագրային դաշտին եւ երկրների ղեկավարների փոխայցելությունների հաճախակիությանը:

Բարձր մակարդակով արված հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան հարցեր, որոնք անհնար է լուծել բանակցությունների միջոցով, խոսում է վստահության բարձր մակարդակի եւ փոխադարձ տարածաշրջանային դերակատարությունը կարեւորելու մասին:

Սա հնարավոր դարձավ, մասնավորապես, վերջին տարիներին Հայաստանի զուսպ եւ հավասարակշիռ արտաքին քաղաքականության շնորհիվ, հատկապես Վրաստանի ուղղությամբ:

Չի կարելի, սակայն, ասել, որ մենք չունենք մեր հարեւանի հետ լուծման ենթակա հարցեր: Երկու երկրների սահմանանշման հարցերը, հայ համայնքի կրթական, մշակութային եւ հոգեւոր ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ պետք է լինեն մեր դիվանագիտության առաջնահերթություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել