Նախկին ԱԻՄ-ականների պատասխանը Հայրիկյանին
«Առավոտ» 23.02.2011թ. համարում տպագրված «Չուղարկված բաց նամակ Հանրապետականներին» հոդվածն արժանացել է նախկին ԱԻՄ-ականների բուռն քննադատությանը: Հիշեցնենք, որ հոդվածում ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի կողմնակից ԱԻՄ-ականները քննադատել էին Հանրապետականներին՝ ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր նիստին Հայրիկյանին չհրավիրելու, դափնիները միայն վաղամեռիկ Աշոտ Նավասարդյանին շնորհելու եւ ըստ այդմ՝ «պատմությունը խեղաթյուրելու» համար: «Առավոտը» «նախկին ԱԻՄ-ականներ» ստորագրությամբ նամակ է ստացել, որում այդ ամենը որակվում է որպես «ինքնահաստատման խնդիր ունեցողի փնթփնթոց» կամ էլ «Հանրապետական կուսակցության քաղաքական կապիտալին տիրանալու փորձ»:
Հոդվածին արձագանքել է նաեւ Աշոտ Նավասարդյանի դուստր Անուշ Նավասարդյանը, ով մի քանի հարց-դիտարկումներ է ուղղել Պարույր Հայրիկյանին: «Սիրելի Պարույր Հայրիկյան, իսկ ինչո՞ւ չեք ասում, որ այն պահին, երբ դուք հորդորում էիք հորս հանրաքվե անցկացնելու եւ Ձեր վերադարձը ԱՄՆ-ից պահանջելու համար նստացույց անել, սահմանամերձ շրջաններում թեժ մարտեր էին ընթանում, եւ Անկախության բանակի կարիքը այնտեղ շատ ավելի մեծ էր, քան Օպերայի բակում: Փոխանակ կարեւորեք այն հզոր գաղափարը եւ դրա իրականացմանը հասնելու՝ ԱՄԿ-ի ծավալած կազմակերպված գործունեությունը, որ իրականացրել եք խորհրդային բռնապետության տարիներին ընդամենը 17-20 տարեկան հասակում, եւ հանուն ազգի ազատագրման անձնական զոհաբերությունները որպես ազգային արժեք ներկայացնեք սերունդներին, այսօր աղաղակում եք, թե հենց Դուք եք ներգրավել Աշոտ Նավասարդյանին ԱՄԿ, ինչի մասին երբեք չի ուրացել եւ իր ելույթներում մշտապես ասել է հենց ինքը՝ հայրս: Թե՞ դուք եք եղել նրա ղեկավարը, Դուք եք թույլ տվել, որ նա երդում տա անմնացորդ նվիրվել Հայրենիքին, եւ, վերջապես, Դուք եք համաձայնություն տվել, որ նա Հանրապետական անունով կուսակցություն ստեղծի: Իմ կարծիքով, շատ ավելի կարեւոր է հորս անդավաճան նվիրումը, քան այն, թե ով ում է ներգրավել, Դո՞ւք՝ հորս, թե՞ Հայկազ Խաչատրյանը կամ Ստեփան Զատիկյանը՝ Ձեզ: Ձեր բոլոր անհաջողությունների եւ դժբախտությունների համար Աշոտին կամ Հանրապետական կուսակցությանը մեղադրելու փոխարեն մի պահ հետ նայեք եւ պարզեք, թե ինչու այն տղաներից, որոնք անվերապահորեն հավատում էին Ձեզ եւ պատրաստ էին ոչ միայն իրենց կյանքը, այլեւ նույնիսկ իրենց ընտանիքները զոհել հանուն Հայրենիքի եւ հանուն Ձեզ, կալանավայրերից վերադառնալուց հետո նրանցից ոչ մեկը չկանգնեց Ձեր կողքին: Հուշե՞մ: Վերցրեք Ձեր տպագիր եւ տեսանյութերը եւ հաշվեք, թե քանի անգամ եք այնտեղ ասում «ես»,- ասված է Անուշ Նավասարդյանի նամակում.- 60-ականների ազգային շարժման ամենաակտիվ գաղափարակիրներից ու ղեկավարներից մեկը սեփական արժեքը հասարակության եւ, որ ամենակարեւորն է, իր իսկ աչքում բարձրացնելու համար «ստիպված է», ինչպես ինքն է ասում, իր մերձավորագույն զինակցի եւ ընկերոջ, իմ հոր՝ Աշոտ Նավասարդյանի մասին «ճշմարտություններ» հրապարակել: Հորս եւ Հանրապետականի մասին Հայրիկյանը բազմիցս առիթներ ունեցել է արտահայտելու իր կարծիքը: Նախ, որ Աշոտին, անկախության հանրաքվե անցկացնելու պահանջով նստացույցին մասնակցելու իր հրամանին չենթարկվելու համար, ազատել է Անկախության բանակի հրամանատարի պաշտոնից, հետո հայտարարում է, որ ՀՀԿ-ն իբր զբաղված է մարադյորությամբ եւ որպես Աստծո պատիժ երեք առաջնորդ է կորցրել, եւ այսպես շարունակ»:
Տիկին Նավասարդյանը հավելել է, որ շատ է զարմացել, երբ «Առավոտի» հրապարակումից իմացել է, որ իր հայրը վերջին ազատազրկումից ժամկետից շուտ վերադարձել է Հայրիկյանի ստեղծած կոմիտեի շնորհիվ. «Մինչ այժմ համոզված էի, թե գորբաչովյան վերակառուցման պատճառով էին բոլոր քաղբանտարկյալներին ազատել սովետական բանտերից»: Ի դեպ, Աշոտ Նավասարդյանը ճամբարից վերադարձած վերջին հայ քաղկալանավորն էր: «Ուզում եմ նաեւ իմանաք, որ երբ Ձեզ հեռուստատեսությամբ ցույց են տալիս, երեխաներս ինձ կանչում են՝ ասելով. «Մամ, արի, պապիկի ընկերոջն են ցույց տալիս»: Պապիկին նրանք, ցավոք, չեն տեսել: Եվ այնուամենայնիվ, ես երեխաներիս թույլ կտամ Ձեզ համարել իրենց պապիկի ընկերը, որովհետեւ նրանց համար հանուն ազգի ազատագրման Ձեր պայքարը սրբազան եւ օրինակելի պետք է լինի, որտեղ անձնական ամբիցիաները երկրորդական են»,- եզրափակում է Անուշ Նավասարդյանը: