Բրազիլիայի Բանդեյրա-դու-Սուլ փոքրիկ քաղաքում դիմակահանդեսի ժամանակ բարձրավոլտ հոսանքի լարերի վայր ընկնելու արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն, որի մատուցմամբ՝ դիմակահանդեսին մասնակցել է երկրի մայրաքաղաք Ռիո-դե-Ժանեյրոյից դեպի հյուսիս գտնվող այդ քաղաքի գրեթե ողջ բնակչությունը:
Հոսանքի պոկված լարերն ընկել են փողոցում տեղադրված հարթակին պարող մարդկանց վրա: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, քաղաքն ընկղմվել է խավարի մեջ, անջատվել է հեռախոսակապը: Միջադեպից հետո, ականատեսների պատմելով, խուճապ ու քաոս է սկսվել: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ ինչ-որ մեկի կողմից բաց թողնված ճայթռուկը հնարավոր է, որ կտրել է հոսանքի լարերը:
Վիրավորվածները, որոնց թվում նաեւ անչափահասներ կան, տեղափոխվել են հիվանդանոցներ: Նրանցից հինգը, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Բանդեյրա-դու-Սուլում եւ Բրազիլիայի մյուս քաղաքներում տեղի ունեցած շքերթները հաջորդել են ուրբաթ օրը երկրում տեղի ունեցած մեծամասշտաբ դիմակահանդեսին: