Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայէկոնոմբանկը» գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը»

Մարտ 01,2011 00:00

\"\"«Առավոտի» հարցազրույցը «Հայէկոնոմբանկ»  ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ

– Պարոն Սուքիասյան, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Հայաստանում արդեն գործում է կենսաթոշակների վճարման նոր ընթացակարգը, որն իրականացվում է առեւտրային բանկերի միջոցով: Այսինքն՝ թոշակառուն ինքնուրույն է որոշում, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը՝ կանխի՞կ եղանակով՝ փոստատարի, թե՞ անկանխիկ՝ իր կողմից ընտրած բանկում հաշիվ բացելու միջոցով: Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված այս որոշման ընդունումը, եւ ի՞նչ կտա այն շարքային թոշակառուին:
– Կարծում եմ, կառավարությունը անհրաժեշտ քայլ է կատարել, որով ազատականացվում է կենսաթոշակների վճարման ծառայությունների շուկան: Միշտ դրական է պետք գնահատել հերթական մենաշնորհի քայքայումը, քանի որ մրցակցային դաշտի բացակայությունը ուշ թե շուտ բերում է լճացման: Իսկ այս քայլը կնվազեցնի վճարման գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը եւ կբարելավի թոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը: Բոլորս գիտենք, որ բանկային համակարգը Հայաստանում կայացած է եւ ունակ՝ իրականացնելու բարձրորակ սպասարկում: Ասեմ նաեւ, որ կենսաթոշակների վճարման այսպիսի հայեցակարգը վաղուց եւ շատ արդյունավետ աշխատում է բոլոր քաղաքակիրթ երկրներում:
– Իսկ մեր բանկերը, մասնավորապես «Հայէկոնոմբանկը», պատրա՞ստ են աշխատել տարեց մարդկանց հետ, որոնք առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն:
– Կարծում եմ, որեւէ խնդիր չպետք է առաջանա: Մենք այս հարցը քննարկել ենք «Հայէկոնոմբանկի» խորհրդի նիստում, բազմաթիվ հանձնարարականներ ենք իջեցրել բանկի վարչությանը, մասնաճյուղերի կառավարիչներին՝ լավագույնս նախապատրաստվելու թոշակառուներին բարձր մակարդակով սպասարկման համար: Անպայման հաշվի կառնենք հաճախորդների այդ զանգվածի առանձնահատկությունները՝ տարիքը, բանկային ծառայություններին լավ ծանոթ չլինելը եւ այլն:
Առիթից օգտվելով՝ հիշեցնեմ, որ կենսաթոշակը ստանալու համար բանկային հաշվի բացումը եւ սպասարկումը լինելու է անվճար, անվճար է տրամադրվելու նաեւ վճարային պլաստիկ քարտը: Թոշակառուն կստանա իր կենսաթոշակը առանց որեւէ գումար կորցնելու, իսկ հաշվին մնացած գումարի վրա կգոյանա նաեւ ավանդային տոկոսադրույք:
– Չե՞ք կարծում, որ դժվար կլինի բացատրել տարեց մարդկանց բանկում սպասարկվելու առավելությունը:
– Ինչ խոսք, շատ կարեւոր է ծավալել լայն բացատրական աշխատանք: Մեր բանկի աշխատակիցները, օրինակ, արդեն պատրաստ են մանրամասն բացատրել թոշակային տարիքի յուրաքանչյուր նոր հաճախորդի ծառայություններից օգտվելու կանոնները, նաեւ նախապատրաստում ենք համապատասխան տեղեկատվական նյութեր՝ գրքույկներ, բրոշյուրներ:
Մեր բանկը շատ լավ գիտակցում է սոցիալական պատասխանատվությունը ավագ սերնդի հանդեպ: «Հայէկոնոմբանկն» ունի մասնաճյուղերի եւ բանկոմատների լայն ցանց, որից օգտվելով՝ կենսաթոշակառուները կստանան իրենց կենսաթոշակը եւ ցանկության դեպքում կկատարեն կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները: Եվ այստեղ նաեւ ասեմ, որ «Հայէկոնոմբանկը» հոգ է տանելու նաեւ այն կենսաթոշակառուների համար, որոնք ի վիճակի չեն այցելելու բանկի մոտակա բաժանմունք կամ օգտվելու բանկոմատից: Այսպես, բանկը կարող է տրամադրել կցված քարտ՝ թոշակառուի հարազատներից որեւէ մեկի անունով: Մենք նաեւ մոտ ապագայում հնարավորություն ենք ստեղծելու նրանց համար, որպեսզի սպասարկվեն տանը, անկանխիկ էլեկտրոնային POS-տերմինալի միջոցով: Ժամանակի ընթացքում բանկի թոշակառու հաճախորդներին կմատուցվեն իրենց կենցաղային խնդիրները թեթեւացնող նորանոր ծառայություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել