Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ

Մարտ 02,2011 00:00

Ու միայն դրանից հետո քվեարկության կդրվի ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու  մասին որոշման նախագիծը:

Խորհրդարանը երեկ արտահերթ քննարկեց ՀՅԴ խմբակցության կողմից հրատապ համարված «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որի վերաբերյալ դրական եզրակացություն չէր ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:

Հիմնական զեկուցողը՝ Վահան Հովհաննիսյանը, ելույթում տեղեկացրեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նպատակը կլինի ուսումնասիրել հանրապետությունում գազամատակարարման համակարգի գործունեությունը, հատկապես գազի սակագինը, գնագոյացման մեխանիզմները, եւ խորհրդարանին ներկայացնել եզրակացություն. «Մենք, սիրելիներս, երեւի մոռացել ենք մեր դերը, մոռացել ենք՝ մեզ ինչի համար են ընտրել. միայն սեղմելու համար չէ, օրենք անցկացնելու կամ օրենքի շուրջ բանավիճելու: Մենք ունենք վերահսկողական գործառույթ, կամավոր հրաժարվո՞ւմ ենք այդ գործառույթից: Ես չեմ հրաժարվում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը ելույթում արտառոց համարեց, որ այդ քննարկման ժամանակ բացակայում էր կառավարության ներկայացուցիչը. «Կարծում եմ, որ այստեղ միտումնավորություն կա, որ կառավարությունը չի մասնակցում, եւ սա շատ տխուր երեւույթ է: Այս վերաբերմունքը համարում եմ անպատասխանատու եւ խնդրից խուսանավելու միջոց»: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց, թե կառավարության ներկայացուցչին չեն հրավիրել, քանի որ նրա ներկայությունը որոշ մարդկանց կողմից կարող էր համարվել ճնշում ԱԺ որոշման վրա. «Այնպես չէ, որ իրենք արհամարհել՝ չեն եկել»:

Շուրջ 45 րոպեանոց քննարկումից հետո, որին մասնակցեցին միայն ՀՅԴ եւ ՕԵԿ պատգամավորները, ու նաեւ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վարդան Այվազյանը՝ Վահան Հովհաննիսյանն առաջարկեց որոշման նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ հաջորդ քառօրյա. «Դա հնարավորություն կտա այդ ժամանակամիջոցում առնվազն հասկանալ՝ ինչ է նախատեսվում անել եւ, ըստ դրա, գնալ այդ քվեարկության»:

Իսկ հայտարարությունների ժամին Վահան Հովհաննիսյանն ասաց. «Գոհունակությամբ նշում եմ, որ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ՝ Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնություն ձեռք բերվեց՝ կազմակերպելու լսումներ: Լսումներ, որոնք տեղի կունենան մինչեւ հանձնաժողովի ստեղծման հարցը քվեարկության փուլ վերադառնալը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել