Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասաններն ամուսնացել են, ներկայացումները՝ տապալել

Մարտ 01,2011 00:00

Մարտի 3-ին իր 38-րդ գարնանային թատերաշրջանը կբացի Երեւանի մնջախաղի պետական թատրոնը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այս տարվա ծրագրերից,  տեղեկացրեց, որ մարտի վերջին հյուրախաղերով հանդես կգան Կիպրոսում, հրավեր ունեն նաեւ Մյունխենում անցկացվող Մնջախաղի միջազգային փառատոնից: Հավանաբար աշնանը նախատեսված է նոր կազմով համալրված մի նոր ներկայացում: 13 տարի առաջ մարտի 3-ին Ժ. Դադասյանը նշանակվել էր Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այդ տարիների ընթացքում բազմիցս խոսվել է թատրոնի համար աշխատանքային պայմաններ ստեղծելու մասին, եղել են տարբեր առաջարկներ, բայց խնդիրը մինչ այժմ լուծում չի ստացել: Նախորդ տարիների պես, այս տարի էլ թատրոնը պայմանագրային հիմունքներով կաշխատի Պատանի հանդիսատեսի թատրոնի հետ: Գեղարվեստական ղեկավարի փոխանցմամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ վարձակալել են շենքի մեկ փորձասրահը, եւ շաբաթական մեկ անգամ բեմում խաղալու հնարավորություն կունենան: Մնջախաղի թատրոնն իր խաղացանկում ունի 12 ներկայացում, որոնցից ոչ բոլորն են ներկայացվում հանդիսատեսին՝ ելնելով մի շարք խնդիրներից: Ըստ Ժ. Դադասյանի, դրանցից մեկը թատրոնի դերասանների ամուսնանալու եւ Հայաստանից մեկնելու փաստն է, որի պատճառով անընդհատ պետք է նոր դերասաններ գտնեն եւ պատրաստեն. «Մեր թատրոնի դերասանը պետք է մարզված եւ ֆիզիկապես ամուր լինի, իսկ ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես «մարզելու» համար տարիների հետեւողական աշխատանք է պահանջվում»: Գեղարվեստական ղեկավարը դժվարացավ ասել, թե որքան է կազմում պետության կողմից թատրոնին հատկացվող ֆինանսավորումը, միայն նշեց, որ մնացած թատրոններից ավելի կամ պակաս չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել