Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները դատապարտեցին

Մարտ 01,2011 00:00

Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից ստացված հաղորդագրության, հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակին հարող տարածքից կազմակերպվեց բողոքի երթ՝ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ Սումգայիթյան ջարդերի օրվա կապակցությամբ:
Հայաստանում գործող շուրջ 40 երիտասարդական կազմակերպություն, այդ թվում ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպությունները, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Միասին» շարժումը, անկախ քաղաքական հայացքներից, հետաքրքրությունների շրջանակներից, միավորվելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնության շուրջ, երթի միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ ընդդեմ կատարվածի եւ հանուն դրա դատապարտման: «Մենք՝ Հայաստանի երիտասարդներս, պահանջում ենք, որպեսզի միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրությունը դատապարտեն 1988-1990թթ. հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը եւ դրան տան քաղաքական գնահատական: Իրականացված ցեղասպանության չդատապարտումը կծնի նոր ցեղասպանություններ եւ այլ ռազմական հանցագործություններ, հատկապես, երբ Ադրբեջանն այսօր էլ չի հրաժարվել ռազմական հռետորաբանությունից եւ փնտրում է ղարաբաղյան հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման ուղիներ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Երիտասարդները 1988-1990թթ. հայերի դեմ կատարված կոտորածները դատապարտող այդ հայտարարությունը ուղարկեցին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել