Շաբաթ օրը Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի համաժողովը Սարգիս Գրիգորյանին վերընտրեց կազմակերպության նախագահ: Քվեարկությունից առաջ Ս. Գրիգորյանը համառոտ ներկայացրեց 2009/2010 թվականներին ֆեդերացիայի կատարած աշխատանքը: Ու չնայած հաշվետվությունը հակիրճ էր, երեւում էր, որ հանրապետությունում մարզաձեւի պահպանման ու զարգացման ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարվում: Դա արտահայտվել է միջազգային կառույցների հետ կապերի սերտացումով, որի արդյունքում մեկ տարում Հայաստան են այցելել միջազգային ֆեդերացիայի նախագահն ու եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Հայաստանի թիմերը ոչ միայն սկսել են ավելի հաճախ հանդես գալ միջազգային մրցումներում, այլեւ բարձրացնել մարզական արդյունքները: Օրինակ, Իսրայելում «Չելենջ տրոֆ» միջազգային մրցումներին մեր աղջիկների հաջող մրցելույթները, իսկ Վանաձորում անցկացված «Վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարում՝ տղաների ընտրանու գրաված երկրորդ տեղը: Ընդ որում, մերոնք այդ ճանապարհին առաջին անգամ հաղթեցին Իրանի եւ Վրաստանի շատ ուժեղ թիմերին, որոնցից նախորդ տարի խոշոր հաշիվներով պարտություն էին կրել: Արդյունավետ համագործակցություն է հաստատվել հատկապես Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հայկական համայնքների հետ, ինչի արդյունքում մեծ թվով արտասահմանաբնակ հայազգի հանդբոլիստներ այժմ հանդես են գալիս Հայաստանի հավաքականների կազմում, իսկ մերոնք էլ նրանց մոտ համատեղ մարզվելու եւ հանդիպումների մասնակցելու հնարավորություն են ստացել:
Առավել գնահատելի է հանրապետությունում հանդբոլի տարածման ուղղությամբ կատարված աշխատանքը: Բոլոր մարզերում ստեղծվել են տեղական ֆեդերացիաներ, իսկ դրանք ղեկավարող պատասխանատու պաշտոն զբաղեցնող նախագահներն ու ազդեցիկ անձինք ավելի արդյունավետ են կազմակերպում աշխատանքները: Մարզաձեւի զարգացմանը մեծապես նպաստել է վետերանների ներգրավումը: Թվարկումը կարելի է շարունակել, բայց ավելի կարեւոր են ֆեդերացիայի՝ առաջիկա երեք տարվա ծրագրերը, որոնց մեջ Ս. Գրիգորյանը կարեւորում է միջազգային կառույցներին ինտեգրվելը խորացնելը, «Սմարթ» ծրագրով ֆեդերացիայի միջոցներով հանրապետության ամբողջ տարածքում հանրակրթական դպրոցներում հանդբոլի խմբերի ստեղծման աշխատանքների շարունակումը, «Փոքր Մհեր» կրթահամալիրում, ինչպես նաեւ մանկատներում հանդբոլի խմբերի հիմնումը, որի նպատակով արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանի, Գեղարքունիքի ֆեդերացիաների նախագահների եւ նման կարգի հաստատությունների ղեկավարների հետ, լողափի հանդբոլի հիմնադրումը Հայաստանում, հանդբոլի ընդհանուր զարգացման գործընթացում Արցախի ակտիվ ներգրավման քաղաքականությունը: