ՀԱԿ-ի հանրահավաքն անցավ առանց լուրջ միջադեպերի
Երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած եւ 2008թ. մարտիմեկյան դեպքերի 3-ամյա տարելիցին նվիրված հանրահավաքը: Ու թեեւ հանրահավաքից դեռ մի քանի օր առաջ էին հայրենի «իրավապահները» սկսել ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում այդ ակցիայի պոտենցիալ մասնակիցների հետ հատ-հատ «բացատրական» աշխատանք տանել, նաեւ վերահսկողության տակ առել մարզային հասարակական տրանսպորտի աշխատանքն ու փակել դեպի Երեւան բերող մայրուղիները, այդուհանդերձ, երեկվա հանրահավաքը աննախադեպ մարդաշատ էր, կուտակումներ կային նաեւ «Նաիրի» կինոթատրոնի եւ հանդիպակաց մայթերին: Ընդդիմության հաշվարկով՝ երեկվա հանրահավաքին մասնակցում էր շուրջ 50 հազար մարդ: Սա այն դեպքում, երբ դեռ ցերեկը ոստիկանությունն ի ցույց բոլորի եւ, թերեւս, հանրահավաքի մասնակիցների աչքը վախեցնելու նպատակով ակցիաներ էր արել՝ Երեւանի փողոցներով անցել էին ոստիկաններ տեղափոխող մի քանի ավտոբուսներ, ջրցան ու փշալարեր տեղափոխող մեքենաներ:
Ինչ վերաբերում է բուն հանրահավաքին, ապա այն անցավ չափազանց մեծ ոգեւորության պայմաններում, եւ բողոքի ակցիայի մասնակիցները ժամանակ առ ժամանակ ու առանց ընդդիմության առաջնորդների հուշման պարբերաբար վանկարկում էին հատկապես հայրենի իրավապահներին ու ՀՔԾ-ին դեռ 2008-ին այդքան սարսափեցրած «Հիմա» կարգախոսը:
Պարզ էր, որ երեկվա հանրահավաքում ելույթների հիմնական առանցքը լինելու էր մարտիմեկյան ողբերգությունը: Հանրահավաքի բացման խոսքում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը անուն առ անուն հիշատակեց մարտիմեկյան, Ա. Մանուկյանի ասելով՝ ժողովրդավարության համար նահատակվածների անունները, որոնց հիշատակը հավաքվածները հարգեցին լռությամբ ու բռունցքները վեր պարզած: Ա. Մանուկյանն ասաց, թե ժողովուրդը, ընդդիմությունը չեն հանգստանալու մինչեւ իրենց ձեռքով «Մարտի 1»-ի էջը չփակեն՝ մինչեւ բանտերում չհայտնվեն կրակողները, սադրիչները, սպանդը կազմակերպողները, ֆինանսավորողները, մեր երկրի ժողովրդավարացումը կասեցնողները. «Ոչ մեկը չի հանգստանալու, մինչեւ մեր բոլոր տղերքը բանտերից ազատ չարձակվեն ու չպատժվեն բոլոր այն դատավորներն ու դատախազները, կեղծ ցուցմունք տվող այն ոստիկանները, բոլոր այն կատարածուները, որոնց պատճառով մեր երկիրը հայտնվել է այս վիճակում: «Մարտի 1»-ի էջը փակելու ենք մենք, ու երբ կասենք՝ փակվել է, այն ժամանակ փակված կլինի: Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կվերադառնա ժողովրդավարական ուղի»:
Հանրահավաքում ելույթ ունեցավ մարտիմեկյան զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը, որին հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին: Սարգիս Քլոյանն ասաց, թե «Մարտի 1»-ին իրենց երեխաները զոհվեցին հանուն արդարության եւ ազատության եւ «զոհվեցին հայկական բանակի, ոչ բարով, գերագույն հրամանատարների, բանակի սպայի հրամանով ու հայ զինվորի դավադիր ձեռքով»: «Նրանք (զոհերը) որպես մատաղացու մատուցվեցին ոչընտիր նախագահի, իշխանագողի սեղանին: Մեր տղաների արյամբ է օծված Սերժիկի, նրա խոնարհ ծառա օլիգարխների, իշխանական կոալիցիայի, պնակալեզ մտավորականների օգնությամբ մեր ժողովրդից խլած գահը»,- հայտարարեց Ս. Քլոյանը՝ հավելելով, որ «Մարտի 1»-ի պատասխանատուն նաեւ այդ մարդիկ են: Նա ասաց, թե հանրահավաքին մասնակցում է իր ու մյուս զոհերի ծնողների անունից հայտարարելու համար, որ «մենք մեր ձայնն ենք միացնում ավազակապետության դեմ պայքարի ձայնին, որ օր առաջ այդ մարդակեր իշխանիկները հեռանան թատերաբեմից ու կրեն իրենց արժանի պատիժը»:
Երեկվա հանրահավաքը նախորդներից առանձնացավ նրանով, որ այս անգամ ելույթ ունեցավ երբեք հարթակից հանդես չեկած, ՀՀ ՊՆ ու ՆԳ նախկին փոխնախարար, «Փաստահավաք խմբի» նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը: Նա նախ՝ հիշեց, որ մինչեւ մարտիմեկյան սպանդը՝ մարտի 1-ը գարնան առաջին օրն էր, որը մեզ բերում էր նոր հույսեր, նոր ուժ ու զարթոնք: Իսկ ահա 2008-ից հետո, երբ առաջին անգամ իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա, մարտի 1-ը դարձավ «սպանդի, ամոթի, վարչախմբի վերջնական բարոյալքման խորհրդանիշ, համաժողովրդական ռեժիմը հարամեց մարտի 1-ը՝ սպանելով առնվազն 10 մարդու, հարյուրավորների զնդաններ նետեց, հազարավորներին հալածանքների ենթարկեց, ոտնահարեց մի ողջ ժողովրդի արժանապատվությունը ու զրկեց ազատ ընտրության իրավունքից: Բայց ինչպես տեսնում եք՝ միեւնույն է՝ չհաղթեց նաեւ այն պատճառով, որ չկարողացավ կոծկել կատարած հրեշավոր հանցագործությունները: Չհաղթեց, որովհետեւ մեր ժողովրդի համար անցածը անցյալ չի, քանի դեռ անպատիժ են մնում անմեղ նահատակների արյունը թափած դահիճները»: Նա, իհարկե, խոսեց «Փաստահավաք խմբի» գործունեության, նրա կողմից կուտակած ծանրակշիռ փաստերի ու նաեւ Խմբի հրապարակած հինգ զեկույցների մասին, պնդելով, թե հենց առաջին զեկույցից հետո՝ հասկանալով Խմբի գոյության վտանգավորությունը, իշխանություններն անհեթեթ պատճառաբանությամբ լուծարեցին այն: «Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ Խմբի կողմից բացահայտված է, թե ինչպես ու ինչպիսի ուժեր են մասնակցել մարտիմեկյան բռնություններին, փաստարկված են ու ապացուցված բանակի մասնակցությունը այդ դեպքերին, պաշտոնյա օլիգարխների կողմից ձեւավորված հանցավոր խմբերի գործունեությունը, ոստիկանական ուժերի կողմից կիրառված բռնությունների բոլոր մանրամասները: Ավելին, 10-ից 5 սպանության վերաբերյալ մեր զեկույցներում ծանրակշիռ փաստերը հնարավորություն էին տալիս պատկան մարմիններին կարճ ժամկետներում բացահայտել այդ սպանությունների հանգամանքներն ու կատարողներին: Սակայն դա էլ չարվեց»,- արձանագրեց Ա. Քոչարյանը՝ հավելելով, թե դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ սեփական քաղաքացու կյանքը ոչ մի արժեք չունի այս վարչախմբի համար: «Ավելին, հերքվեցին իշխանությունների բոլոր անհեթեթ հիմնավորումները, թե ցուցարարները զինված գործողություններ էին նախապատրաստում, կուտակել եւ կիրառել էին հրազեն եւ պայթուցիկ միջոցներ: Վարչակազմի այդ պնդումները սուտ էին»,- ասաց Ա. Քոչարյանը՝ հաստատված համարելով բանակի ներգրավումը մարտիմեկյան դեպքերին: Դա հակասահմանադրական գնահատելուց զատ՝ նա կոչ արեց իշխանություններին ու բանակի հրամանատարությանը, որ՝ «այլեւս երբեք, հետագա գործողությունների ընթացքում բանակը հեռու մնա քաղաքական գործընթացներից». «Բանակն ունի միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի բանակը մեր Հայրենիքում չունի»:
Ելույթ ունեցավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը խոսեց արաբական աշխարհում ժողովրդական ընդվզումների, հեղափոխությունների մասին: «Իրականում Հայաստանն այնքան էլ հեռու չէ Աֆրիկայից, որքան թվում է, ու Հայաստանում էլ, ինչպես արաբական պետություններում, կուտակվել են համակարգային լուծումներ պահանջող խնդիրներ: Հայաստանում էլ արաբներից պակաս հաստատակամ մարդիկ չեն, 2004-ի ապրիլով, 2008-ի մարտով վախները չափած, լավ էլ թրծված ու կոփված, ասելիքն էլ գիտեն, անելիքն ու ժամանակն էլ: Բայց պե՞տք է, որ աշխարհը Հայաստանին էլ ատամի տակ առնի, դատապարտի, սանկցիաներ կիրառի»,- ասաց Ա. Սարգսյանն ու կոչ արեց իշխանություններին՝ գոնե մի անգամ գործով ապացուցել, որ սիրում են այս երկիրն ու ժողովրդին, եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին ու արտահերթ ընտրություններ անցկացնել: «Եթե ոչ՝ ապա թող բժշկություն եւ իրավաբանություն սովորեն՝ դա հետո՝ վերջում իրենց պետք է գալու»,- հայտարարեց Ա. Սարգսյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները մտածելու համար քիչ ժամանակ ունեն, իսկ ժողովուրդն իր հետեւությունն արդեն արել է:
Երեկվա հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ հավաքվածների անունից իշխանություններին ուղղված հայտարարություն կարդաց: Այն քվեարկության դրվեց եւ ընդունվեց, ինչպես Տեր-Պետրոսյանն ասաց՝ գրեթե միաձայն: Հայտարարությունը կարդացեք էջ 9-ում: Հանրահավաքին հետեւեց բազմահազարանոց երթը դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ հանրահավաքի մասնակիցները հարգեցին մարտիմեկյան զոհերի հիշատակը, մոմ վառեցին ու ծաղիկներ դրեցին: Երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում: ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կայանալու է մարտի 17-ին: