Հայ ազգային կոնգրեսը երեկ ահազանգում էր իշխանությունների կողմից մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների դեմ ոտնձգությունների մասին եւ պնդում, որ «ոստիկանության, ԱԱԾ-ի եւ պետական այլ մարմինների միջոցով ողջ հանրապետությունով մեկ գործի է դրվել ապօրինությունների աննախադեպ մի զինանոց. այցելում են ընդդիմության ակտիվիստների տները կամ հրավիրում ոստիկանություն՝ «զրուցելու» հանրահավաքին մասնակցելու «աննպատակահարմարության մասին», հավաքում են միկրոավտոբուսների վարորդների վարորդական իրավունքի վկայականները, հրահանգում են Երեւանի եւ մարզերի տաքսի ծառայություններին՝ մարտի 1-ին չաշխատել, պետական հիմնարկներում աշխատանքային օրը երկարաձգվել է մինչեւ ուշ երեկո, բուհերը այդ օրը չեղյալ են հայտարարել դասերը եւ այլն: Այս ամենի նպատակը հանրահավաքի մասնակիցների սպասվող ավելացումը թույլ չտալն է»: Կոնգրեսը միաժամանակ ընդգծել է, թե «ոստիկանության ստորին օղակները հիմնականում ձեւականորեն են կատարում վերեւից եկած ապօրինի հրահանգները, իսկ նրանց գործողություններն ավելի շուտ նպաստում են հանրահավաքի իրազեկմանը»։ Այդուհանդերձ, ՀԱԿ-ը հիշեցրել է, որ պետական պաշտոնյաները, այդ թվում՝ նաեւ ոստիկանության աշխատողները կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, ինչի համար նրանք լիազորված են օրենքով, իսկ «դրանից դուրս նրանց ցանկացած գործողություն համարվում է իշխանության չարաշահում, ինչի համար քրեական պատասխանատվություն է սահմանված»։ Կոնգրեսը ոստիկանության բոլոր աշխատակիցներին կոչ է արել՝ «մնալ օրենքի ու իրենց լիազորությունների շրջանակներում, իսկ այն քաղաքացիներին, որոնք կառնչվեն իրենց նկատմամբ ապօրինի պահանջների եւ գործողությունների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման, անմիջապես տեղյակ պահել ՀԱԿ կենտրոնական գրասենյակ»:
Ի դեպ, երեկ իրեն ոստիկանության Դավիթաշեն բաժին հրավիրելու եւ այսօրվա հանրահավաքին չմասնակցելու «հորդորի» մասին «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է նաեւ նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Երեկ Կոնգրեսից հաղորդվում էր նաեւ մարզերից դեպի Երեւան բերող մայրուղիների փակ լինելու մասին: