Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Մարտ 01,2011 00:00

\"\"
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Պատմաբանի հայացք

Հայաստանում տեղի ունեցած ներիշխանական վերջին գործընթացները, ինչպես նաեւ Քոչարյանի կողմից պարբերաբար արվող հայտարարությունների նպատակը հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ ոչ վաղ անցյալում նրա կատարած որոշ քայլերի: 2003 թ. նախագահական կեղծված ընտրություններից հետո ապագայում իշխանությունը պահպանելու համար կար քոչարյանական երկու հիմնական սցենար, որոնք բացառապես պայմանավորվում էին 2007 թ. խորհրդարանական ընտրություններից Քոչարյանի ակնկալած արդյունքով: 2007թ. պառլամենտում իրեն հնազանդ մեծամասնություն ունենալու դեպքում Քոչարյանը փորձելու էր սահմանադրական սողանքներ հորինելով, օրինակ՝ 2005թ. սահմանադրական փոփոխությունների մեծածավալությունը վկայակոչելով այն ներկայացնել որպես նոր սահմանադրություն, որը իբր թույլ կտար դա մեկնաբանել որպես նախագահական առաջին ժամկետ եւ առաջադրվել նախագահական առաջին, բայց իրականում երրորդ ժամկետում, որը նրա մաքսիմում ծրագիրն էր, կամ համապատասխան ներքաղաքական կոնֆիգուրացիայի եւ արտաքին ազդակների դեպքում դառնալ վարչապետ՝ իրականացնելով իր մինիմում կամ պահեստային ծրագիրը: Քոչարյանը թերեւս գիտակցում էր, որ երրորդ ժամկետում ՀՀ նախագահ առաջադրվելու փորձը իր համար կարող էր կործանարար լինել, որովհետեւ այդ քայլը տրամաբանորեն կհանդիպեր միջազգային հանրության կոշտ վերաբերմունքին, նախագահական հավակնություններ ունեցող եւ 2007 թ. խորհրդարանական մեծամասնությունը ղեկավարող Սերժ Սարգսյանի հակազդեցությանը եւ, որ ամենակարեւորն է՝ վախը իրեն մշտապես մերժած ժողովրդի ընդվզումից: Ուստի ապագայում իշխանությունը պահպանելու համար Քոչարյանին մնում էր մի ճանապարհ՝ օգտագործելով, այսպես կոչված, պահեստային եւ ինչ-որ չափով իրատեսական թվացող տարբերակը՝ վերակենդանացնել 2003 թ. իր նախաձեռնած սահմանադրական տապալված հանրաքվեի գործընթացը եւ ձեռնամուխ լինել 2005 թ. սահմանադրական փոփոխություններին՝ հեռանկարում նպատակ ունենալով գոնե իրականացնելու իր մինիմում ծրագիրը՝ դառնալ վարչապետ: Իշխանությունը պահպանելու քոչարյանական պատկերացումները ամրագրվեցին 2005 թ. սահմանադրական փոփոխություններում եւ կյանքի կոչվեց, այսպես կոչված, ուժեղ պառլամենտ՝ տրամաբանորեն նաեւ կառավարություն ու վարչապետ, բայց լիազորություններով բավականաչափ թուլացված հանրապետության նախագահ ֆորմուլան: Հատկանշական է, որ սահմանադրական փոփոխությունների մի շարք կարեւորագույն դրույթներ ուժի մեջ էին մտնելու Քոչարյանի նախագահության ժամկետը լրանալուց հետո, այսինքն՝ նրան ձեռնտու պահից: 1995 թ. Սահմանադրության համեմատ՝ 2005 թ. սահմանադրական փոփոխություններով էականորեն մեծացվեցին խորհրդարանի՝ տրամաբանորեն նաեւ կառավարության ու վարչապետի լիազորությունները եւ զգալիորեն նվազեցվեցին ՀՀ նախագահի իրավասությունները: Բերեմ ընդամենը երկու օրինակ. 1995-ի Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո կարող էր արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություններ: Այսինքն՝ իրականում որեւէ հետեւանք չունեցող եւ ձեւական բնույթ կրող «խորհրդակցելուց» հետո հանրապետության նախագահի բացառիկ իրավունքն էր փաստորեն իր միանձնյա որոշմամբ արձակել պառլամենտը: Իսկ 2005 թ. սահմանադրական փոփոխությունների հոդված 74.1-ով «Հանրապետության նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:
Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.
բ) հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում»: Այսինքն, այս դեպքում հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովի արձակումը արարողակարգային է եւ բացառապես պայմանավորվում է Ազգային ժողովի վարքագծով կամ խորհրդարան-կառավարություն փոխհարաբերություններով: 1995թ. Սահմանադրությամբ հանրապետության նախագահը նշանակում եւ ազատում է վարչապետին (հոդված 55): Այսինքն՝ Հանրապետության նախագահը փաստորեն միանձնյա է որոշում վարչապետի նշանակման հարցը: Հասկանալի է, որ վարչապետի նշանակման ժամանակ հաշվի է առնվում նաեւ խորհրդարանական ուժերի հարաբերակցությունը, որը, սակայն, վճռական նշանակություն չուներ: 2005թ. սահմանադրական փոփոխությունների համաձայն (հոդված 55), հանրապետության նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բախշման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Այսինքն, ի տարբերություն 1995թ. սահմանադրության, 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում վարչապետի նշանակման հարցում խորհրդարանին վերապահվում է վճռական դերակատարություն: Միայն միամիտները կարող են կարծել, որ կառավարման ավտորիտար մեթոդների ջերմեռանդ երկրպագու Քոչարյանը փոխելով սահմանադրությունը եւ էականորեն մեծացնելով, օրինակ, պառլամենտի լիազորությունները՝ ի հաշիվ ՀՀ նախագահի լիազորությունների, առաջնորդվել է դեմոկրատիային կամ պառլամենտարիզմի գաղափարներին տուրք տալու մղումներով: Իրականում նա բացառապես առաջնորդվել է ապագայում սեփական իշխանությունը պահպանելու հրամայականով: Այսպիսով, 2005 թ. սահմանադրական փոփոխությունների կնքահայր Քոչարյանը այդ փոփոխությունները ձեւել էր իր կամ իր պատկերացրած թույլ իրավահաջորդի հագով, սեփական իշխանությունը երկարաժամկետ պահպանելու տրամաբանությամբ: Այդ տեսակետից Քոչարյանի համար ճակատագրական ու վճռական էին 2007 թ. խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում նա ձգտում էր ունենալ իրեն հնազանդ ու կառավարելի այնպիսի պառլամենտ, որտեղ, օրինակ՝
ա) ԲՀԿ-ն կունենար որակյալ մեծամասնություն, բ) միասին, բայց ԲՀԿ-ի գերակշռությամբ այդպիսի մեծամասնություն կունենար ԲՀԿ-Դաշնակցություն զույգը, գ) ԲՀԿ-ի գերակշռությամբ մեծամասնություն կունենար ԲՀԿ-Հանրապետական-Դաշնակցություն եռյակը: Քոչարյանի համար ընդունելի, բայց նվազ ցանկալի կարող էր լինել, այսպես կոչված, մոզաիկ պառլամենտ ձեւավորելը, որտեղ ներկայացված փոքրաթիվ քաղաքական ուժերը կլինեին հեշտ կառավարելի: Այդ դեպքում եւս նա կստանձներ արբիտրի դեր: Ակնհայտ է, որ իր կամ իր դրածոյի դեմքով իշխանութունն անժամկետ պահպանելու քոչարյանական ծրագրերում օբյեկտիվորեն բացառվում էր Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության միայնակ որակյալ մեծամասնություն ունենալու տարբերակը: Այդ տեսակետից մասնավորապես պարբերաբար հրապարակ նետվող քոչարյանական վարչապետական մինիմում ծրագիրը ձախողվել է թերեւս 2007 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որտեղ հաղթեց Հանրապետականը: 2005թ. սահմանադրական փոփոխությունների հետեւանքով իշխանության կենտրոնը նախագահական ինստիտուտից սահուն ձեւով տեղափոխելով պառլամենտ՝ տրամաբանորեն նաեւ կառավարություն ու վարչապետական ինստիտուտ, Քոչարյանը հույս ուներ, որ 2007 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում այս կամ այն կոնֆիգուրացիայով պառլամենտում կունենա բացառապես իրեն հնազանդ մեծամասնություն, որի պարագայում ապագայում իշխանության կողմից ՀՀ նախագահի եւ վարչապետի ընտրության կամ նշանակման հարցը կորոշի միանձնյա: Դրանից հետո կգործեր հնազանդ ՀՀ նախագահ-հնազանդ կառավարություն կամ վարչապետ քոչարյանական բանաձեւը, որի ժամանակ երկրորդական կդառնար, թե անձամբ Քոչարյանի՞, թե՞ ուրիշի դեմքով հանդես կգային ՀՀ նախագահը կամ կառավարության ղեկավարը: Եթե 2007թ. ընտրությունների արդյունքում իր գծագրած Ազգային ժողովում Քոչարյանը ունենար իրեն անվերապահորեն ենթակա մեծամասնություն եւ հետագայում դառնար վարչապետ, ապա նրա դրածո ՀՀ նախագահը Քոչարյանի մոտ արտահաստիքային կարգով կկատարեր ՀՀ նախագահի պարտականությունները: Բնականաբար, Քոչարյանի քաղաքական ծրագրերում առաջնահերթ էր՝ ինչ-որ ձեւ գտնելով, 3-րդ ժամկետում ՀՀ նախագահ առաջադրվելու տարբերակը, որը ամենայն հավանականությամբ բացառվեց 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ Հանրապետական կուսակցությունից նրա կրած պարտության հետեւանքով: Եթե Քոչարյանը անվերապահորեն վստահեր Հանրապետականին եւ իրոք ցանկանար, որ Սերժ Սարգսյանը առաջադրվեր կամ ընտրվեր ՀՀ նախագահ, ապա հազիվ թե ԲՀԿ-ն ստեղծվեր: Քոչարյանի վերջին հայտարարությունը, որ ՀՀԿ պատգամավորական ցուցակը անուն առ անուն համաձայնեցվել է իր հետ, որը մեկ անգամ եւս պատկերացում է տալիս նրա մարդկային եւ քաղաքական որակների մասին, ուներ մեկ հիմնական նպատակ: Դրանով նա ակնհայտորեն հասկացնում էր, որ ԲՀԿ-ին կդրդի դուրս գալ կոալիցիայից, իսկ զուգահեռաբար իր հրահանգով ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը կլքեն պրոքոչարյանական համարում ունեցող որոշ պատգամավորներ՝ ստեղծելով պատգամավորական խումբ: Այդպիսով, երկու ճակատով հարվածելով հանրապետության գործող նախագահին, նա կփորձեր ապակայունացնել ներքաղաքական՝ առանց այն էլ փխրուն իրավիճակը եւ հավակնել, օրինակ, վարչապետական աթոռին, ներկայի կամ ապագայի համար ստանալ իր անվտանգության, թալանածը հանգիստ վայելելու, կամ քաղաքական վերակենդանացման համար անհրաժեշտ որոշ երաշխիքներ: Ժամանակին «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում նշել եմ, որ հանրապետության նախագահի աթոռին Քոչարյանն ուզում էր տեսնել հնազանդ մեկին, որի նախագահության ժամանակ կկարողանար պահպանել իշխանությունը: Դրանով կարելի է բացատրել 2008 թ. նախագահական ընտրությունների նախօրեին եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ ու մինչ օրս Քոչարյանի դրսեւորած անհամբեր ու ագրեսիվ կեցվածքը: Կազմակերպելով «Մարտի 1»-ը, Քոչարյանին թվում էր, թե հասել է իր նպատակին՝ խոցելի իրավահաջորդ ունենալու եւ ստվերային կառավարողի դերում մնալու երազանքին, իր վարչապետական մինիմում ծրագրի իրականացմանը: Սակայն նրա հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է եւ Քոչարյանի ակնկալած թույլ իրավահաջորդը չէ: Քոչարյանի քաղաքական ջղաձգումների ներկա փուլի պատճառներից մեկն էլ այն է, որ վերջերս հայտարարված ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ անվերապահ համագործակցության դեպքում նա վերջնականապես դուրս կմղվի քաղաքական ասպարեզից: Չնայած չի բացառվում, որ արտաքին որոշակի շրջանակներ դեռեւս տեւականորեն մերթընդմերթ կփորձեն խաղարկել Քոչարյան քաղաքական ուրվականին: Ընդհանրապես, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վրա մեծապես ազդում է այն հանգամանքը, որ բազմապիսի պրոբլեմներ ունեցող Հայաստանի վրա համաշխարհային ուժային հայտնի կենտրոնները փորձում են ազդել՝ օգտագործելով ե՛ւ իշխանության մեջ եղած ուժերին, ե՛ւ ընդդիմադիր որոշակի շրջանակներին: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ եթե հայաստանյան որեւէ կուսակցություն անգամ թափանցիկ ակնարկ կատարի հեռանկարում Քոչարյանի հետ իր հնարավոր համագործակցության մասին, ապա այդ կուսակցությունը կստորագրի իր քաղաքական մահախոսականը: Հատկանշական է, որ ներիշխանական վերջին խմորումների ժամանակ հանրապետության գործող նախագահին կոշտ ընդդիմադիր ՀԱԿ-ի պրագմատիկ որոշ գործիչներ անգամ իրավացիորեն խիստ գնահատականներ տվեցին Քոչարյանի քաղաքական ռեանիմացիայի դատապարտված փորձերին: Հավելեմ, որ իր քաղաքական գործունեության ընթացքում Քոչարյանը, մասնավորապես, երկուական անգամ կապիտուլացվել է Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների, մեկ անգամ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի եւ երկու անգամ Սերժ Սարգսյանի հետ ունեցած պարտիաներում. Դեմիրճյաններին՝ 1998թ. եւ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, «Միասնություն» դաշինքի ղեկավարներ Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին՝ 1999 թ. ԱԺ ընտրություններում, իսկ Սերժ Սարգսյանին՝ 2007 թ. խորհրդարանական ընտրություններում եւ 2011 թ. փետրվարի 17-ի կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման արդյունքում՝ անկախ հուշագրի վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններից: Այսօր Հայաստանում ստեղծված ներիշխանական իրավիճակը ինչ-որ առումով թերեւս աղերսներ ունի Ռուսաստանի ոչ վաղ անցյալի Ելցին-Պուտին փոխհարաբերությունների հետ: 1999թ. դեկտեմբերին Ելցինը իշխանությունը փոխանցեց Պուտինին, որը հաղթեց 2000 թ. նախագահական ընտրություններում: Դրանից հետո հենց Ելցինի մասնակցությամբ կառավարության կազմում կատարվեցին կոսմետիկ փոփոխություններ: Ներիշխանական մրցակցության ընթացքում Պուտինը աստիճանաբար սահմանազատվեց Ելցինի ժառանգությունից եւ նրա կադրերից, որը վերջնականապես հանգուցալուծվեց 2004 թ. փետրվարի 12-ին՝ Պուտինի նախագահական նախընտրական վերջին հանդիպումից հետո: Տիրապետող է այն տեսակետը, որ այդ էտապում Պուտինը փրկեց անդունդի եզրին հայտնված Ռուսաստանը: Հատկանշական է, որ 2004 թ. մայիսի 7-ին Պուտինի ինագուրացիային Ելցինը չէր մասնակցում: Քոչարյանը իր հաջորդին փոխանցել է ոչ թե իշխանություն, այլ թողել է, մասնավորապես՝ մարտի 1-ի իր հրահանգավորած հանցագործությամբ ամբողջացած ծանր ժառանգություն, որից անվերապահորեն ձերբազատվելը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է: Եվ վերջինը, հատկանշական է, որ ձեռնարկելով 2005 թ. սահմանադրական փոփոխությունները, Քոչարյանը մտածել էր նաեւ իր անձեռնմխելիությունը ապահովելու մասին: Այսպես, եթե 1995 թ. Սահմանդրության մեջ հանրապետության նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ որեւէ դրույթ չկար, ապա 2005 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում ավելացվեց հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 56.1 հոդված. «Հանրապետության նախագահը անձեռնմխելի է: Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել