Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կառավարությունում առանցքային փոփոխություններ է կատարել՝ փոխելով արտաքին եւ ներքին գործերի, պաշտպանության նախարարներին: «Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ մենք որոշեցինք վերակազմավորել նախարարությունները, որոնք պատասխանատու են դիվանագիտության եւ անվտանգության համար»,- news.am-ի փոխանցմամբ, կիրակի երեկոյան ժողովրդին հասցեագրված իր ուղերձում ասել է Սարկոզին: Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Ալեն Ժյուպեն (նկարում), ով մինչ այդ ղեկավարում էր պաշտպանության նախարարությունը: Սարկոզին նշել է, որ Ժյուպեն, ով ժամանակին զբաղեցրել է նաեւ վարչապետի պաշտոնը, փորձառու քաղաքական գործիչ է, մեկ անգամ արդեն հաջողությամբ իրականացրել է ԱԳ նախարարի գործառույթները: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Սենատում «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կառավարող կուսակցության խմբակցության ղեկավար Ժերար Լոնգեն: Նրան եւս նախագահը բնութագրել է որպես փորձառու գործիչ: Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Կլոդ Գեանն էլ ղեկավարել է ներքին գործերի նախարարությունը: ԶԼՄ-ների տվյալներով, ՆԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Բրիս Օրտեֆեն էլ Ելիսեյան պալատի խորհրդականի պաշտոնն է ստանձնել՝ պետության ղեկավարի ընտրությունները նախապատրաստելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունում կադրային տեղաշարժի համար առիթ հանդիսացավ երկրի արտգործնախարար Միշել Ալիո-Մարիի հրաժարականը, որը հանրությունն ու ընդդիմությունը վաղուց էին պահանջում՝ նկատի ունենալով նրա կապերը Թունիսի նախկին վարչակազմի հետ: