Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ» ՇՏԿԵԼ Է ՊԵՏՔ

Մարտ 01,2011 00:00

Կառավարության նախատեսած 6-ամսյա անտոկոս վարկերից կարող են օգտվել այն վարորդները, ովքեր վրացական պետհամարանիշներով մեքենաներ են ներմուծել մինչեւ 2011թ. հունվարի 26-ը: Սոցիալապես անապահով վարորդներին կառավարությունը վարկեր կտրամադրի համաձայն պայմանագրի, որը ենթադրում է նաեւ գույքի գրավադրում: Երեկ այս մասին մանրամասնեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ գրավադրված գույքը կալանքի տակ կառնվի, եթե վարորդները ժամանակին չկատարեն վճարները՝ ամսական մոտ 150 000 դրամ: Նախարարի համոզմամբ, 6 ամսով վարկերի տրամադրումը խելամիտ ժամկետ է:
Ինչ վերաբերում է վարորդների դժգոհություններին, որ Վրաստանում մաքսազերծումն ավելի մատչելի է, քան մեզ մոտ, նախարարը հերքեց՝ նշելով, որ Հայաստանում որեւէ բան չի կարող ավելի թանկ լինել, քան Վրաստանում: Ավելի ուշ հակասեց իր ասածին. «Հայաստանում մաքսային ընթացակարգերը լավագույնը չեն, դրանք քննարկման ենթակա են: Հայաստան մեքենա ներմուծելն ավելի թանկ է, քան Վրաստանում գնված մեքենան այստեղ բերելը, կարծում եմ՝ սա արդարացի չէ»: Նախարարին մտահոգում է, որ ՀՀ շատ քաղաքացիների հաջողվում էր տարբեր միջոցներով երկարաձգել «ժամանակավոր ներմուծումը»: Նրա խոսքով, միեւնույն մեքենան մեկ տարվա ընթացքում տասնյակ սեփականատերերի է փոխել՝ գրանցվելով ընդհուպ մինչեւ Վրաստանի քաղաքացիների անունով:
Ըստ նախարարի՝ մինչեւ 2005թ. արտադրված եւ 5 մլն դրամ արժողությամբ մեքենաների մաքսատուրքը գնի 32%-ն է կազմում՝ մոտ 1 միլիոն դրամ: Նա դժվարացավ պատասխանել, թե 32% մաքսատուրքի դեպքում պետությունն ում է պաշտպանում՝ քաղաքացո՞ւ, թե՞ իր շահերը: Վ. Գաբրիելյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչու է անձնական նպատակներով ներմուծվող մեքենաների համար գործում նույն հարկային ռեժիմը, ինչ առեւտրային գործունեության համար է սահմանված: Միայն նշեց, որ խնդիրը կարգավորելու համար պատգամավորները կարող են օրենսդրական առաջարկություններ ներկայացնել:
Չնայած օրերս նախագահի մամուլի քարտուղարի արած հայտարարությանը, որ ՀՀ մատակարարվող գազի սակագները կմնան անփոփոխ, իսկ սոցիալապես անապահովների համար գները նույնիսկ կնվազեն, նախարարը վստահեցրեց, որ սուբսիդավորման անհրաժեշտություն չկա, բյուջեում էլ նման գումարներ նախատեսված չեն: Թե ինչպես են անապահովներն էժան գազ ստանալու, Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել