Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու տունը համայնքին են նվիրել

Մարտ 02,2011 00:00

Որ չփոխհատուցե՞ն

Կոնդ թաղամասի Ռուսթավելու 8 հասցեի տունն ու նրան կից տարածքները դարձել են համայնքային սեփականություն, չնայած այստեղ երկար տարիներ բնակվել են մի քանի ընտանիքներ եւ համատեղ օգտագործել են խոհանոցը, զուգարանն ու ցախանոցը: Եվ քանի որ Կոնդը իրացման գոտի է, տանտերը՝ Մհեր Սարգսյանը որոշել է համատեղ օգտագործվող տարածքների սահմանները հստակեցնել, որպեսզի համարժեք փոխհատուցում ստանա: Սարգսյաններն այս հասցեում բնակվում են 1962 թվականից: Մ. Սարգսյանի հայրը ժամանակին տարածքը գնել է ոմն Օհան Ստեփանյանից: «Թիվ 2854 կադաստրային գործով էլ նշված է, որ բակի 30 քմ մասը հանդիսանում է ընդհանուր օգտագործման տարածք, մեր պատկից հարեւանի եւ տեգորս ընտանիքի հետ խոհանոցը, ցախանոցն ու զուգարանը միասին էինք օգտագործում, մեր հարեւանն էլ այդտեղ անօրինական էր բնակվում՝ նրա տունը ինքնակամ էր: Հետո մեր այդ հարեւանը որպես զոհվածի ընտանիք պետությունից բարելավում ստացավ՝ Դավիթաշենում 3 սենյականոց, Կենտրոնում էլ՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ 1 սենյականոց բնակարաններ, սակայն նրանք մինչ օրս չեն տեղափոխվում իրենց նոր բնակարան՝ չնայած իրենց նախկին ինքնակամ շինության նկատմամբ արդեն որեւէ պահանջ եւ իրավունք չունեն: Այդ ընտանիքի անդամները երբեւէ այնտեղ գրանցված չեն էլ եղել: Սակայն դա նրանց չի խանգարում, որպեսզի մեր համատեղ օգտագործման տարածքները փակի տակ պահեն եւ մեզ արգելեն խոհանոցից ու ցախանոցից օգտվել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Մ. Սարգսյանի կինը՝ Լարիսա Ջամվելյանը: Նրա խոսքերով, այս խառնաշփոթից հոգնած իր ամուսինը, որդին եւ աղջիկը, ինչպես նաեւ տեգոր ընտանիքը թողել- հեռացել են Հայաստանից. «Ամուսինս 1999 թվականից դիմել է, որպեսզի մեր գնած տարածքն ու տունը սեփականաշնորհի, բայց հաջողվեց սեփականաշնորհել միայն մեր տունը, այն էլ թերի՝ 51 քմ-ն, այսինքն՝ բնակմակերեսը, իսկ տան տակի հողը՝ 64 քմ ընդհանուր մակերեսով, հատկացվել է վարձակալությամբ՝ 15 տարի ժամկետով: Մեր բակի մնացած տարածքը սեփականության մեջ չի նշվել, քանի որ, չգիտես ինչպես, նախկին քաղաքապետի որոշումով այն արդեն հատկացվել էր մեր հարեւան Լուսինե Խաչատրյանին՝ սեփականության իրավունքով: Պարզվեց նաեւ, որ Լ. Խաչատրյանին անգամ հետգրանցում են արել այն հասցեի վրա, որտեղից նրան վտարել էին նոր բնակարան ստանալու պատճառով»: Տիկին Լարիսան այդ ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության միջնորդությամբ, հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի միջոցով նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դիմել է դատարան, հենց այստեղ էլ բոլոր կեղծիքները բացահայտվել են. վճռաբեկ դատարանում պարզվել է, որ Լուսինե Խաչատրյանին քաղաքապետի որոշմամբ տրված է սեփականության իրավունք, որը դատարանը անվավեր է ճանաչել, այդ վճռի հիման վրա Կադաստրի պետական կոմիտեն էլ Լ. Խաչատրյանի սեփականության վկայականը չեղյալ է համարել, սակայն, չգիտես ինչու, ՀՀ ոստիկանությունը նրան այդ ինքնակամ տան գրանցումից չի հանում: Այս դատական լսումներից հետո Երեւանի քաղաքապետարանը նույնպես դիմում է դատարան, որպեսզի Լ. Խաչատրյանի հողի օգտագործման պայմանագիրը վաղաժամկետ լուծարի եւ նրան վտարի ինքնակամ շինությունից: Պայմանագիրը լուծարվում է, սակայն վտարման մասով դատարանը հիմքեր չի գտնում՝ հայտնելով, որ քաղաքապետարանը իրավասություն չունի, քանի որ այդ հողատարածքը քաղաքապետարանի հաշվեկշռում չէ: Նշենք, սակայն, որ Լ. Խաչատրյանը մինչ օրս առանց որեւէ իրավունքի բնակվում է այդ հասցում եւ հարեւան Լ. Ջամվելյանին արգելում է օգտագործել խոհանոցը, ցախանոցն ու զուգարանը, դրանք երկաթյա փականներով փակված են:

Նշենք, որ այս գործով այլ անհասկանալի երեւույթներ էլ են եղել. օրինակ՝ համատեղ օգտագործվող տարածքների համար տեղի ունեցող վեճերից մեկի ժամանակ, երբ Լ. Խաչատրյանի եղբոր եւ Լ. Ջամվելյանի միջեւ նույնիսկ ծեծկռտուք է եղել, չգիտես ինչու՝ այս գործը լսվել է գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել