Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԿԴԻՄԱԴՐԵՆ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱՅԻՆ

Մարտ 01,2011 00:00

\"\"Աշխարհի արտգործնախարարները մտադիր են հավաքվել Ժնեւում՝ քննարկելու Լիբիայում ստեղծված իրավիճակը, որտեղ, BBC-ի փոխանցմամբ, բողոքի զանգվածային ակցիաների եւ արյունալի բախումների ֆոնին հումանիտար ճգնաժամ է հասունանում:
Լիբիայից ստացվող տեղեկությունների համաձայն, ապստամբները շրջապատել են երկրի մայրաքաղաք Տրիպոլին, որն առայժմ շարունակում է մնալ Մուամար Քադդաֆիի միակ Բաստիոնը երկրում: Բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների եւ Քադդաֆիի կողմնակիցների միջեւ երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհերի թիվն անցնում է մեկ հազարից: Երկրի արեւելյան շրջաններն անցել են հակակառավարական ուժերի վերահսկողության տակ: Ապստամբները գրավել են նաեւ Տրիպոլիից 50 կմ հեռավորության վրա գտնվող Էզ-Զավիա քաղաքը: Բենգազի քաղաքում, որը դարձել է ապստամբների կենտրոնը, ընդդիմությունը Ազգային խորհուրդ է ձեւավորել, որը պետք է միավորի բողոքի ակցիայի բոլոր մասնակիցների ջանքերը: Ըստ էության, Լիբիայի ժամանակավոր եւ անցումային կառավարության լիազորություններ ստանձնած Ազգային խորհրդի ղեկավարը՝ երկրի արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Մուհամմեդ Աբդել Ջալիլը, բրիտանական Sky News-ին հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստվում է մայրաքաղաքը գրոհով վերցնել: Նրա ասելով, երբ Տրիպոլիի բնակիչները «հաղթեն իրենց կեղեքողներին», Քադդաֆիի ռեժիմը կտապալվի: Նա խոստացել է, որ եթե տեղի ապստամբների ուժերից վեր լինի հաղթահարել Քադդաֆիի կողմնակիցների ուժերը, զինված ընդդիմությունը նրանց օգնության կհասնի:
«Այն, ինչ մեզ իսկապես անհրաժեշտ է՝ Լիբիայի օդային տարածքը փակ գոտի հայտարարելն է, որպեսզի Քադդաֆիի համար պայքարելու պատրաստ վարձկանների հոսքը հնարավոր լինի կանգնեցնել»,- հայտարարել է Աբդել Ջալիլը՝ միաժամանակ շեշտելով, որ լիբիական ընդդիմությունը անվստահությամբ է վերաբերվում միջազգային հանրության կողմից երկրում տիրող իրավիճակին միջամտելու հնարավորությանը: «Որեւէ ինտերվենցիա կհանդիպի մեր կողմից ավելի մեծ դիմադրության, քան օգտագործվում է Քադդաֆիի դեմ»,- հայտարարել է Լիբիայի Ազգային խորհրդի առաջնորդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գագաթաժողովին մասնակցելու մեկնած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բացեիբաց պաշտպանել է Քադդաֆիի հակառակորդներին՝ հայտարարելով, թե Վաշինգտոնը «դիմում է արեւելքում գտնվող բազմաթիվ լիբիացիներին» եւ խոստանում՝ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իր գործընկերների հետ քննարկել այդ երկրում ստեղծված իրավիճակը:
Իսկ շաբաթ օրը ուշ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կառույցի անդամ երկրները բանաձեւ ընդունեցին Լիբիայի վերաբերյալ, որն արգելում է Քադդաֆիի, նրա մերձավորների մուտքը այլ երկրներ, սառեցնում է բանկային հաշիվները, ինչպես նաեւ էմբարգո է սահմանում այդ երկրի հետ զենք-զինամթերքի առեւտրի վրա։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների կողմից մշակված փաստաթուղթը նաեւ հանձնարարում է Հաագայի միջազգային քրեական դատարանին՝ քննել Լիբիայի վարչակազմի կողմից ցուցարարների նկատմամբ իրականացված գործողությունները եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հանցանք են գործել մարդկության դեմ:  Փաստաթղթին կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները, այդ թվում՝ վետոյի իրավունք ունեցող եւ, որպես կանոն, խիստ պատժամիջոցներից խուսափող Չինաստանն ու Ռուսաստանը։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, թե Մոսկվան պաշտպանել է բանաձեւը՝ ելնելով «Լիբիայում կատարվող իրադարձությունների առնչությամբ ունեցած լուրջ մտահոգությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել