Այդպես էլ անհայտ է մնում, թե Շիրակի մարզպետարանն ո՞ւմ կամ ինչի՞ վրա է ծախսել 70 միլիոն դրամը
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը դեռեւս անցած տարի դատի էր տվել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին՝ պահանջելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչի՞ վրա են ծախսվել «Այլ նպաստներ բյուջեից» տողով մարզպետարանին հատկացվող գումարները: Հիշեցնենք, որ պետական բյուջեից սոցիալապես անապահով քաղաքացիներին օգնելու նպատակով 2005, 2006, 2007թթ.-ին բոլոր մարզպետարաններին հատկացվել էր 10-ական միլիոն դրամ, իսկ 2008, 2009, 2010 թթ.-ին՝ 20-ական միլիոն դրամ: Լ. Բարսեղյանի՝ Լիդա Նանյանին ուղղված հարցումը վերաբերել էր 5 տարվա ընթացքում մարզպետարանի կողմից ծախսված 70 մլն դրամին, բայց քանի որ տիկինը կտրականապես հրաժարվել էր «հաշվետվություն» ներկայացնել «Ասպարեզին»՝ գտնելով, որ դա անձնական գաղտնիք է, ժուռնալիստների ակումբը դիմել էր դատարան: Այդ ընթացքում Լիդա Նանյանին պաշտոնանկ էին արել, նոր մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ անցած տարվա հունիսին դատարանում հաշտության համաձայնագիր էր կնքել՝ պարտավորվելով մինչեւ հուլիսի 1-ը տրամադրել «Ասպարեզին» հետաքրքրող տեղեկությունները: Սակայն, Լ. Բարսեղյանի ներկայացմամբ, մինչ օրս խոստացված տեղեկությունները չեն տրամադրվում: «Մի քանի անգամ զանգեցի, աշխատակազմին հիշեցրի հաշտության համաձայնագրի մասին, ի դեպ՝ հաշտության համաձայնագիրը վճռի մաս է, կատարելու պարտավորություն ունեն, բայց մինչեւ հիմա չեն կատարել: Առաջին նամակիս ի պատասխան՝ ինձ տրամադրեցին ներկայացուցչական ծախսեր հոդվածով արված գնումները, սա էլ էի հարցրել, 300 000 դրամ, թեյ են առնում, սուրճ են առնում եւ այլն, ումի՞ց են առել, ե՞րբ, ինչքա՞ն, սրան էլ նախկինում չէր պատասխանել Լիդա Նանյանը: Ինձ գրություն ուղարկեցին, թե ձեր հարցրած ֆինանսական օգնությունների թվաբանությունը տեղադրված է մարզպետարանի վեբ-կայքում, ես բացում եմ վեբ-կայքը, այնտեղ տեղադրված է միայն 2005, 2006, 2007-ինը, Ռոմիկ Մանուկյանի ժամանակաշրջանը եւ 2007թ.-ի 2-րդ կեսը՝ Նանյանի հատկացումները, իսկ 2008, 2009 թթ.-ին Լիդա Նանյանի կատարված հատկացումները չկան տեղադրված կայքում: Պարտավոր չէի կայքից քաշել, բայց քաշեցի, տեսա՝ 30 էջը այնքան վատ էր պատճենված, որ ընթեռնելի չէր»,-մեզ հետ զրույցում ասաց Լ. Բարսեղյանը:
Ըստ նրա, ինքը նորից դիմում է գրել Գիզիրյանին՝ հիշեցնելով հաշտության համաձայնագրի մասին, սակայն մարզպետի քար լռությունից հետո «Ասպարեզի» նախագահը ստիպված է եղել դիմել ԴԱՀԿ-ի օգնությանը. «ԴԱՀԿ-ն ինձ այդպիսի էլեկտրոնային տարբերակով բերեց 2008-2009 թթ.-ի հատկացումները, որոնց մեջ եւս կան անընթեռնելի էջեր, եւ այդ բոլոր տեղեկությունների մեջ նշված է միայն ֆինանսական օգնությունը ստացողի անուն-ազգանունը եւ գումարի չափը, իսկ մեր մյուս հարցերը, թե ո՞ր հասցեում է բնակվում տվյալ անձը եւ ի՞նչ նպատակով է հատկացվել օգնություն, չկա գրված»: Նկատենք, որ տիկին Նանյանը հատկացումներ է արել այն մարդկանց, որոնց անուն-ազգանունները տառացիորեն համընկնում են մարզպետարանի աշխատակիցների անուն-ազգանուններին: Լ. Բարսեղյանի խոսքերով, ինքն այս տարվա հունվարին նոր հարցում է ուղարկել նոր մարզպետին՝ 2010թ.-ի հատկացումների վերաբերյալ: Հետաքրքիրն այն է, որ Գիզիրյանը հստակ տեղեկատվություն է տրամադրել իր հատկացումների մասին, իսկ այն մասը, որը վերաբերել է Լ. Նանյանին՝ դարձյալ կոծկել է: «Համառորեն չեն ուզում տրամադրած լինել, եւ ես հասկանում եմ, որ չարաշահումներ կան, Նանյան Լիդայի ժամանակ մի հատկացում կար, 1 մլն ու կես դրամ մի հոգու էր հատկացրել, ընդհանրապես միջին հատկացումները մեր մարզի դեպքում 30000-40000-50000 դրամի չափով են, 20000 դրամ էլ կա, մի քիչ ավելի էլ կա: Էդ մարդու անուն-ազգանունը չեմ ուզում ասել, որովհետեւ կարող է տվյալ անուն-ազգանունով ուրիշ մարդ էլ լինի, վեճ չառաջանա, բայց եթե էդ մարդու հասցեն ինձ տան, կիմանանք, թե ո՞նց է եղել, որ 6 տարում միջին հաշվով մարդա տվել են 50000 դրամ, իսկ էս մարդուն մեկ ու կես միլիոն դրամ»,- ասում է Լ. Բարսեղյանը՝ պարոն Գիզիրյանին հիշեցնելով, որ դատարանի վճիռը չկատարելու համար վերջինս կտուգանվի 250 000 դրամով, իսկ 3-րդ անգամ չկատարելու դեպքում նրա դեմ քրգործ կհարուցվի: Ի դեպ, փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Շիրակի մարզպետից, սակայն երեկ նա տեղում չէր, մեզ մարզպետարանից խորհուրդ տվեցին զրուցել աշխատակազմի կամ իրավաբանական վարչության պետի հետ, սակայն նպատակահարմար ենք գտնում լսել Աշոտ Գիզիրյանին: