Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կարմիր քարտ» իշխանություններին

Մարտ 01,2011 00:00

Երեկ Մատենադարանի մոտ հավաքվածները հանրահավաքի էին եկել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին սատարելու համար. մոտ 5000 հոգանոց բազմությունը, Կարապետիչի գլխավորությամբ, «կարմիր քարտ» ցույց տվեց երկրի իշխանություններին՝ վարած քաղաքականության համար: Ի դեպ, ժողովրդին բաժանված «կարմիր քարտերի» հակառակ կողմում «Հայր մերն» էր գրված, ինչը, Կարապետիչի ձեւակերպմամբ, խորհրդանշում է արդարության մղումը։ Եվ ինչպես բոլոր հանրահավաքներում է լինում, այստեղ էլ ԺԿ նախագահի կողմից հայտարարվեց, որ մարզերից Երեւան տանող ճանապարհները փակել են, ու շատերը չեն կարողացել գալ, ինչի հետ կապված էլ Տ. Կարապետյանն ու իր համախոհները ամբիոնից բացականչեցին՝ «ամո՛թ»:
Կարապետիչի խոսքերով՝ ինքը այն կարծիքին է, որ միակ առաջնորդը ժողովուրդն է, եւ հետեւաբար՝ «ժողովուրդն էլ պետք է կանգուն լինի եւ պահանջի արժանի փոփոխություն»: Հավանաբար այդ էր պատճառը, որ հանրահավաքի մասնակիցները «Ոչ՝ թալանին», «Մի բռնաբարեք ազատությունը», «Բոլորս բոլորիս համար», «Ժողովուրդը ուժ է» գրություններով պաստառներ էին պարզել:
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան նաեւ Կարապետիչի աշխատակիցները, որոնց խոսքերով էլ՝ հավաքվածները հերթական անգամ հաստատեցին, որ ոչ թե մի քանի անհատների, այլ հենց իրենց դեմ խաղ չկա:
Հանրահավաքի ժամանակ Կարապետիչի կողքին էին «Սարդարապատ» շարժման անդամներ, «Շուշիի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, որն էլ իր ելույթում կոչ արեց անցնել այլ կյանքի, որովհետեւ այսպես շարունակվել չի կարող: Ըստ Ա. Մանուչարյանի, եթե ժողովուրդը ցանկանա, ապա մեկ օրում իշխանությունը կվերադարձնի իր ձեռքը, մնում է միայն օրը որոշել:
Ելույթի ընթացքում Տ. Խզմալյանը հանեց իր շարֆն ու այն ծածանելով՝ հայտարարեց իրավիճակից դուրս գալու ելքի մասին, ինչը, ըստ նրա՝ միասնության ու արիության մեջ է: Կինոռեժիսորի ձեւակերպմամբ՝ «դեռ մարտի 1-ի արյան ու ցասման մեջ ենք: Հիմա եկել ենք համախմբվելու եւ ընդհանուր դիմադրական ճակատ կազմելու, քանի որ մենք կարող ենք հաղթել միայն քաղաքացիական անհնազանդության շարժմամբ»:
Ժ. Սեֆիլյանն էլ չնայած ամբիոնից ելույթ չունեցավ, սակայն լրագրողների հետ զրույցում իր ներկա գտնվելու մասին նշեց՝ քանի որ Կարապետյանն իրեն պարբերաբար հրավիրել է հանրահավաքներին, ինքն էլ չի ցանկացել համախմբված ժողովրդի հարթակ բաց թողնել. «Եթե փողոցում ժողովուրդ կա, մենք այնտեղ ենք: Մենք մասնակցելու ենք նաեւ մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին»:
Տ. Կարապետյանի հաջորդ հանրահավաքը կկայանա մարտի 21-ին, իսկ այսօր կլինի մոմավառություն՝ մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել