Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեկուսացնելու անհրաժեշտություն չկար

Մարտ 01,2011 00:00

Երեկ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Եվա Դարբինյանի նախագահությամբ լսվեց ՊՆ ժամկետային զինծառայող Գեւորգ Միրզոյանի եւ նրա փաստաբան Ռուբեն Բալաբանյանի վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարան էր դիմել նաեւ Միրզոյանի զորամասի հրամանատար Ա. Հարությունյանը:
Իսկ տեղի էր ունեցել հետեւյալը. զինանոցում զենքերի հաշվառման ժամանակ Գ. Միրզոյանի հետ սկսել էր անհարկի կատակել մի զինվոր: Ըստ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 27-ի վճռի՝ «Միրզոյանը բռնելով զինվորի թեւից՝ զորանոցից դուրս էր հրավիրել նրան: Գնդի գումարտակի մուտքի մոտ հարվածել էր զինվորի դեմքին»: Այդպիսով, կատարել էր զինվորական փոխհարաբերություններին ուղղված քայլ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանքի որոշում էր կայացրել:
Զորամասի հրամանատարությունը հրավիրել էր ընդհանուր ժողով, որտեղ նշել էր, որ զինծառայող Միրզոյանը այդ միջադեպի համար 5 օր կալանքի է ենթարկվել, ընդունելով իր սխալը:
«Նա հրամանատարության կողմից տրված հանձնարարությունները կատարում է ճիշտ եւ ժամանակին, անշեղորեն պահպանում է կանոնադրային հարաբերությունները, կարողանում է պահել պետական եւ ռազմական գաղտնիքները, վայելում է հրամանատարության եւ համածառայողների համակրանքը: Այս որակական հատկանիշների առկայությամբ վերացել է զինծառայությունից նրան մեկուսացնելու անհրաժեշտությունը»,- արձանագրել էր ընդհանուր ժողովը:
Սակայն դատարանը անփոփոխ է թողել մարզի դատարանի դատավճիռը, ինչը, ըստ փաստաբան Ռուբեն Բալաբանյանի՝ ճիշտ չէր. «Իմ պաշտպանյալին մնացել է 4 ամիս՝ մինչ ծառայության ավարտը: Ո՞վ է շահելու, երբ Գեւորգին մեկուսացնեն: Նա արդեն ուղղվել է եւ նրան ազատազրկելու իմաստ չկա: Վերաքննիչը չհարգեց ոչ միայն իմ միջնորդությունը, այլեւ զորամասի ժողովի եւ հրամանատարության, որն ավելի իրական էր եւ բխում էր պետության ծառայողական շահերից»:
Փաստաբանը հայտնեց, որ այս որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել