Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԴՈՒՌԸ ՓԱԿ ԷՐ

Մարտ 01,2011 00:00

Փետրվարի 28-ի առավոտյան, ժամը 9-9.30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժին, ինչի արդյունքում պարզվել է, որ մուտքի դուռը փակ է, աշխատակիցներից որեւէ մեկը չի ներկայացել աշխատանքի, չնայած բաժնի մուտքի մոտ փակցված է եղել, որ աշխատանքները սկսվում են ժամը 9.00-ին: ՀՀ քաղաքացիական կացության մասին օրենքի 78-րդ հոդվածի համաձայն, Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման (ՔԿԱԳ) մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները: Իսկ ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Հենց նույն օրենքի պահանջով կարեւոր է տեղական ինքնակառավարման եւ իրավասու այլ մարմիններին առաջարկություններ ներկայացնել ՔԿԱԳ մարմնի ղեկավարներին կամ աշխատողներին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ: Ուստի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն երեկ արդեն գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ քննարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ արդյունքների մասին տեղեկացնել: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարարը հունվարի 17-ի մամուլի ասուլիսում ասել էր, որ նախարարության աշխատակիցներն առանց զգուշացնելու եւ որպես շարքային քաղաքացիներ, այցելելու են համակարգի տարբեր կառույցներ: Ավելի քան մեկ ամիս առաջ, հունվարի 24-ին, տրվեց ակցիայի մեկնարկը եւ նախարարն անձամբ էր այցելել մի քանի նոտարական գրասենյակ՝ պարզելու, թե ինչպես են աշխատում եւ քաղաքացիներին ծառայություն մատուցում նոտարները: Ուստի համանման «այցելությունները» կրելու են պարբերական բնույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել