Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՈՒՐԻԶՄ ՉԵՍ ԶԱՐԳԱՑՆԻ

Մարտ 01,2011 00:00

\"\"Մեզնից յուրաքանչյուրը, թերեւս, ամենաքիչը մեկ անգամ լսած կլինի դժգոհություններ այն մասին, թե որքան թանկ են ավիատոմսերը Հայաստանում կամ՝ դեպի Հայաստան: Մեր սփյուռքահայ ընկեր-բարեկամները պարբերաբար տրտնջում են, թե որքան «սուղ է» Հայաստանի «թիքեթը», եւ որ շատ ավելի մատչելի է Եվրոպայի ցանկացած երկիր մեկնել հանգստանալու, քան գալ Հայաստան:
Սովորաբար ինքնաթիռների տոմսերի գները կազմավորվում են այս սխեմայով՝ ավիաընկերության սահմանած գինը, գումարած օդանավակայանի ծառայությունների, ավիավառելիքի, ավիագործակալների գումարները:
Տոմսի հիմնական սակագինը ավիաընկերության սահմանած գումարն է՝ հաշվի առնելով սեզոնը, համաձայն վիճակագրության՝ ուղեւորների քանակը, նախատեսված եկամուտները, ծախսերը եւ այլն: Դրան գումարվում է օդանավակայանի «հախը», որի մեջ մտնում են՝ թռիչք-վայրէջքի համար նախատեսված գումարը (այսինքն՝ թռիչքուղուց օգտվելու վճարը, հակահրդեհային եւ այլ տեխնիկական սպասարկումների համար նախատեսված վճարներ),  անվտանգության ապահովման գումարը (անցագրային ռեժիմի, ուղեւորների եւ նրանց անձնական բեռի, ինչպես նաեւ օդանավերի եւ նրանց անձնակազմերի պահպանության եւ ստուգման համար), ինքնաթիռների կայանման համար վճարը եւ ուղեւորների կողմից օդանավակայանից օգտվելու գումարը, որի մեջ մտնում է օդանավակայանում եւ նրա կից տարածքներում ուղեւորների սպասարկումը եւ նրանց տեղեկատվությամբ ապահովելը:
Այսպիսով, աշխարհի տարբեր երկրներում նույն տարածությունն անցնելու համար ինքնաթիռի տոմսերի գինը կարող է շատ տարբեր լինել՝ կախված տարբեր հանգամանքներից՝ տվյալ ավիաընկերության սեփականություն հանդիսացող ինքնաթիռների քանակից եւ որակից սկսած, մինչեւ ավիավառելիքի գինը, օդանավակայանի համար վճարումները եւ այլն:
Շատերը նկատած կլինեն, որ գովազդներում հնչած տոմսի գինը ամենեւին էլ այն չէ, ինչ հետո ստիպված ես լինում վճարել՝ ինքնաթիռի տոմս գնելիս: Բանն այն է, որ գովազդում հնչում է միայն ավիաընկերության սահմանած սակագինը, որին դեռ գումարված չէ օդանավակայանի վճարը եւ հարկերը:
«Զվարթնոցը» կամ ավելի ճիշտ՝ «Արմենիա» միջազգային օդանավակայանները, մեր տեղեկություններով, այնքան էլ մատչելի սպասարկում չի իրականացնում: Այսպես, մեր ունեցած տվյալներով, եթե Եվրոպայի տարածքում ավիավառելիքի միջին գինը 1 տոննայի համար $970-990 է, Մոսկվայում՝ $910-980, Նովոսիբիրսկում $800 է, Հալեպում՝ $978, Դուբայում  $965 է, համեմատաբար թանկ է Ուկրաինայում, մասնավորապես՝ Օդեսայում  $1206 է, ապա մեզ մոտ 1 տոննա ավիակերոսինն արժե $1055, ինչը, համաձայնեք, բավականին բարձր գին է:
Թռիչք-վայրէջքի համար գումարը կախված է ինքնաթիռի քաշից, եւ մեկ տոննայի համար վճարվում է 11,6 եվրո գումար (նկատենք, որ ինքնաթիռների քաշը սովորաբար տատանվում է 50-250 տոննայի շրջանակներում), եւ թռիչքների քանակից: Ինչպես  մեզ  հաջողվեց պարզել ինտերնետային կայքերից, արտասահմանյան օդանավակայաններում թռիչք-վայրէջքների համար նախատեսված է 0,55$ գումար, եւ օրինակ, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում մինչեւ 30%  զեղչ է նախատեսված իրենց ազգային փոխադրողների համար: Այս կապակցությամբ հետաքրքրվեցինք մեր ազգային փոխադրողից՝ «Արմավիայից», թե արդյոք իրենց համար այդ ծառայության դիմաց զեղչ գործո՞ւմ է, պարզվեց՝ ոչ: Ավիաընկերությունները օդանավակայանին վճարում են նաեւ աէրոնավիգացիայի համար՝ էլի կախված ինքնաթիռի քաշից, ինչպես նաեւ՝ թռիչքների քանակից: Այդ գումարը մոտավորապես գալիս է ամիսը մոտ 5 եվրո գումար՝ օդանավի յուրաքանչյուր տոննայի համար:
Ինչ վերաբերում է ուղեւորների սպասարկմանը, ապա յուրաքանչյուր ուղեւորի համար օդանավակայանը նախատեսել է 20 եվրո, հետեւաբար, ցանկացած տոմսի արժեքից 20 եվրո մենք վճարում ենք օդանավակայանին՝ մեզ սպասարկելու եւ մեր անվտանգությունն ապահովելու համար: Իսկ թե որքան նպատակասլաց են աճում օդանավակայանում մեքենան կայանելու գները՝ կարող է փաստել հաճախակի գործուղումների մեկնող ցանկացած անձ: Եթե որոշ ժամանակ առաջ օդանավակայանի տարածք մտնող ավտոմեքենաները կարող էին 30 րոպե, դրանից հետո՝ 20 րոպե անվճար կայանել, հիմա ընդամենը 15 րոպե կարող են անվճար մնալ օդանավակայանի տարածքում, ու հետո յուրաքանչյուր ժամի համար վճարել 400 դրամ, ընդ որում, եթե կայանել ես 1 ժամ եւ 01 րոպե, ապա վճարելու ես արդեն 2 ժամվա համար:
եթե այս ամենին գումարենք նաեւ օդի 10 000 դրամանոց հարկը, որը հիմա անմիջականորեն տոմսի արժեքի մեջ է մտած, ապա կստացվի, որ Հայաստանից եւ դեպի Հայաստան թռիչքների թանկ տոմսերի համար մենք պարտական ենք ոչ միայն ավիաընկերությունների, այլեւ օդանավակայանի մեծ ախորժակներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել