Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ

Մարտ 01,2011 00:00

2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Նա շինծու մեղադրանքների հիման վրա վրացական դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Հայկական բլոգոսֆերայի կողմից՝ ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ ջավախահայության իրավունքների, կազմված սույն հանրագրի (պետիցիա) անգլերեն տարբերակը տեղադրված է https://www.gopetition.com/
petition/43282.html-ում: Այն ուղղված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին: Հանրագրի հեղինակները պահանջում են անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել տեղի հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները: Նրանք պահանջում են տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին՝ հայերի համախումբ բնակության շրջաններում, իսկ իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիները: Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Ժդանովական անցակետում հայատառ գրքերի, թերթերի եւ ամսագրերի անցկացման արգելքը դեռ կա, եւ պահանջներից մեկն էլ այդ արգելքի վերացումն է:
«2011թ. Մերձավոր Արեւելքում ծայր առած իրադարձությունները գալիս են եւս մեկ անգամ ապացուցելու, որ իրենց բնակչության տարրական իրավունքները կոպտորեն ոտնահարող մենատիրական վարչակարգերը կենսունակ չեն: Ուստի, հանուն տարածաշրջանում կայունության հաստատման, կոչ ենք անում միջազգային եւ եվրոպական կառույցներին ակտիվացնել ջանքերը մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ»,- նշում են հայտարարագրի հեղինակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել