Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվիրակությունը պետք է ուժեղացնել

Մարտ 01,2011 00:00

Եվրոպայի խորհրդին անդամակցելու 10 տարվա ընթացքում անցած նստաշրջանում առաջին անգամ այդ հեղինակավոր կառույցում ընդունվեց Արցախի անկախությունն արձանագրող մի փաստաթուղթ: Բայց արի ու տես, որ աննախադեպ այդ հանգամանքը քար լռության մատնվեց ՀՀ բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Պատճառը, իհարկե, այն է, որ ԵԽԽՎ նստաշրջանում 30 պատվիրակի ստորագրությամբ ընդունված փաստաթուղթը հեղինակել եւ շրջանառության մեջ է դրել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Բազմակարծության գլխավոր չափանիշը թվայնացվածների համար դա է՝ ընդդիմադի՞ր ես, թե՞ կերատաշտի մեջ կամ ձգտող: Բաղրամյանից իջեցվող հրահանգները՝ չհեռարձակել փաստաթղթի մասին, եթեր լցնողներն այս անգամ էլ հլու կատարեցին: Ճշմարտությունը թաքցնելու իշխանական ցանկությունն այնքան մեծ էր, որ անգամ հաշվի չառան հռչակագրի նշանակությունը: Չէ՞ որ այդ կառույցում առաջին անգամ է ընդունվում նման փաստաթուղթ, եւ դա այն դեպքում, երբ ԵԽԽՎ-ն ղեկավարում են Թուրքիայի ներկայացուցիչները: Իսկ եթե նախաձեռնողը լիներ կոալիցիականներից մե՞կը. իհարկե, այդժամ ՀՀ բոլոր հեռուստաընկերությունները մի քանի օր շարունակ եւ օրը տասնյակ անգամ կլծվեին գովաբանելու հռչակագիրը, երկինք կհանեին այդ խոշոր ձեռքբերումը՝ ներկայացնելով ողջը որպես նախագահի նախաձեռնողականության արգասիք: Բայց հեղինակը Զարուհի Փոստանջյանն էր, հետեւապես որոշվեց չհանրայնացնել տեղեկատվությունը: Խորհրդարանում էլ պատվիրակության ասուլիսի ժամանակ որեւէ խոսք չհնչեց հռչակագրի մասին: Փոխարենը կոալիցիականները հանգամանորեն ներկայացրին իրենց «ձեռքբերումները»՝ ինչպես է մերոնցից մեկը դարձել տնտեսական հանձնաժողովի նախագահ, ինչպես է ադրբեջանցի պատվիրակը փախչելու համար դռներ փնտրել, ինչպես են հերոսաբար բոյկոտել ենթահանձնաժողովի աշխատանքը եւ այլն:
Թվում էր՝ ամենակոմպետենտ անձնավորություն ՀՀ արտգործնախարարը գեթ կօգտագործի պատշաճ առիթը եւ Russia Today հեռուստաընկերությանը հարցազրույց տալիս հղում կկատարի հռչակագրին, հատկապես որ, թղթակիցը հարցերից մեկը ձեւակերպում է, թե՝ «…բազմաթիվ միջազգային հռչակագրեր Լեռնային Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս…»: Սակայն իր պատասխանում թուրքական վավերագրերը ԱԺ-ում պահող Նախագահի նախարարը որեւէ հղում չի անում ԵԽԽՎ-ում երկու օր առաջ ընդունված փաստաթղթին, որում փաստվում է Ղարաբաղի անկախության կայացվածությունը եւ ճանաչման անհրաժեշտությունը:
Իսկ այն գործիչները, ովքեր ընդգծում են, թե հռչակագիրն իրավական ուժ չունի, ապա նախ թող բարի լինեն կազմելու այդպիսի մի փաստաթուղթ, ապա դրա տակ հաջողացնեն ԵԽԽՎ 22 պատգամավորի ստորագրություն: Եվ հետո՝ հենց նման փաստաթղթերն են, որ պարարտ հող են ստեղծում տարբեր որոշումների վրա հայանպաստ դիրքերից ազդելու համար, կամ եթե այդ հռչակագրերը թղթի կտոր են, ապա ինչպե՞ս է, որ ԵԽԽՎ-ն իր կանոնադրության մեջ տեղ է տվել նաեւ հռչակագիր հասկացությանը, եւ կամ՝ այդքան անուղե՞ղ, թե՞ միամիտ են թուրք եւ ադրբեջանցի պատվիրակները, որ ամեն նստաշրջանի ընթացքում առնվազն մեկ հակահայկական հռչակագիր են անցկացնում… Դրանց միայն վերջերս է բավարար չափով հակադրվում հայկական կողմը, իհարկե՝ շնորհիվ «Ժառանգության» պատգամավորի եռանդուն գործունեության: Նման արդյունք հնարավոր է, երբ անձի ներսում համատեղված են անկեղծ հայրենասիրությունը, անխոնջ աշխատանքն ու արդարությունը, եւ առկա է ժողովրդավարի իմիջը:
Հեռուստաընկերությունները խուլուհամրի գործառույթին եւ իջեցված հրահանգին հավատարիմ չլուսաբանեցին նաեւ Զարուհի Փոստանջյանի հետստրասբուրգյան ասուլիսը. ներկա չէր եւ ոչ մի հեռուստաընկերության լրագրող: Ասուլիսի ընթացքում բանախոսը նաեւ համոզմունք հայտնեց, որ արդյունավետ աշխատելու համար ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության կազմը պետք է ուժեղացվի: Ըստ իս, իրոք որ միայն այդ դեպքում մերոնք ի զորու կլինեն ոչ միայն չեզոքացնելու 1416 բանաձեւի դրսեւորումները, այլեւ կկարողանան ի նպաստ մեզ օգտագործել այդ հեղինակավոր կառույցի հնարավորությունները: Գործող իշխանությունն արդարեւ պետք է լրջություն հանդես բերի եւ էապես ուժեղացնի պատվիրակության կազմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել