Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը միայն ուտել-խմելու տեղ չէ»

Մարտ 01,2011 00:00

AMEP կազմակերպության հիմնադիրները վստահ են, որ օտարերկրացիները Հայաստանում կարող են նաեւ պատշաճ կրթություն ստանալ:

«Դրսում, հատկապես Եվրոպայում, Հայաստանի դրական հատկանիշներից շարունակում է համարվել կրթության նկատմամբ մոտեցումը: Արտերկրում տարածված կարծիք կա, որ Հայաստանում ժողովրդի 85-90%-ը գրագետ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Իրանում ծնված, Ֆրանսիայում երկար տարիներ բնակվող մեր հայրենակից Արամազդ Աբեդին: Նա Երեւանում է հետաքրքիր նախաձեռնությամբ: Աբեդին առաջին անգամ Հայաստան է այցելել 1999 թվականին՝ որպես զբոսաշրջիկ: Անկեղծանում է՝ այդ ժամանակ Հայաստանն իր աչքին խղճուկ էր: Վերջին տարիներին որոշ դրական փոփոխություններ նկատել է, բայց ցավ է ապրում, երբ տեսնում է, որ ժողովուրդն օրեցօր ավելի շատ է ձգտում արտերկիր մեկնել. «Հայերի՝ դրսի մասին ունեցած վառ պատկերացումները չկան, յուրաքանչյուր երկիր ունի իր դժվարությունները, ոչ մի տեղ չկա երազային կյանք»: Ֆրանսահայ մեր հայրենակիցը, սակայն, իր կարծիքը հայերի մոտ բարձրաձայն այլեւս չի արտահայտում, ասում է՝ բացատրեմ էլ, չեն հասկանում, ասում են՝ եթե վատ է՝ դու ինքդ ինչո՞ւ ես Ֆրանսիայում բնակվում: Նախորդ տարի Ա. Աբեդին որոշեց Հայաստանում հիմնադրել AMEP (Հայկական կրթության աջակցություն) կազմակերպությունը, որը արտասահմանցի ուսանողներին հնարավորություն կտա կապ հաստատել հայկական բուհերի հետ, գիտելիքները զարգացնել հայաստանյան ուսումնական հաստատություններում: Մեր զրուցակցի կարծիքով, նախաձեռնությունը լավ միջոց է՝ ներկայացնելու հայկական կրթական ոլորտը դրսում: Հարցին՝ ի՞նչ ուսումնական ծրագրով կսովորեն օտարերկրացի ուսանողները հայկական կրթօջախներում, ընկերության տնօրեն Ա. Աբեդին պատասխանեց. «Դրսի պահանջը, իհարկե, կարող է ուրիշ լինել, բայց որոշողը տեղի համալսարանն է լինելու: Բուհերի որոշ ներկայացուցիչներ ասում են, որ իրենք պատրաստ են նաեւ մասնավոր ծրագիր պատրաստել դրսից եկած ուսանողների համար»: AMEP-ի կոորդինատոր Արփի Աճեմյանը գտնում է, որ Հայաստանը դրսում ներկայացվում է որպես լավ զբոսաշրջային, ուտել-խմելու երկիր. «Այս քայլով, որն առաջինն է, ուզում ենք ասել, որ Հայաստանը, բացի հանգստյան վայր լինելուց, նաեւ կրթվելու, փոխադարձ փորձով հարստանալու երկիր է»:
Նախորդ տարվա վերջին AMEP- ը մասնակցեց Երեւանում կայացած Կրթական EXPO-ին: Ընկերության մարքեթինգի եւ կապերի պատասխանատու Իզեթ Խոդաբախշիի հավաստմամբ, մեծ հետաքրքրություն կար համալսարանների, կազմակերպությունների եւ մասնավորապես՝ հայ ուսանողության շրջանում: Ցուցահանդեսից հետո որոշեցին նաեւ օգնել հայ ուսանողներին արտերկրում սովորելու հարցում: «Վերջերս մի ուսումնասիրություն ներկայացվեց, որ հայաստանցի ուսանողների շուրջ 40%-ը ցանկանում է դրսում կրթություն ստանալ կամ շարունակել: Շփվելով ուսանողների հետ, զգում ենք, որ այդ հետաքրքրությունը իսկապես մեծ է»,- նշեց Աբեդին: Նա, սակայն, այս հանգամանքը չի պայմանավորում տեղի կրթական վատ համակարգով. «Դա ուսման հետ կապ չունի, այստեղ Եվրոպայի, Ամերիկայի երազն է, ուսումը երիտասարդի համար միջոց է, որ դուրս գնա երկրից»:
Ի. Խոդաբախշիի փոխանցմամբ, արդեն մեծ թվով երիտասարդներ են արտերկրից՝ հատկապես Իրանից ցանկություն հայտնել գալ եւ Հայաստանում կրթություն ստանալ. «Իրանը մեծ՝ 70 մլն-անոց երկիր է, բայց համալսարանների փոքր թիվ ունի: Պարսիկների համար Հայաստանը հարմար է ուսանելու համար, որովհետեւ, համեմատության մեջ, այստեղ կրթվելն ավելի մատչելի է, նաեւ կեցության խնդիրներն են հեշտ լուծվում»: AMEP-ը նաեւ համալսարանների հետ փոխանակման ծրագրեր է իրականացնում, առաջիկայում էլ կլինեն փորձի, դասախոսների փոխանակման ծրագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել