Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԿԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԱՄԻ, ԾԱՆՈԹ, ԲԱՐԵԿԱՄ

Մարտ 01,2011 00:00

\"\"Կամ արդար, «թափանցիկ» շոու շարքից

Փետրվարի 18-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունները: Հիշեցնենք, որ «տնօրենացուները», որոնց մեջ նաեւ գործող տնօրեններ կան, պետք է սերտած լինեն 800 հարց, որպեսզի կարողանան 90 եւ ավելի տոկոսով հաղթահարել 60 հարցից բաղկացած թեստը, նաեւ բանավոր 5 հարցերը: Հաջորդ քննությունը նշանակված է մարտի 2-ին, առայժմ ամեն ինչ խաղաղ է: «Կտրվողների» մեջ կան ինչպես սովորական մանկավարժներ, այնպես էլ գործող տնօրեններ, բայց նրանց անունները չեն հրապարակվում: Չգիտես ինչու, ԿԳ նախարարությունը չի ցանկանում «գաղտնազերծել» քննվողների գոնե վերջին աշխատավայրը՝ իբր դա իրեն չի հետաքրքրում ու քննասենյակի դռանը փակցնում է «անցածների» զուտ անուն-ազգանունների ցանկը:
«Առավոտի» հետ զրուցած տնօրենները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում, դժգոհում են՝ ինչո՞ւ պետք է բոլորին մեկ արշինով չափեն: Նրանց կարծիքով, պիտի չպարտադրեին վերապատրաստվել այն տնօրեններին, ովքեր մեկ-երկու տարուց թոշակի են գնալու. իմաստ ունի՞ մարդը շուրջ 90000 դրամ վճարի, վերապատրաստվի, 800 հարց «զուբրիտ» անի, հաղթահարի քննությունները, ստանա 5 տարի ուժի մեջ գտնվող հավաստագիր ու մեկ տարուց թոշակի գնա: Կամ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային հանդիպումների ժամանակ քանիցս հայտարարել է՝ եթե անձն ունենա հավաստագիր, բայց մարդկային որակները չբավարարեն՝ տնօրեն աշխատելու համար, թույլ չի տա, որ աշխատեն: Հետաքրքիր է՝ պարոն քաղաքապետը ի՞նչ չափանիշներով է առաջնորդվելու իր պատկերացրած բարոյականության սահմանները «գծելիս»: Գաղտնիք չէ, որ այսօր լիքը «պլանի տակ» գտնվող տնօրեններ կան, որոնցից «վերեւներում» ցանկանում են ազատվել: Բնականաբար, նրանց տեղը պիտի զբաղեցնեն արդեն ղեկավարման իրավունքի հավաստագիր ունեցող ու դարձյալ «վերեւից» հովանավորվող անձինք: Մեկ այլ նկատառում էլ՝ ինչո՞ւ են շատերը ցանկանում տնօրեն դառնալ, ուրեմն այդ պաշտոնի տակ մի բան կա, չէ՞: Նման ձգտում ունեցողների մեջ բարձրաստիճան մեկի հարսն է, մյուսի կինը, քույրը, ընկերուհին: Հավաստագիր ստանալու հավակնորդների թվում են, օրինակ, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի քույրը՝ Մարինե Սողոմոնյանը՝ թիվ 62 դպրոցից, 128-րդ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Ղասաբօղլյանը, ով «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավարներից մեկի տիկինն է, առաջիկայում քննություն է հանձնելու Երեւանի պետավտոտեսչության պետ Արսեն Արշակյանի տիկինը, ով թիվ 120 դպրոցի տնօրենի պաշտոնակատարն է, քննություն հանձնողների մեջ է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հարսը՝ Սիրանուշը… Ցանկը կարելի է շարունակել: Այսինքն ստացվում է՝ հիմա էլ վերապատրաստելով ու հավաստագիր տալով ԿԳ նախարարությունը վերարտադրում է այն, ինչ արդեն կա՝ ծանոթին-բարեկամին-խնամուն, մանավանդ վերապատրաստող կազմակերպությունները կարծես ավելորդ օղակ լինեն ու զուր տեղը գումար ծախսելու միջոց: Ավելի լավ չէ՞ր լինի, որ տնօրեն դառնալ ցանկացողները ինքնուրույն սերտեին այդ 800 հարցը, տնօրեն ընտրվելուց հետո մեկ-երկու ամիս գնային-վերապատրաստվեին: Կարծիք կա, որ ճիշտ կլիներ՝ տնօրենի պաշտոնը նշանակովի լիներ, պետությունն էլ գնար-խնդրեր հավաստագիր ունեցող լավագույն կադրերին, թե եկեք ու ղեկավարեք այսինչ դպրոցը, միեւնույն է՝ նրանց ընտրող խորհուրդներն այսօր ձեւական բնույթ են կրում: Ի դեպ, վերապատրաստող կազմակերպությունների մեջ կան դպրոցների տնօրեններ, օրինակ «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ն ներկայացնում են թիվ 43 դպրոցի տնօրեն Ռուզան Մուրադյանն ու 128-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Դա մոտավորապես նույնն է, ինչ բուհի ռեկտորը լինի դիմորդ: Հետաքրքիր է՝ վերապատրաստող տնօրեննե՞րն ինչպես են քննություն հանձնելու:
Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանը մի տեսակ պասիվ է այս քննություններում՝ կամ ուզում է մի նոր «դխկոց» հասունացնել, կամ էլ գուցե տարաձայնություններ ունի ԿԳՆ-ի հետ «յուրային» տնօրենների հարցում:

Հ. Գ. Ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Գրված է՝ բայց մի՞թե իրականում՝ ով ուզի, վերցնելու է ու նախագահ դառնա: Այսինքն ի՞նչ կցուցանէ զառակս՝ ամեն ղեկավարման հավաստագիր ունեցողի չէ, որ թույլ կտան դպրոցի տնօրեն դառնալ. ստացվում է՝ արդար, «թափանցիկ» քննությունները ընդամենը շոու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել