Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՄՈՌԱՑՎԵԼ

Մարտ 02,2011 00:00

\"\"Դրանք հիշեցնում է ԵԽԽՎ-ում 2003-2007-ին Հայաստանի պատվիրակությունը գլխավորած, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

– Ակնհայտ է, որ ԵԽԽՎ 1416 բանաձեւի վերաբերյալ Ձեր եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկա ղեկավարի դիրքորոշումները տարբեր են: Դուք նշում եք այդ բանաձեւում մի կարեւոր դրույթի առկայությունը, իսկ նա՝ այդ բանաձեւի կետերի վտանգավորությունը ու նաեւ այն, որ «այդ բանաձեւը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքական շրջանակներում հիմնականում առաջացրեց անբավարարություն ու չսքողված ցավ, իսկ Ադրբեջանում՝ աննախադեպ ցնծություն»: Համաձա՞յն եք:

– Թեեւ սովորաբար նախընտրում եմ անդրադառնալ ոչ թե ուրիշների «գնահատականներին», այլ փաստերին ու իրադարձություններին, այս անգամ ստիպված եմ դա անել, քանի որ խոսքը վերաբերում է Արցախին ու կարող է թյուր կարծիք ստեղծել տեղի ունեցածի մասին: Ցավոք, ոչինչ կոնկրետ չի մատնանշվում, սոսկ նշվում է «արձագանքների» սեփական ընկալումը: Ինձ համար փաստաթուղթ գնահատելու չափանիշ չէ Ադրբեջանի ո՛չ ցնծությունը, ո՛չ ողբերգական արձագանքները՝ հետեւաբար դրան չեմ անդրադառնա:

Մինչ Հայաստանի եւ Արցախի «քաղաքական շրջանակներին» անդրադառնալը. նշեմ, որ իմ խոսքից «մեջբերում անելով» պրն Հարությունյանը կոպտորեն աղավաղել է այն: Դատեք ինքներդ: Ես ասել եմ. «Ոչ միայն կողմ եմ եղել, որ ընդունվի այդ բանաձեւը, որտեղ հստակորեն արձանագրվում է, որ ԼՂՀ-ն կարող է անջատվել Ադրբեջանից, այլեւ դրա համար շատ ջանքեր եմ գործադրել եւ, …հպարտ եմ, որ կարողացել եմ դա անել հանուն Արցախի»: Մինչդեռ «մեջբերման» մեջ նա բաց է թողել ընդգծված արտահայտությունը՝ լիովին աղավաղելով միտքը: Ակնհայտ է, որ քվեարկության դրդապատճառը դուրս թողնելով «մեջբերումից»՝ փորձ է արվել ձեւավորել թյուր պատկերացում:

Քաղաքական շրջանակների մասին: Ինչպես երեւում է՝ պրն Հարությունյանի պատկերացումը դրա մասին շատ յուրօրինակ է, եւ հավանաբար այն չի ներառում ՀՀԿ-ն, որին անդամակցել է մի քանի տարի առաջ: Այլ կուսակցությունների վերաբերյալ փաստեր չեմ բերում՝ խնայելով տեքստի ծավալը: Սակայն չեմ կարող պրն Հարությունյանին չհիշեցնել, թե 2005 թվականին ԱԺ-ում անցկացված լսումների ժամանակ բանաձեւի այդ կարեւորագույն դրույթի մասին ինչ է ասել հիմնական զեկուցողներից մեկը՝ ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը. «Առաջնորդվելով մեր ազգային եւ համաեվրոպական շահերով՝ մենք պետք է օգտագործենք ԵԽԽՎ հունվարի 25-ի 1416 բանաձեւի մի շարք կոնկրետ ձեւակերպումներ՝ այդ թվում եւ այն պնդումը, որ պետությունից (Ադրբեջանից) տարածքների (Լեռնային Ղարաբաղի) անջատման կամ անկախացման հարցը կարող է լուծվել օրինապատշաճ եւ խաղաղ գործընթացի միջոցով՝ տվյալ տարածքի բնակչության կողմից ժողովրդավարական աջակցության հիման վրա»: Ստիպված եմ մեկ փաստ էլ նշել Արցախի քաղաքական շրջանակներին առնչվող՝ հայցելով ընթերցողի ընկալումը: 1416 բանաձեւի ընդունումից կարճ ժամանակ անց Արցախի պետականության կայացման եւ հիմնախնդրի կարգավորման հարցում ունեցած ներդրման համար Ստեփանակերտում պարգեւատրվել եմ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: «Ցավի ու անբավարարվածության» շատ յուրահատուկ ձեւ է:

– Ի հակադրություն Ձեր պնդման, թե ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովում պետք է ընդամենը զեկույցներ ներկայացվեին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրենց երկրների կառավարությունների գործողությունների վերաբերյալ՝ Դավիթ Հարությունյանը հիշեցրել է. «Պրն Թորոսյանը թաքցնում է, որ հանձնաժողովի այդ գործառույթը փոխվեց Վեհաժողովի կողմից 2006 թվականի ապրիլին,… երբ Վեհաժողովը հաստատեց բյուրոյի առաջարկությունը, որով փոխվեց ա. հանձնաժողովի կազմը, եւ բ. հանձնաժողովին վերապահելով ավելի լայն գործառույթ»: Դուք դրան կողմ եք քվեարկել. կբացատրե՞ք, թե ինչու:

– Շատ ափսոսում եմ, որ պրն Հարությունյանն ամեն կերպ փորձում է նենգափոխել իրողությունները: Հիշեցնեմ, որ նա դա ասել է ի պատասխան Ձեր հարցադրման, որ ես պնդում եմ, թե «2,5 տարվա ընթացքում այդ հանձնաժողովը որեւէ ձեւով չի խոչընդոտել խնդրի կարգավորմանը»: Չի բերվել գոնե մեկ փաստ, որը ցույց կտար այդ պնդման սխալ լինելը: Ճիշտ հակառակը, նշելով, որ այդ «հանձնաժողովը ձախողվել է», նա հաստատում է այդ պնդումը: Սակայն դժգոհում է նաեւ «ձախողումից»: Եթե հիշում եք, 1 տարի առաջ պատվիրակության նպատակ էր հայտարարվել հանձնաժողովի գործունեության վերսկսման խոչընդոտումը: Ստացվում է, որ եթե այն ժամանակ ձախողվել է՝ վատ է, եթե իրեն հաջողվեր ձախողել, լա՞վ կլիներ: Անդրադառնամ բյուրոյի առաջարկությանը, որն իբր ես «թաքցրել» եմ: Իհարկե, նման առաջարկություն եղել է. Վեհաժողովը որոշում ընդունել է եւ այն վերաբերել է հանձնաժողովի գործառույթներին ու կազմին: Սակայն նախ պետք է հիշեցնեմ, որ երբ ես պատվիրակության ղեկավար էի՝ ԱԺ կայքում հրապարակվում էին Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ բանաձեւերն ու Եվրոպայի խորհրդից ստացվող բոլոր կարծիքները մեր օրենքների նախագծերի մասին: 2-րդ, Ստրասբուրգ մեկնելուց առաջ եւ հետո մշտապես հանդիպումներ էին լինում լրագրողների հետ ու ներկայացվում էին փաստաթղթերը: 2006-ին այլ հարցերի հետ ներկայացրել եմ նաեւ հանձնաժողովի կազմին ու գործառույթներին վերաբերող նոր մոտեցումները: Ավելի՛ն, այն հարցազրույցը, որի առնչությամբ պրն Հարությունյանն արել է իր հարցադրումները՝ նույնպես պարունակում է հղում այդ փաստին: Այնտեղ պարզորոշ նշված էր. «Մեկ տարի անց հաջողվեց փոխել ենթահանձնաժողովի կազմը, դուրս թողնելով այն երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որոնք ուղիղ առնչություն չունեին կարգավորման գործընթացի հետ, մասնավորապես, Շվեդիայի պատվիրակության ղեկավար Լինդբլադին»: Ավելի մանրամասն՝ կազմի մասին: Պետք է խոստովանեմ, որ շատ ջանքեր պետք եղավ գործադրել, որ փոխվի հանձնաժողովի կազմավորման սկզբունքը: Արդյունքում ոչ միայն էապես կրճատվեց կազմը, դուրս մղվեցին Թուրքիայի պատվիրակության ղեկավարը եւ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահը՝ Թուրքիայի պատվիրակ Աբդուլկադիր Աթեշը, այլեւ մի շարք պատվիրակությունների ղեկավարներ, որոնք ադրբեջանամետ դիրքորոշում ունեին (Գերմանիա, Իտալիա, Շվեդիա): Ըստ նոր սկզբունքի՝ հանձնաժողովի կազմը ստացավ շատ պարզ տեսք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները եւ մեկական ընդդիմադիր պատգամավոր, այդ երկու երկրների վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողները (Հայաստանի դեպքում՝ Յասկերնիան եւ Էլոն, որոնք ԼՂ հարցում պաշտպանում էին մեր դիրքորոշումները), հանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել-Ջոնսթոնը, եւ Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած անձանց մասին զեկույցի հեղինակ Լեո Պլատվոետը, որի վերաբերմունքը ԼՂ խնդրին ակնհայտորեն ցույց է տալիս թեկուզ այն հանգամանքը, որ ներկայացրել է բացարձակ անաչառ զեկույց, դրվատանքի խոսքեր գրել այդ հարցերով զբաղվող ԼՂ կազմակերպության մասին, եւ այցելել է Արցախ՝ ի տարբերություն ԵԽԽՎ բազմաթիվ պատվիրակների: Դժվա՞ր է տեսնել, որ կազմի փոփոխությունը մեզ համար եղել է բացահայտորեն բարենպաստ: Մի՞թե նման փոփոխություններին պետք էր քվեարկել դեմ:

Հանձնաժողովի գործառույթների մասին: Երբ ընդունվեց 1416 բանաձեւը՝ ինչպես գրեթե բոլոր բանաձեւերում, վերջին կետում արձանագրվեց, որ Վեհաժողովը շարունակելու է դիտարկումն այս հարցի հետ կապված եւ դրան կանդրադառնա 2006-ին: Քանի որ ԼՂ վերաբերյալ զեկույցը ներկայացրել էր Քաղաքական հարցերի հանձնաժողովը՝ Վեհաժողովը պիտի վերջում նշեր, թե այդ հանձնաժողովն էլ ներկայացնելու է հաջորդ զեկույցը, ինչը, իհարկե, մեզ համար շատ անցանկալի էր: Հիշեցնեմ, որ հանձնաժողովի նախագահն Աթեշն էր, որը շատ էր երազում նոր զեկույց ներկայացնել Արցախի վերաբերյալ: Սակայն հաջողվեց հասնել այն բանին, որ բանաձեւում չնշվեց, թե ով պետք է իրականացնի բանաձեւի կատարման վերահսկողությունն ու հաջորդ զեկույցը ներկայացնի, պայմանով, որ ԵԽԽՎ-ն հետագայում նորից կանդրադառնա դրան: 2006-ին հաջողվեց հասնել նրան, որ ԼՂ հարցն ընդհանրապես չքննարկվեց Վեհաժողովի լիագումար նիստում: Բայց ԵԽԽՎ-ն ի վերջո բանաձեւի կատարման դիտարկումը պետք է հանձնարարեր կա՛մ Քաղաքական հարցերի հանձնաժողովին, կա՛մ ժամանակավոր հանձնաժողովին: Դժվար չէ տեսնել, որ վերջինը նախընտրելի էր մեզ համար, եւ այդպես էլ արվեց: Բանաձեւով սահմանված գործառույթից բացի՝ հանձնարարվեց նաեւ այդ՝ Վեհաժողովի ավանդական խնդիրը: Հիշեցնեմ, որ դրանից հետո էլ 1 տարուց ավելի կար հանձնաժողովը, եւ այն որեւէ ձեւով չի խոչընդոտել Մինսկի խմբի աշխատանքներին: Ավելի՛ն, եղել է միջոցառում Մինսկի խմբի մասնակցությամբ: Ես պնդում եմ, որ բանաձեւում չկա որեւէ կետ, որի վերահսկողությունը կարող է խանգարել ԼՂ հակամարտության կարգավորմանը, եթե հանձնաժողովը գործի իր գործառույթների շրջանակում:

– Ընդամենը մի կետ վկայակոչեմ, որով Վեհաժողովը մատնանշում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը եւ դրանցում նշված կողմերին կոչ է անում իրականացնել դրանք, մասնավորապես «դուրս բերելով զինված ուժերն օկուպացված որեւէ տարածքից»:

– Դա հանձնարարական չէ, այլ վերաբերմունք ՄԱԿ ԱԽ բանաձեւերին: ԵԽԽՎ-ն դիտարկում է անում իր հանձնարարականների հետ կապված: Ի դեպ, հենց այդ բանաձեւերի եւ «գրավյալ տարածքների» հիշատակումն է 1416 բանաձեւում ժամանակին առաջացրել որոշ դժգոհություններ: Բայց հիշեցնեմ, որ այդ ձեւակերպումներն ընդունվել են այլ կազմակերպություններում ու կրկնվել են 12 տարի շարունակ եւ չէին կարող չհիշատակվել բանաձեւում: Ավելի՛ն, դա որեւէ արժեք չունի այն բանի համեմատ, որ բանաձեւն առաջին փաստաթուղթն էր, որտեղ արձանագրվում էր, որ Արցախը կարող է անջատվել Ադրբեջանից: Ու նաեւ այդ բանաձեւի շնորհիվ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը ճանաչվեց ինքնորոշման իրավունքը:

Ինչպես նախկինում եմ բազմիցս ասել՝ կրկնեմ, ցանկություն չունեմ անդրադառնալու ներկայիս պատվիրակության աշխատանքին: Բայց երբ փորձ է արվում գլխիվայր շուռ տալ այն, ինչ եղել է՝ չեմ կարող չարձագանքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել