Պատճառաբանելով, որ դա օրենքի պահանջն է
Օրերս «Առավոտին» էին դիմել մայրաքաղաքում բիզնես գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ, որոնք անհանգստացած հայտնում էին, որ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության աշխատակիցները իրենց ստիպում են առեւտուր իրականացնելու թույլտվության համար նախապես վճարել: Տնտեսվարողներին ժամանակ են տվել մինչեւ այսօր: «Մինչեւ այժմ մենք այդ գումարները վճարել ենք ամսական կամ էլ տարվա վերջին ամիսներին, չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ են բիզնեսի փոքր եւ միջին օղակի վրա պարտավորություններն ավելացնում եւ փորձում մեր հաշվին միայն բյուջե լցնել»,- մեզ հետ զրույցում դժգոհում էր տնտեսվարողներից մեկը: Նշենք, որ սա վերաբերում է բոլոր հաստատություններին, որտեղ առեւտուր է իրականացվում եւ աշխատում են շուրջօրյա՝ բենզալցակայաններ, ավտոլվացման կետեր, հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտներ, սաունաներ, շահումով խաղեր կազմակերպող հաստատություններ եւ այլն: Քաղաքապետարանի աշխատակիցները այս հաստատություններից պահանջում են վճարել եւ ցերեկվա, եւ գիշերվա ժամերին առեւտուր իրականացնելու թույլտվության համար: Ըստ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության, այս ամենն արվում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որով նախատեսվում է, որ այս վճարումները պարտադիր են եւ դրանք պետք է ամբողջ տարվա համար վճարել նախօրոք, իսկ տեղական տուրքի տվյալ տարվա կոնկրետ դրույքաչափը սահմանում է համայնքի ավագանին: Նկատենք, որ, ըստ օրենքի, սա վերաբերում է ժամը 24-ից հետո առեւտուր իրականացնող հաստատություններին: Ժամը 24.00-ից հետո աշխատեցնելու թույլտվություն ստանալու համար տնտեսվարողն իսկապես պետք է դիմի վարչական շրջանի ղեկավարին, նախապես վճարի տեղական տուրքը, ստանա թույլտվություն եւ նոր միայն ծավալի գործունեություն։
Այս տարվա համար Երեւանում ժամը 24.00-ից հետո տնտեսական գործունեության թույլտվություն ստանալու համար առեւտրի oբյեկտները պետք է վճարեն 87.500 դրամ, հանրային սննդի եւ զվարճանքի oբյեկտները՝ 175 հազար դրամ, սաունաները՝ 875.000 դրամ, խաղատների կազմակերպման համար՝ 1 միլիոն 750.000 դրամ, շահումով խաղերի կազմակերպման համար՝ 875.000 դրամ, իսկ վիճակախաղերի կազմակերպման համար՝ 262.000 դրամ:
Թե ինչու նախորդ տարիներին քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության աշխատակիցները հնարավորություն տալիս էին գիշերային ժամերին գործունեություն ծավալելու համար վճարները կատարել ամսական կամ տարվա վերջին ամիսներին, իսկ այս տարի նրանք ստիպում են դա անել փետրվարին, Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից պարզաբանեցին, որ մինչեւ այժմ դա արվել է անօրինական կամ ծանոթների միջամտությամբ, իսկ այս տարի իրենց աշխատակիցներն առաջնորդվում են օրենքով. «Ինչ վերաբերում է ձեր նշած փետրվար ամսին, ապա ասենք, որ տնտեսվարողներն են ուշացրել- հասցրել մինչեւ փետրվար, տուրքերը վճարելու ժամանակը հունվար ամսին էր»: