Ըստ որոշ լուրերի, հենց այդ քրգործի շրջանակներում են օրերս իրենց պաշտոններից ազատվել ոստիկանության երկու բարձրաստիճան սպաները:
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
ՀՀ ոստիկանությունը միայն երեկ է հաստատել դեռ մի քանի օր առաջ ու, երեւի խասյաթի համաձայն, իր կողմից հերքված այն տեղեկատվությունը, թե՝ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու եւ կադրերի տրամադրության տակ ուղարկելու մասին: Թե որքանո՞վ է ՀՀ ոստիկանապետի հիշյալ հրամանագիրն առնչվում հենց մեկ տարի առաջ՝ մայիսի 12-ին, Կոմիտասի պողոտայում՝ «Ալֆա Ռիելթի» անշարժ գույքի գործակալության հարեւանությամբ գտնվող թիվ 17 շենքի մոտ տեղի ունեցած վիճաբանությանը, ապա դրան հաջորդած ծեծկռտուքին եւ ողբերգական հանգուցալուծմանը, որի արդյունքում հրազենից սպանվել էր այն ժամանակ դեռ 23 տարեկան Խաչիկ Մկրտչյանը՝ պարզ չէ: Ոստիկանությունը դա չի մեկնաբանում, բայց փոխարենը լրատվամիջոցներն են հաղորդում, որ այդ պաշտոնանկություններն ուղղակիորեն կապված են հենց այդ միջադեպի հետ: Ըստ շրջանառվող լուրերի, ոստիկանության բարձրաստիճան սպաների՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատման պատճառ է դարձել այն, որ վերջիններս 150 հազար դոլարի կաշառք են ստացել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու՝ Արսեն Ա.-ի վրա սպանության մի գործ բարդելու համար:
Հիշեցնենք, որ խոսքը 2010թ. մայիսի 12-ին տեղի ունեցած եւ վերը հիշատակված ծեծկռտուքի մասին է, որն ուղեկցվել էր մահակների ու նաեւ հրազենի գործադրմամբ, եւ որին մասնակից էր եղել նաեւ Հովհ. Շահինյանի քրոջ որդին, որը, ի թիվս այդ միջադեպի մյուս մասնակիցների, կալանավորված է եւ այսօր գտնվում է «Կենտրոն-Երեւան» մեկուսարանում: Այն ժամանակ դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել եւ առգրավել էր արտասահմանյան արտադրության ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 7 փամփուշտներով, 7 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, 1 կրակված գնդակ եւ փայտե մահակ: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել նաեւ Արսեն Ա.-ն եւ Պետրոս Գ.-ն: Համաձայն ոստիկանության այն ժամանակ տարածված հաղորդագրությունների, վիճաբանության ընթացքում վերջիններիս հրազենային վնասվածքներ էր հասցրել Խ. Մկրտչյանը՝ կրակելով իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից: Իսկ Արսեն Ա.-ն էլ, իբր, իր մոտ եղած ապօրինի կերպով պահվող «Մակարով» տիպի ատրճանակից կրակել եւ, ըստ էության, սպանել էր Խ. Մկրտչյանին: Վիճաբանությանը մասնակից էին եղել մոտ տասը հոգի, որոնք դեպքի վայրից փախուստի էին դիմել, հետո հայտնաբերվել էին, բայց շարունակում էին մնալ ազատության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը չէր բողոքել: Մեր աղբյուրների ասելով, ի սկզբանե էլ գործի նախաքննությունը վարող մարմինը՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, տեղյակ է եղել կամ առնվազն կասկածներ է ունեցել, որ Խ. Մկրտչյանին սպանողն իրականում Արսենը չի եղել: Նա ուղղակի փորձել է պաշտպանել դեպքի վայրից հեռացած ու իրականում Խ. Մկրտչյանին սպանած ընկերոջը, որի անունը մինչեւ վերջերս էլ գործի նյութերում չի շոշափվել: Նախաքննությունը վարող մարմինն էլ այդ մասով լռել է կամ առնվազն չի ցանկացել իրական մարդասպանին բացահայտել, ու գործն ավարտված համարելով՝ ուղարկել է Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատական պրոցեսի ընթացքում, սակայն, գործի ընթացքն արմատապես փոխվել է: Ինչ-որ մի պահի Արսենը փոշմանել է ու փոխել իր ցուցմունքները՝ հայտարարելով, որ Խ. Մկրտչյանին ինքը չի սպանել, ընթացքում նաեւ նոր մարդիկ են կալանավորվել, այդ թվում՝ գործով անցնող ու միջադեպի ժամանակ սպանված Խ. Մկրտչյանին իր «Մերսեդես ՍԼԿ» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն հասցրած, բայց մինչ այս ազատության մեջ գտնվող Նարեկ Օ.-ն ու նաեւ՝ նրա հայրը, որն, ի դեպ, հիմա, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է կաշառատվության մեջ:
Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, հիմա գործը, որն արդեն գտնվում էր դատարանում, վերադարձվել է նախաքննական մարմնին, իսկ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Հովհ. Թամամյանի եւ Արաբկիրի ոստիկանապետ Վ. Ադամյանի դեմ, որոնք, ոստիկանության մեր աղբյուրների ասելով, «ահավոր հիասթափեցրել» են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Թե ՀՔԾ-ում արդյոք այս գործին ընթացք կտրվի՞ ու նախապատրաստվող նյութերը քրգործ կդառնա՞ն՝ եւս դժվար է ասել:
Ի դեպ, երեկ ոստիկանությունը հաստատեց նաեւ, որ փետրվարի 28-ի առավոտյան մահացել է Հովհ. Թամամյանի հայրը՝ Ղուկաս Թամամյանը: Ըստ որոշ, բայցեւ չհաստատված տեղեկությունների, վերջինս ինքնասպան է եղել: