Սյունիքում գործող «Ազատամարտ» կոմիտեն եւ Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը ժամանակավորապես դադարեցրել են Սյունիքում ուրանի հնարավոր արդյունահանման դեմ ստորագրահավաքը: Հիշեցնենք, որ ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնող մեքենան 2010-ի դեկտեմբերին հանվեց Լեռնաձոր գյուղից՝ «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն դադարեցրեց հետախուզական աշխատանքները («Առավոտ», 23.12.2010): Լեռնաձորում ուրան փնտրող առաջին մեքենան այրվեց հոկտեմբերի վերջին («Առավոտ», 30.10.2010):
«Պայմանավորված որոնողական աշխատանքների դադարեցմամբ՝ մենք էլ ստորագրահավաքն ենք դադարեցրել: Եթե նորից որոնողահետախուզական աշխատանքներ սկսվեն կամ որեւէ շարժ նկատվի այդ ուղղությամբ, ապա առանց վարանելու ոչ միայն ստորագրահավաքը կվերսկսենք, այլ հանրահավաքներ կկազմակերպենք: Ստորագրահավաք չկա, բայց մենք ձեռքներս ծալած չենք նստել: Մշտական կապի մեջ ենք Լեռնաձորի գյուղացիների հետ: Վերջին անգամ այնտեղ եղել ենք անցած շաբաթ, աշխատանքներ ու որոնող տեխնիկա չկան»,- ասում է Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանը:
Հիշեցնենք, որ հակաուրանիստների կազմակերպած ստորագրահավաքին մասնակցել է 13 850 բնակիչ, որոնցից ավելի քան 99 տոկոսը դեմ է Սյունիքում ուրանի ծրագրին: