Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական ուսումնարանում ավարտվեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Երեք օր տեւած պայքարում որոշվեցին ըստ քաշային կարգերի երկամարտում հանրապետության չեմպիոններն ու մրցանակակիրները: Ահա նրանք:
Կանայք.
48 կգ՝ Մարգարիտա Ղազարյան 94
53 կգ՝ Իզաբելա Յայլյան 163
58 կգ՝ Էլեն Գրիգորյան 202
63 կգ՝ Քրիստինե Պետրոսյան 180
69 կգ՝ Նազիկ Ավդալյան 190
75 կգ՝ Մելինե Դալուզյան 240
+75 կգ՝ Նաիրա Հարությունյան 210:
Տղամարդիկ.
56 կգ՝ Ժորժ Եղիկյան 225 կգ
62 կգ՝ Սմբատ Մարգարյան 258
69 կգ՝ Վանիկ Ավետիսյան 321
77 կգ՝ Նորայր Տոնոյան 325
85 կգ՝ Գոռ Հարությունյան 320
94 կգ՝ Էդգար Գեւորգյան 370
105 կգ՝ Գեւորգ Պողոսյան 405
+105 կգ՝ Արթուր Բաբայան 405:
Նախաօլիմպիական տարում անցկացված Հայաստանի առաջնությունը շատ բաներով տարբերվում էր նախորդներից եւ բազում կարեւոր հարցերի պատասխան պետք է տար մասնագետներին: Նախ, հարգելի պատճառներով մրցահարթակ չմտած մեր մի ամբողջ շարք առաջատար ծանրորդների բացակայության պայմաններում իրենց դրսեւորելու լավ հնարավորություն էին ստացել երկրորդ-երրորդ համարները: Ապա, մի քանի տիտղոսակիր եւ անվանի ծանրորդներ, ինչպիսիք են Նազիկ Ավդալյանը, Մելինե Դալուզյանը, Գեւորգ Պողոսյանը, Սմբատ Մարգարյանը, Արթուր Բաբայանը՝ փոխել էին իրենց քաշային կարգերը եւ պետք էր տեսնել, թե իրենք իրենց ինչպե՞ս են զգում: Եվ երրորդ, մարզիչները պետք է արձանագրված արդյունքներով պատկերացում կազմեին, թե ով՝ ի՞նչ մարզավիճակում է, դա բավարարո՞ւմ է այս ժամանակահատվածի պահանջներին եւ ըստ այդմ ծրագրեին պատասխանատու մեկնարկներով հարուստ տարվա ընթացքում իրենց անելիքները:
Մասնավորապես, հանրապետության կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Մելինե Դալուզյանից մի փոքր ավելին էր սպասում, իսկ Նազիկ Ավդալյանին՝ վնասվածքից հետո անցած տեւական բուժումից ու վերականգնումից հետո, ինքը չէր թողնի ավելի բարձր քաշերի մոտենալ: Իսկ Հռիփսիմե Խուրշուդյանի՝ նախօրեին ստացած վնասվածքի մասին ասաց, որ, բարեբախտաբար, ոտքն այնքան էլ լուրջ չի վնասել եւ կմասնակցի արդեն մարտի առաջին օրերին կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքին:
Ինչ վերաբերում է տղաներին, այստեղ համեմատաբար բարձր էր տապալված մոտեցումների տոկոսը: Պատճառը, գուցե, այն է, որ սա պակաս փորձառություն ունեցող ծանրորդների համար այս մրցաշրջանի առաջին պաշտոնական մրցումն էր, որի արդյունքները կարող էին ազդեցություն ունենալ իրենց հետագա մարզական ճակատագրի վրա: Եվ դրա հետեւանք հուզվածությունն ու իրենց ցուցադրելու ձգտումը:
Ինչեւէ, առաջնությունն ավարտվեց: Հավաքականների մարզիչներն իրենց տետրերում համապատասխան նշումներ արեցին, որոնց մասին կտեղեկանանք մի փոքր ուշ: