Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԻՄ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ»

Մարտ 01,2011 00:00

Քրգործ հարուցվել է, սակայն տնօրենը չի հեռացվել պաշտոնից եւ հասու է դպրոցի ողջ փաստաթղթերին

Փետրվարի 19-ին «Հրեշտակների դպրոցը» հրապարակմամբ անդրադարձել ենք Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի ու նրա տնօրեն Սուսաննա Նազարյանի շուրջ զարգացումներին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ ծեծում աշակերտներին, բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում: Տնօրենը հերքում էր այս մեղադրանքները: Փետրվարի 23-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը խիստ նկատողություն է հայտարարել Սուսաննա Նազարյանին, իսկ փետրվարի 25-ին էլ գրել ենք, որ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ:
Քաղաքակիրթ երկրներում այսքանից հետո աղմուկի պատճառ պաշտոնյան թերեւս կամովին հեռանար՝ չխաթարելու համար ուսումնական գործընթացը: Սուսաննա Նազարյանը, սակայն, հեռանալու մտադրություն չունի: Ավելին, տնօրենը ոչ միայն մեղա չի գալիս, դեռ հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ ինքը շարունակելու է մնալ եւ պաշտոնավարել դպրոցում:
Ո՞վ է նրան նման վստահություն ներշնչել, ո՞վ է արտոնել դպրոցը «զոնայի» վերածել եւ գործի դնել միայն ներքին օրենքները, այդ ո՞ւմ է ձեռնտու ճնշված ու ստրկամիտ հոգեբանությամբ քաղաքացիներ ձեւավորելը, ո՞ւմ թելադրանքով է Սուսաննա Նազարյանը դպրոցում փակ համակարգ ստեղծել եւ անցուդարձը վերահսկել միայն իրեն հասանելի տեսախցիկներով, ի վերջո, ո՞վ է նրան իրավունք տվել վարվել մեր երեխաների հետ այնպես, ինչպես ինքն է ուզում:
Այս հարցերի պատասխանները ստանալու համար զանգեցինք դպրոց: Քարտուղարուհին ասաց՝ տնօրենը զբաղված է, աշակերտական խորհրդի նիստ է հրավիրել: Աշակերտական խորհրդի նախագահն էլ Նազարյանի դուստրն է, նույն դպրոցի աշակերտուհի: 30 րոպե անց կրկին փորձեցինք, նույն ձայնն ասաց, որ միջոցառումը չի ավարտվել՝ զանգենք ավելի ուշ: Ավելի ուշը 40 րոպե հետո էր, իսկ նիստը դեռ շարունակվում էր: Հարցին, թե դասաժամերի հաշվի՞ն է նիստ հրավիրվում, ձայնը պատասխան չգտավ:
«Կրթության նախարարության հայտարարած նկատողությունն ընդամենը փափուկ բարձ էր՝ ասելու համար, իբր հետեւողական է եւ անզիջում սուսաննանազարյանների նման տնօրենների նկատմամբ: Նորմալ երկրներում նկատողությունով չէին բավարարվի, խայտառակ ձեւով կվռնդեին դպրոցից: Ի՞նչ է՝ սպասում են yutube-ում կադրեր երեւան, նոր խառնվե՞ն»,- ասաց դպրոցից հեռացած ուսուցիչներից մեկը: Հիշեցնենք, որ, աշակերտներից բացի, քիչ չեն նաեւ ուսուցիչները, որոնք չդիմանալով Նազարյանի ճնշումներին, հեռացել են դպրոցից:
«Ես երեխայիս դպրոց եմ ուղարկում, որ գիտելիք ստանա՞, թե՞ դասերի հաշվին տնօրենի պատիվը պաշտպանելու ծրագիր կազմել սովորի: Չեմ հասկանում՝ էլ ի՞նչ վատ արարք պետք է թույլ տա դպրոցի ղեկավարը, որ նախարարությունը նրան անվստահություն հայտնի,- ասաց ծնողներից մեկը, խնդրելով անանուն մնալ, քանի որ երեխան դեռ այդ դպրոցում է:- Քանի՜ երեխայի ճակատագրի հետ է խաղացել՝ փոխելով արդեն ստացած գնահատականը: Ուսուցչուհիներից մեկը հենց այդ պատճառով է նրա հետ վիճաբանություն ունեցել եւ գրիչն ու մատյանը երեսին նետելով՝ հեռացել դպրոցից: Եթե իր կոլեգայի նկատմամբ տարրական հարգանք չունի, ես ու իմ երեխան նրա համար ո՞վ ենք»:
Սուսաննա Նազարյանի նկատմամբ ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնում հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է, դպրոցի հանրապետական տնօրենն էլ անգործ նստած չէ՝ մոբիլիզացրել է գործընկերներին՝ մարզի դպրոցների տնօրեններին: Նրանցից ստորագրություններ է հավաքում՝ կուսակցության տարածքային կազմակերպություն ներկայացնելու եւ իր «անմեղությունն» ապացուցելու համար: Ստորագրահավաքը մեկնարկել է օրեր առաջ՝ Էջմիածնի ռեստորաններից մեկում:
Փետրվարի 22-ին Արմավիրի մարզի Գայ գյուղի դպրոցի նորակառույց մասնաշենքի բացումն էր, որին ներկա էին մարզի կրթօջախների գրեթե բոլոր տնօրենները, բացառությամբ Սուսաննա Նազարյանի: Բացումից հետո տնօրենները հրավիրվել են ռեստորան, ուր արդեն Սուսաննա Նազարյանը ներկա էր: «Չնայած զգացվում էր, որ լարված է, բայց իրեն այնպես էր պահում, ասես՝ ոչինչ էլ չի պատահել: Տղամարդու պես մի քանի բաժակ խմեց, թուլացավ, հայրենասիրական ինչ-որ երգ պատվիրեց ու սկսեց պարել: Հետո դատարկ թուղթ դեմ տվեցին, որ ստորագրենք: Ասացին՝ Սուսանին է պետք. բովանդակությունը հետո կգրվի: Դե, ի՞նչ պիտի անեինք՝ ստորագրեցինք»,- «Առավոտին» պատմեց ուսուցիչներից մեկը, որի կարծիքով՝ ռեստորանի այդ հավաքույթը հատուկ էր սարքած՝ բոլոր տնօրեններին մեկտեղելու եւ միանգամից խնդիրը լուծելու համար: Հարցին, թե՝ տնօրեններին հավաքելն այդքան դժվա՞ր բան է, որ դրա համար հատուկ առիթ էին փնտրում, պատասխանեց՝ դժվար չի, բայց պաշտոնական միջավայրում նման «առաջադրանքը» դիրքի չարաշահում կդիտվեր, իսկ այսպես՝ այլ ընկալում ունեցավ. «Չնայած բոլորն էլ հասկացան՝ ինչ կատարվեց»:
Մեր աղբյուրի աչքից չէր վրիպել, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ռեստորանում 30-35 րոպե էր մնացել. «Սուսանի բենեֆիսն ու ստորագրահավաքը մարզպետի գնալուց հետո եղավ»,-պատմեց ուսուցիչը:

Հ. Գ. Քրեական գործի հարուցումից հետո Սուսաննա Նազարյանը շարունակում է պաշտոնավարել: Էջմիածինցիները պատմում են, որ մարդիկ տեսել են, թե ինչպես է մինչեւ ուշ գիշեր վառ եղել դպրոցի տնօրենի աշխատասենյակի լույսը: Թե ինչ է արել ուշ ժամին տնօրենը աշխատասենյակում՝ չգիտենք, բայց այն, որ պաշտոնական լիազորությունները անցնելու մեղադրանք կրող եւ կամովին հեռանալ չցանկացող տնօրենի ձեռքի տակ են դպրոցի ողջ փաստաթղթերը՝ մտորելու, անհանգստանալու տեղիք է տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել