Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում հնչած ու չհնչած հայտարարություններից

Մարտ 02,2011 00:00

«Ժառանգության» բոյկոտի հետեւանքով երեկ մարտի 1-ի մասին ԱԺ-ում հայտարարություններ արեցին միայն ՀՀԿ-ականները:

Խորհրդարանը երեկվա նիստի սկզբում՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ, մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը:

ԱԺ հայտարարությունների ընթացքում մարտի 1-ին անդրադարձան ՀՀԿ պատգամավորները: Մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այդ իրադարձությունները երեւան հանեցին վրեժխնդրության եւ քաղաքական նիհիլիզմի այնպիսի չափաբաժին, որը հասարակությանը կանգնեցրեց պառակտման եզրին: Նախագահական ընտրություններին հետեւած իրադարձություններն առավել ցայտուն ցուցադրեցին պետական ու քաղաքական ինստիտուտների ոչ լիարժեք կայացվածությունը: Հարկ է նշել, որ ընտրական համակարգի, քաղաքական ուժերի, մամուլի, հավաքների, ինչպես նաեւ այլ ազատությունների ոչ լիարժեքությունն էր, որ հնարավորություն տվեց գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը: Կարծում ենք, որ եթե ավելի զարգացած լինեին քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ավելի պատասխանատու լինեին որոշ քաղաքական ուժեր, ավելի արհեստավարժ եւ տեխնիկապես հագեցված լիներ իրավապահ համակարգը՝ հնարավոր կլիներ կանխարգելել այդ ցավալի դեպքերը: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը՝ վերջնականապես չանցնելով պառակտման գիծը»:

Իսկ Արտակ Զաքարյանն իր հայտարարության ընթացքում նշեց. «Համազգային զարթոնքից 20 տարի անց մոլորության ճանապարհով փորձ էր արվում հային հանել մեկ այլ հայի դեմ, «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» թշնամանք հրահրող բանաձեւով: Իսկ արդյոք դա՞ է քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհը, որի համար եւս պետք է հատուցենք, թե՞ դա արդարացվում էր իշխանության համար մղվող պայքարով»:

Քանի որ «Ժառանգության» պատգամավորներն առկախել են իրենց մասնակցությունն ԱԺ աշխատանքներին՝ չէին մասնակցում նաեւ երեկվա նիստին: Սակայն ԶԼՄ-ներին են տրամադրել այն հայտարարությունները, որոնք նախապատրաստել էին հնչեցնել: Ահա թե մասնավորապես ինչ էր պատրաստվել ասել Անահիտ Բախշյանը. «Եթե հնարավոր լիներ, հիշողությունիցս կջնջեի 2008-ի մարտի 1-ը: Դա այն օրն էր, երբ ես ամբողջ էությամբ զգացի իշխանությունների վայրագությունը՝ անցած լինելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի պետական մասշտաբի ոճրագործության ու դավաճան դատավարության բովով: Տեսա, թե ինչպես իշխանությունը՝ խիղճ ու ամոթ կորցրած, ժողովրդին գնդակահարելու համար օգտագործեց ոստիկանությունն ու բանակը: Երբ կանգնած էի ոստիկանության ու ժողովրդի միջեւ, տեսա դիմակավորված մարդասպաններին, որոնց դիմակների տակից միայն արյունախում աչքերն էին երեւում, որոնց մանկուրտային ուղեղներում դրված էր միայն մի ծրագիր՝ սպանել եւ ամեն գնով պաշտպանել իրենց տերերին: Դա մի հրեշավոր հանցագործություն էր սեփական ժողովրդի դեմ՝ ամեն գնով պաշտպանելու իշխանությունը: Ազգային բանակը, որի կոչումը արտաքին թշնամիներից երկրի սահմանների պաշտպանությունն է, երկրորդ նախագահի կողմից օգտագործվեց երրորդ նախագահի ընտրված լինելուն չհավատացող, բողոքով փողոց ելած հասարակության դեմ՝ այն դեպքում, երբ ընտրակեղծիքների մասին փաստերը ճչում էին: Արդարությունը, պետական շահը, Սահմանադրությունը հերթական անգամ խեղդվեցին արյան մեջ: Գործող նախագահի երդման արարողությունը տեղի ունեցավ 10 անմեղ երիտասարդ զոհերի 40-օրյա սուգի օրը:

Եթե երկրորդ նախագահը բանակն ու ոստիկանությունը չհաներ ընդվզող ժողովրդի դեմ, հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենար ժողովրդի ըմբոստությունը, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 26-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքի ժամանակ, ցույց տվեց իշխանության չափազանց խարխուլ հիմքերը, որն ամրապնդեցին 10 անմեղ քաղաքացու արյան ու հարյուրավոր վիրավորների առողջության գնով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել