Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՇԻ՞ՐԸ» ՊԵՏՔ Է ԿՐԿԵՍԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԻ

Մարտ 02,2011 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը համաձայնագիր են ստորագրել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակում նախատեսվում է լայնածավալ ներդրումային ծրագրեր իրականացնել մայրաքաղաքում: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Հաղորդագրության մեջ, որը ստացել ենք, նշված է նաեւ, թե հատկապես որտեղ պետք է ներդրումներ անի Սամվել Կարապետյանը: Այսպես, տեղեկանում ենք, որ նախատեսվում է Երեւանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց, ավարտին հասցնել «Դալմա Գարդեն» առեւտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առեւտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել եւ արդիականացնել Երեւանի կրկեսը: Ծրագրերի շրջանակում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է ավելի քան 600 նոր աշխատատեղերի ստեղծում՝ սպասարկման ոլորտում։ Այստեղ միայն մի հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է «Տաշիր գրուպը» վերակառուցի եւ արդիականացնի ուրիշի սեփականությունը: Խոսքը տվյալ դեպքում Երեւանի կրկեսի մասին է, որը դեռ 2005-ին 150 մլն դրամով սեփականաշնորվեց Սոս Պետրոսյանին: Ճիշտ է, այդ ժամանակվանից հետո պարբերաբար դժգոհություններ են հնչել կրկեսի անմխիթար վիճակի մասին, այն մասին, որ կրկեսը լուրջ ներդրումների կարիք ունի: Հիշեցնենք, որ երբ պարոն Պետրոսյանը սեփականաշնորհեց կրկեսը վերը նշված գումարով, նաեւ 650 մլն դրամի ներդրումներ էր խոստացել անել, սակայն առայժմ որեւէ ակնառու ներդրում կարծես արված չէ: Եվ այդուհանդերձ, մի քիչ տարօրինակ է, որ որեւէ անձի սեփականություն հանդիսացող օբյեկտում վերանորոգման եւ արդիականացման պարտավորություն է ստանձնում մեկ այլ ընկերություն, ընդ որում՝ քաղաքապետարանի դրդմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել