Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ը կողքից խորհուրդներ կտա»

Մարտ 01,2011 00:00

ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ քաղաքացիական հասարակության եւ ղարաբաղյան հակամարտության մասին

Երեկ ԵՊՀ-ի հյուրն էր Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Նա համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին ներկայացրեց Հայաստանում քաղաքացիական հասարակություն ստեղծելու իր մոդելը ու Հայաստանում իր ծավալած դիվանագիտական գործունեությունը:
Տիկին Յովանովիչի կարծիքով, ցանկացած երկիր կարող է հայտնվել լճացման մեջ, եթե ողջ իշխանությունը կառավարության ձեռքին լինի: Նրա ձեւակերպմամբ, կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը նման են նավակի երկու թիակների. «Եթե թիակներից միայն մեկը գործի, նավակը կկորցնի իր ուղղությունը»:
Մ. Յովանովիչն ասաց, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում շատ է ճանապարհորդել Հայաստանով եւ տպավորված է հայ երիտասարդներով. «Նրանք անսահման հայրենասեր, նախաձեռնող եւ հնարամիտ են, երազում են Հայաստանի բարեկեցիկ ապագայի մասին: Իսկ ի՞նչ կլինի այդ երիտասարդների նախաձեռնողական երազանքների հետ, եթե դրանք բախվեն քաղաքական կապեր ունեցող բիզնեսների անարդարացի մրցակցությանը կամ եթե վիճահարույց գաղափարների արտահայտումը հալածանքի վտանգ ստեղծի նրանց եւ նրանց ընտանիքների համար: Ի՞նչ կլինի, եթե նրանք լրատվամիջոցներով չկարողանան լսել եւ ծանոթանալ բազմաթիվ կարծիքներ: Քաղաքացիական հասարակությանն իրավասություններով օժտելը ոչ միայն ժողովրդավարության ու բարօրության առանցքն է, այլեւ կենսական նշանակություն ունի երկրի ազգային անվտանգության համար»: Դեսպանի համոզմամբ, իրավասություններով օժտելու համար չկա ավելի լավ ժամանակ Հայաստանի համար, քան հիմա. «Դրան հասնելու համար կպահանջվեն բարեփոխումներ Հայաստանի օրենքներում ու հաստատություններում, քաղաքական մշակույթում՝ մեծացնելու անձի ազատությունը, իրավունքները եւ պատասխանատվությունը: Դրա համար կպահանջվի օրենքի հետեւողական ու հավասար կիրառում բոլորի նկատմամբ՝ լինի հարուստ ու հզոր, թե աղքատ ու անհայտ անձնավորություն: Դրա համար կպահանջվի, որ խաղաղ, օրինական հանրահավաքները չցրվեն ու չլինեն ոտնձգություններ դրանց հանդեպ, որ կառավարությունն ու մյուս իրավասու մարմինները ապահովեն ընտրությունների անցկացումը»:
Դեսպանը հորդորեց ուսանողներին՝ օգտագործել բոլոր գործիքները մասնակից լինելու համար քաղաքական գործընթացին, բանավեճերին: Մինչեւ անգամ խորհուրդ տվեց օգտագործել Twitter-ն ու Facebook-ը՝ առավել ակտիվ լինելու համար: Քննարկմանը ներկա քաղաքացի Մյասնիկ Պատվականյանին, որը ցանկանում էր հարց հնչեցնել դեսպանին, թե ինչո՞ւ իր այս դիտարկումներն առավել լայն շրջանակներում չի իրականացնում, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը արգելեց խոսել, հրամայեց ձեռքից խլել բարձրախոսը՝ չթողնելով ավարտել միտքը: Դեսպանն էլ շեշտեց, որ համալսարանականները ժողովրդավար հասարակության հիմքը պետք է լինեն:
ԵՊՀ ռեկտորին զայրացրեց նաեւ ուսանողներից մեկի հարցը՝ կապված ղարաբաղյան հակամարտության եւ Կոսովոյի միջեւ զուգահեռներ անցկացնելու վերաբերյալ: Ռեկտորը նկատողություն արեց՝ միայն թեմայի շրջանակներում հարցեր հնչեցնել: Մ. Յովանովիչն ասաց. «Այս հարցն ինձ հաճախակի են ուղղում: Կարծում եմ՝ ցանկացած այս տիպի հակամարտություն եզակի է եւ առանձնահատուկ: Կոսովոն ՄԱԿ-ի պաշտպանության ներքո էր, իսկ Ղարաբաղում նման խնդիր չկա: Բանակցողները չպետք է ֆիքսեն, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ նման է Կոսովոյին ու պետք է Կոսովոյի նախադեպը կիրառվի: Դա կշեղի բանակցությունները: Խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, որոնց արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների կողմից փոխզիջումներ կլինեն: Խնդրի խաղաղ լուծումը Հայաստանի, Ադրբեջանի եւ հատկապես Ղարաբաղի ժողովրդի շահերից է բխում: Հակամարտող երկրները պետք է լուծեն այդ հարցը, ԱՄՆ-ն կարող է միայն կողքից խորհուրդներ տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել