Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԿՈՄԵՐՑԻԱ

Մարտ 01,2011 00:00

Կամ՝ ինչու «Պարմանին» փոխեց «դեմքը»

Անցյալ տարվա հունիսին Ստեփանակերտում կայացավ «Պարմանի» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի բացման արարողությունը, մամուլում ու նաեւ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջում նշվեց, թե Արցախի ղեկավարը բարձր է գնահատում ռուսաստանաբնական հայ բարերար Նարինե Դավթյանի հայրենանվեր ձեռնարկը եւ հույս հայտնում, «որ այն մեծապես կնպաստի մատաղ սերնդի դաստիարակության գործին»: Դրանից երկու տարի առաջ Ն. Դավթյանը ռուսալեզու թերթերից մեկին տված հարցազրույցում («թԸ», ԸՀՃԸղ – ԹՀժԾշ ԻԼՁՆ, 24 հունիսի 2008թ.), ոգեւորված պատմելով նախագծի մասին, ասել էր, թե տպավորություն ունի, որ «վերին ուժերն» օգնում են իրեն: Նույն հարցազրույցում նա խոստացել էր հովանավորել տաղանդավոր երիտասարդներին, աշխատատեղեր բացել, որպեսզի արցախցիները բախտ չորոնեն Հայաստանում կամ Ռուսաստանում: Դավթյանը շեշտել էր, թե այլ գործարարների օրինակից վարակվելով է բարեգործություն անում:
Շատ ժամանակ չի անցել, բայց «Պարմանիի» հետ կապված՝ արդեն դժգոհություններ կան: Ի սկզբանե նախատեսված էր, որ «Արցախի ձայներ» խմբի համար կենտրոն պետք է կառուցվեր՝ 4 համարանոց հյուրանոցով, բեմով, երիտասարդ երաժիշտների անվճար ձայնագրվելու հնարավորությամբ: Ժամանակի ընթացքում, սակայն, գաղափարը փոփոխվեց, բեմն էլ դարձավ դիսկոտեկ: Հետագայում ջազ-ակումբ ստեղծվեց՝ համապատասխան մթնոլորտով, որը իսկապես պետք էր Ստեփանակերտին: Այստեղ Արցախի ժողովրդական երաժշտության ողջ բազմազանությունը ներկայացնող «Արցախի ձայները» պետք է ոչ միայն աճեր, այլեւ գումար վաստակեր իրենց աշխատանքով: Քանի որ Ստեփանակերտում նախադպրոցական տարիքի երեխաների համար քոլեջ չկար, «Պարմանիի» առաջին հարկը մանկական կենտրոն դարձավ, որտեղ նաեւ փոքրիկ սրճարան կար՝ երեխաներին սպասող մայրիկների համար: Քոլեջում երեխաները 5 առարկա էին անցնում, խաղային ուսուցում էր տարվում: Սկզբում Ն. Դավթյանը ասում էր, թե «Պարմանիի» միջոցով բարեգործություն է անելու, իրականում կոմերցիա է ստացվել, որովհետեւ «Պարմանին» վերածվել է բնակելի շենքի տակ գիշերային ակումբի ռեժիմով, մինչեւ վերջին հաճախորդը գործող օբյեկտի, որտեղ միայն մուտքի վճարը 1500 դրամ է: Բազմաթիվ այլ փոփոխություններ էլ են եղել:
Սկզբում քոլեջ հաճախող երեխաների համար սահմանվել էր 5000 դրամ ամսական վարձ, որպեսզի շաբաթը 3 անգամ երեխաների հետ 5 առարկա պարապեն: Մինչեւ բացումը շուրջ 160 երեխա էր հերթագրվել: Այսօր, մեր տեղեկություններով, նրանց թիվը կրճատվել է 5 անգամ, որովհետեւ վարձը, չգիտես ինչու, դարձել է 20000 դրամ: Թե ինչքանով է այս քայլը բարեգործական, միայն հիմնադրին է հայտնի: Կարծում ենք, բարեգործություն կլիներ, եթե կենտրոնը նվիրվեր Արցախի մշակույթի նախարարությանը եւ իսկապես ծառայեցվեր մատաղ սերնդի դաստիարակության գործին: Ի դեպ, ասում են՝ «Պարմանիի» վրա միայն Դավթյանի գումարները չեն ներդրվել, եղել են մարդիկ, որ աջակցել են, ուղղակի տիկինն այդ մասին չի բարձրաձայնում: Ի դեպ, իրեն ռուսաստանցի գործարար հռչակած Դավթյանը Ղարաբաղի ռուսական համայնքից 150 000 դրամ էր վերցրել մեկ օրով տարածքը տրամադրելու համար (խոսքը վերաբերում է Նոր տարվա երեկոյին), չնայած ավելի վաղ ռուսական եկեղեցու հիմնարկեքին հայտարարել էր, թե կարող է անվճար տրամադրել «ռուսական» միջոցառումների համար:
Պարզաբանումներ ստանալու համար հեռախոսով կապվեցինք Նարինե Դավթյանի հետ: Խնդրեցինք մեկնաբանել՝ ի վերջո «Պարմանին» բարեգործակա՞ն նախագիծ է, եթե այո, ի՞նչ առումով: «Այն առումով, որ ես իմ անձնական փողերով եմ կառուցել, աշխատավարձեր եմ վճարում եւ դեռ մինուսով եմ գնում: Ես այդտեղ փող չեմ աշխատում, ընդհակառակը՝ ամեն ամիս ներդնում եմ գումարներ»,- ասաց Ն. Դավթյանը: Հարցրինք՝ ինչո՞ւ է քոլեջի վարձն այդքան բարձրացել: «Բարձրացրել ենք, որովհետեւ ծախսերը շատ բարձր են՝ սկսած խաղալիքներից, ջեռուցումից, ամեն ինչից… Մենք այդտեղ ոչ մի շահ չունենք բացարձակապես»,- պարզաբանեց նա: Իսկ ի՞նչ կասի ակումբի մասին, որտեղ մուտքը վճարովի է: «30-ից ավելի աշխատող ունենք եւ մեր բալանսներով ամեն ամիս դեռ մինուսների մեջ ենք, դուք ինչպե՞ս եք պատկերացնում բարեգործական ասվածը, այդտեղի աշխատողներն էլ, չէ՞, պետք է փող ստանան, բոլորը նորմալ վճարվում են»,- հավելեց տիկինը: Մեր հիշեցմանը, թե ի սկզբանե խոստացել էր, որ «Արցախի ձայներին» պետք է տրվեր ձայնագրվելու հնարավորություն, Ն. Դավթյանը պատասխանեց. «Մինչեւ վերջին ամիսն իրենք աշխատում էին, ուղղակի իրենց ղեկավարը ունիկալ կին է՝ այնպես «ռասկրուտկա» չարեց, որ զրոյով դուրս գան: Ասել էի՝ զրոյից բարձր ինչքան աշխատեք՝ ձերը կլինի, բայց իրենք չկարողացան աշխատել: Հիմա հիմնական անձնակազմը ժամանակավոր փետրվարի 1-ից դուրս է եկել, ուրիշ երեխաներ են աշխատում ակումբում, չնայած «Արցախի ձայներից» էլ կան մի քանի հոգի… Նույնիսկ «Եվրատեսիլում» հաղթած Վովան մեր բեմում է պարապել… Մի խոսքով, այդքա՜ն ջանք է թափվել, որ կենտրոնն աշխատի, ուրեմն ինչպե՞ս պետք է ձրի աշխատի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել