Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԳԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ՀՈԳՆԱԾ, ՎԱԽԵՑԱԾ, ԻՐԵՆ ՍՊԱՌԱԾ ՉԻՆՈՎՆԻԿ ԷՐ

Մարտ 01,2011 00:00

\"\"Անցած շաբաթ «Առավոտ» օրաթերթում հարցազրույցով հանդես եկավ նախկին նախարար եւ նախկին դեսպան Գագիկ Շահբազյանը: Եթե ընթերցողը հիշում է, նա ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող եւ մերկապարանոց մեղադրանքներ պարունակող մի շարք հայտարարություններ արեց: Կուզենայի մի քանի կետով անդրադառնալ այդ հարցազրույցին եւ վեր հանել ճշմարտությունը:

1. Նախ, Գ. Շահբազյանը տարիներ շարունակ աշխատել է ՀՀ կառավարության այն կազմերում, որոնք կաթվածի են հասցրել երկրի տնտեսությունը: Վերհիշեք այն տարիների վիճակագրությունը: Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 46%-ը, աղքատության մակարդակը կազմում էր 56%, ծայրահեղ աղքատ էր համարվում բնակչության շուրջ 21%-ը: Ի դեպ, Շահբազյանն աշխատում էր հենց տնտեսական հատվածում եւ պատասխանատու էր ոչ մշակույթի կամ սպորտի ոլորտների համար:
2. Ռոբերտ Քոչարյանը չի հիշում գոնե մեկ դեպք, որ Գ. Շահբազյանը, աշխատելով կառավարությունում, սեփական տեսակետ հայտներ, իսկ առավել եւս՝ վիճեր վարչապետի հետ: Նա հոգնած, վախեցած, իրեն սպառած չինովնիկ էր՝ դողդողացող ձեռքերով: Ըստ ամենայնի, Շահբազյանը, տարվելով Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանություններին ընդդիմադիր լինելու վերաբերյալ ասեկոսեներով, որոշել է հիշեցնել իր մասին: Մեկ էլ տեսար մի պաշտոն կպոկի:
3. Ձեռնարկությունների պարտքի վերաբերյալ: Պարտքի իրական չափը շատ ավելի մեծ էր: Որոշումը փոխզիջումային էր: Պետք է հիշել, որ պարտք ունեցող գրեթե բոլոր ձեռնարկությունները պետական էին եւ կուտակել էին այդ պարտքերը պետական պաշտոնյաների (այդ թվում՝ Գ. Շահբազյանի) ղեկավարությամբ կամ անմիջական մասնակցությամբ, որոնք պարզապես մխրճված էին այդ ձեռնարկությունների տնտեսական գործունեության մեջ: Թերեւս, դա բավականին շահավետ զբաղմունք էր:
Ի դեպ, այդ խնդրի չկարգավորված լինելը պարզապես խաթարում էր ՀՀ եւ ՌԴ կառավարությունների հարաբերությունները՝ փակելով քիչ թե շատ մեծ ներդրումների ճանապարհը: Հենց այդ խնդրի լուծումը հզոր խթան դարձավ տնտեսական ոլորտում լայնածավալ համագործակցություն սկսելու համար: Առաջին քայլը “«ՀայՌուսգազարդի» ստեղծումն էր, ինչը թույլ տվեց 10 տարիների ընթացքում անփոփոխ պահել հոսանքի եւ գազի սակագները Հայաստանում: Ըստ էության, այդ ժամանակ վերացվեց այն խոչընդոտը, որը խանգարում էր երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
4. Կարո՞ղ էր արդյոք Ռոբերտ Քոչարյանը որպես վարչապետ միանձնյա որոշում կայացնել այդ հարցի վերաբերյալ, ինչպես պնդում է Գ. Շահբազյանը: Վերհիշեք մինչեւ 2007թ. գործող ՀՀ Սահմանադրության խմբագրության դրույթները: Չէ՞ որ վարչապետը վարում էր կառավարության նիստերը նախագահի հանձնարարությամբ: Ավելին. նախագահը վավերացնում էր կառավարության բոլոր որոշումները, հակառակ դեպքում դրանք ուժի մեջ չէին մտնում:
Վերհիշեք. ՀՀՇ-ն այն ժամանակ կայուն մեծամասնություն ուներ խորհրդարանում, այն ամուր հենարան էր Տեր-Պետրոսյանի համար: Ակնհայտ է, որ առանց նախագահի հետ քննարկման այդ հարցը ուղղակի չէր կարող լուծվել: Կյանքն ապացուցեց, որ դա արդարացված եւ ճիշտ ժամանակին կայացված որոշում էր:
5. Հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում դադարեցվեցին բոլոր բարտերային գործարքները, երկիրը հրաժարվեց տարբեր տեսակի ապրանքային վարկերից: Այսինքն՝ այն ամենից, ինչով այդքան սիրում էր զբաղվել ՀՀ կառավարությունում Գ. Շահբազյանը: Հանրահայտ է, որ հենց այդպիսի գործարքներն են առավելագույն մեծ կոռուպցիոն բաղադրիչ պարունակում: Ավելին. Քոչարյանի նախագահության տարիներին մարվեցին մինչ այդ ներգրավված ապրանքային վարկերի (հնդկական, չինական, ռուսական) բոլոր պարտքերը, իսկ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին հասցվեց 46%-ից մինչեւ 13%-ի:
6. Իսկ Միացյալ Նահանգներ Գ. Շահբազյանը փախավ, ըստ ամենայնի, այն պատճառով, որ ապրանքային վարկերի մսխման հետ կապված քրեական գործեր էին հարուցվել, եւ մի շարք նախկին պաշտոնյաներ պատասխանատվություն կրեցին: Թերեւս, նա էլ վախենալու պատճառ ուներ:

Վիկտոր ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել