Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐՎԱԾ

Մարտ 01,2011 00:00

Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը մարտի 3-ին ավագանու նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված են քաղաքի 2011թ. բյուջեի տարեկան եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը հաստատելու, Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ ենթակա բյուջետային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակները եւ պաշտոնական դրույքաչափերը հաստատելու, «Իջեւանի բնակարանային տնտեսություն» եւ «Կամուրջ» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու, «Իջեւանի կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի հաշվեկշռում գտնվող հասարակական զուգարանը քանդելու մասին եւ այլ հարցեր: Օրակարգի նախավերջին՝ 13-րդ հարցը վերաբերում է ավագանու անդամներ Նիկոլ Ղալթախչյանի, Գրիգոր Դանիելյանի, Մհեր Մելիքսեթյանի եւ Սուրեն Մանուկյանի՝ ավագանու անդամությունից հրաժարվելու դիմումներին:
Հիշեցնենք, որ 2010 թվականին ավագանու 13 անդամներից 5-ի լիազորությունը դադարեցվել է անհարգելի բացակայությունների համար, որից հետո էլ նշված անձինք են հրաժարական տվել: Ավագանու 13 անդամից մնացել է հինգը եւ նիստերը չեն կայանում (10.02.2011. «Նիստը ձախողվեց, հաջորդը՝ երկու ամիս հետո»):
Փետրվարի 15-ին տեղեկացրել ենք, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Վարուժան Ներսիսյանը քննարկել են Իջեւանի ՏԻՄ մարմիններում ստեղծված իրավիճակը: Ըստ տարածքային կառավարման նախարարության հաղորդագրության, «համայնքի ղեկավարին առաջարկվել է սահմանված կարգով հրավիրել ավագանու հերթական նիստ եւ դրա արդյունքներով դիմել մարզպետին՝ գործող օրենսդրության շրջանակում ավագանու նոր ընտրություններ կազմակերպելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել