Փետրվարի 24-ին լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններից իր արտադրանքի գները բարձրացրել է մասնավորապես «Դուստր Մարիաննա» ընկերությունը եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ որոշել է ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ՝ տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ եւ հիմնավորումներ՝ գների բարձրացման վերաբերյալ:
Բացի ՏՄՊՊՀ-ից, շուկայում կաթնամթերքի գների աճը մտահոգել է նաեւ գյուղատնտեսության նախարարությանը: Նախարարությունը տեղեկացնում է, որ կաթնամթերք մթերող-արտադրող ընկերությունների ղեկավարների հետ ուսումնասիրել են կաթնամթերքի ինքնարժեքը պայմանավորող գործոնները: Արտադրողները պնդել են, թե վերջին ամիսներին միջազգային շուկայում հումքի, կաթի փոշու, իսկ Հայաստանում՝ տեղական կաթի մթերման գներն են բարձրացել ու դրա արդյունքում է իրենց արտադրանքի գինը աճել: Նախարարությունում, սակայն, այս պնդումներին չեն հավատացել եւ առաջարկել են զերծ մնալ կաթնամթերքի գների անհարկի եւ չհիմնավորված բարձրացումից: Քննարկումներից հետո, փետրվարի 25-ից կաթնամթերքը, այդ թվում եւ՝ «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքը վաճառվել է գրեթե նախկին գնով:
Գյուղնախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել հետեւել նախարարի հորդորին՝ հետագայում չբարձրացնել գները: Իսկ քննարկումներ դեռ էլի են լինելու: