Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՐԱԶԱՏԻ՞Ց ԷԼ ԵՆ 100-ՀԱԶԱՐՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Մարտ 01,2011 00:00

Մետրոպոլիտենը մարդկանց բիզնեսն ինչպես ուզում՝ տնօրինում է

\"\" \"\"

Մեր երկրի տնտեսության համար պատասխանատուները փոքր ու միջին բիզնեսի զարգացումը գերակա խնդիր են համարում, սակայն նրանց խոսքն ու գործը շատ հաճախ չի համընկնում: Հատկապես փոքր խանութներն ու սննդի օբյեկտները խեղդվում են խոշորների ձեռքում, քանի որ հենց այդ փոքրերի կողքին օրը մի հսկայական սուպերմարկետ կամ սննդի կետ է բացվում: Բիզնեսի կանոնների նման կոպիտ խախտումները բավական չեն, չինովնիկներն էլ իրենց հերթին են տնտեսվարողների համար խնդիրներ առաջացնում: «Կաղզվան» կոոպերատիվը, որը մոտ 20 տարի զբաղվում է սննդի սպասարկմամբ, մի քանի տարի է՝ պայքարում է բիզնեսը փրկելու համար: Կոոպերատիվը հիմնվել է 1991-ին, եւ տնօրենը՝ Ս. Մ.-ն, ինչպես որ օրենքն է պահանջում, աշխատել է համապատասխան պայմանագրով ու վճարել է հարկեր: Սակայն, ինչպես որ մեր երկրում է պատահում, մի գեղեցիկ օր լծակներ ունեցող մարդիկ սկսել են ճնշել կոոպերատիվի տիրոջը՝ նպատակ ունենալով նրան զրկել տարածքից: Նշենք, որ կոոպերատիվին պատկանող կրպակը գործում է Երեւանի մետրոպոլիտենի վարչական շենքին կից՝ Բաղրամյան 76 հասցեում: Այն զբաղեցնում է 20.9 քմ տարածք եւ պատկանում է Մետրոպոլիտենին, որի ղեկավարությունն էլ այն վարձակալությամբ տրամադրել է Ս. Մ.-ին: 2003-ին կրպակի տերը, սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու համար, դիմում է Մետրոպոլիտենի այն ժամանակվա տնօրեն Վ. Հակոբյանին, որպեսզի կրկին վարձակալությամբ մի փոքր տարածք հատկացնի: Տիկինը, ինչպես որ օրենքն է պահանջում, կրպակը գրանցում է կադաստրում եւ հանդիսանալով կրպակի սեփականատեր, հողի վարձակալության պայմանագիր է կնքում նաեւ քաղաքապետարանի հետ՝ միանվագ վճարելով 5 տարվա վարձը: Սակայն Մետրոպոլիտենն էլ իր հերթին է տիկնոջից պահանջում 3 ամսվա վարձ՝ 105 հազար դրամ: Որոշ ժամանակ անց Մետրոպոլիտենի ղեկավարությունը քաղաքապետարանից պահանջում է տիկնոջ հետ կնքած պայմանագիրը չեղյալ համարել՝ պատճառաբանելով, որ տարածքն իրենն է, եւ տիկինը պետք է միայն իրեն վճարի: Տիկին Ս. Մ.-ի խոսքերով, սա միայն մեկ բացատրություն ունի. Մետրոպոլիտենը զրկվում էր մեծ գումարներից, որը պետք է վճարեր քաղաքացին: Այսինքն՝ եթե տիկին Ս. Մ.-ն քաղաքապետարանին պետք է վճարեր մոտ 10 հազար դրամ, ապա Մետրոպոլիտենին՝ 10 անգամ ավելի, քանի որ վերջինս իր հայեցողությամբ է «տեղի» վարձը սահմանում: Կոոպերատիվի եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագիրը անվավեր ճանաչելու հետեւանքով տիկին Ս. Մ.-ին զրկում են նաեւ կադաստրի հաստատած կրպակի սեփականության վկայականից: Արդյունքում «Կաղզվան» ընկերությունը խոշոր գումարային վնասներ է կրում, որը ոչ մի պետական ատյան այդպես էլ չի փոխհատուցում: «Կաղզվանը» կրկին դիմում է Մետրոպոլիտենի տնօրինությանը՝ հողի վարձակալության պայմանագիր կնքելու համար: Այս անգամ էլ տնօրինությունը պատճառաբանում է, թե փաստաթղթային որոշակի փոփոխություններ կատարելու հետեւանքով այդ պահին չի կարող պայմանագիր կնքել, սակայն տիկին Ս. Մ.-ին բանավոր հայտնում է, որ 2005-2009 թթ. համար Մետրոպոլիտենին պետք է վճարի 3 մլն 124 հազար դրամ: Կոոպերատիվի տնօրենի խոսքերով, այս անգամ էլ Մետրոպոլիտենն իր քմահաճույքով է գումար սահմանել, եւ մոտ 500 հազար դրամ ավելի է ուզել:
 2009-ին էլ տիկնոջը տեղեկացնում են, որ կոոպերատիվը Մետրոպոլիտենին պարտք է 1մլն 630 հազար դրամ, ինչը, Ս. Մ.-ի խոսքերով, ուղղակի՝ անօրինական պահանջ է. «Ես բոլոր վճարներս կատարել եմ նոտարով հաստատված փաստաթղթերով: Իսկ նոր տնօրեն Փայլակ Յայլոյանը եկավ ու իր ուզած գումարը պահանջեց»: Տիկնոջ ներկայացմամբ, ինքն այդ գումարն էլ է հայթայթել ու վճարել, որպեսզի թողնեն աշխատի: Սակայն այդ վճարներից հետո էլ նրան թույլ չեն տվել կրպակը վերանորոգել եւ սանհանգույց կառուցել: Տիկնոջ՝ Երեւանի քաղաքապետարան դիմելուց հետո, նրա նամակը կրկին մակագրվել է Մետրոպոլիտենին: Նոր պայմանագիր կնքելու համար այս անգամ էլ Մետրոպոլիտենի տնօրինությունը նրանից պահանջել է մոտ 900 հազար դրամ, թե ինչի համար՝ տիկինն էլ չի հասկանում: Ըստ տիկնոջ, Մետրոպոլիտենի տնօրինությունը պարզապես ուզում է իրեն այդ տարածքից վտարել եւ այն տրամադրել իր մտերիմներից մեկին. «Ես պնդում եմ, որ այդ գումարի պահանջը անօրինական է: Քանի որ 1 տարուց ավելի կոոպերատիվը չի աշխատել, բացի այդ, այդ ամիսների ընթացքում ես փաստաթղթային քաշքշուկների մեջ էի եւ ոչ մի պայմանագիր չունեի աշխատելու համար: Մետրոպոլիտենն ի՞նչ հիմքով է ինձնից նման խոշոր գումար պահանջում, ոչ մի պատասխան չեմ ստանում»:
Նկատենք, որ Մետրոպոլիտենին պատկանող տարածքում կան կրպակներ, որոնք պայմանագիր են կնքել քաղաքապետարանի հետ եւ անհամեմատ ցածր հարկեր են վճարում, իսկ Ս. Մ.-ն այդ նույն տարածքում գործող խանութների եւ կրպակների հետ անհավասար պայմաններում է գործում: Ընդ որում, տիկնոջ պատմելով, Փ. Յայլոյանը Մետրոպոլիտենի վարչական շենքում իր որդուն տարածք է հատկացրել, որը որպես կարաոկե ակումբ է գործում:
«Առավոտը» փորձեց Մետրոպոլիտենից ճշտել, թե ի՞նչ հիմքով են նույն տարածքում տարբեր վարձակալների համար տարբեր վարձեր սահմանում եւ եթե պայմանագիր գոյություն չունի, ապա 900 հազար դրամ ինչի՞ համար են պահանջում: Մեր հարցերին ի պատասխան, Մետրոպոլիտենի լրատվական հարցերով պատասխանատուն՝ Նինել Վարդանյանը փոխանցեց, որ տնօրենը վերջին շրջանում շատ է հարցազրույցներ ունեցել լրատվամիջոցների հետ եւ հրահանգել է այլեւս ոչ մի հարցազրույց չկազմակերպել՝ հայտնելով, որ խիստ զբաղված է: Մեր համառ ջանքերից հետո մեզ հաջողվեց խոսել Մետրոպոլիտենի պայմանագրային բաժնի պետ Վահագն Հարոյանի հետ:
Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ եթե տիկինը վճարի 900 հազար դրամը, իրենք պատրաստ են պայմանագիրը կնքել: Մեր հարցին՝ այդ գումարը մի՞թե անօրինական պահանջ չէ, քանի որ տիկինը մինչ այդ ոչ մի պայմանագիր էլ չի ունեցել, պարոն Հարոյանն ասաց՝ տարածք է զբաղեցրել. «Կարող էինք այդ տարածքը տալ ուրիշին, փող վերցնեինք»:
Մեր այն հարցին, թե տարածքի «տեղի վարձը» ի՞նչ սկզբունքով են սահմանում, որ նույն հատվածում տարբեր տնտեսվարողների տարբեր գներով են տալիս, պարոն Հարոյանն ասաց՝ գնացուցակը որոշում է տնօրենների խորհուրդը: Հետաքրքիր է՝ տնօրենների խորհուրդը Փ. Յայլոյանի որդու համա՞ր էլ նույնպիսի թանկ որոշում է կայացրել մեր հարցին, երբ խնդրեցինք այլ տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերն էլ ցույց տալ, բաժնի պետը պատասխանեց, որ դա կարվի միայն պարոն Յայլոյանի հրահանգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել