Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 26,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներկուերորդ

ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔԻ ԴՈՒՍՏՐԸ

Եվ Ֆրեդն իր մատանիով կոնյակի շշին խփելով ասաց՝ «սուսեք. Հակոբը բան ա ասում», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ ասում», եւ Ֆրեդը հորս ասաց՝ «կենաց էիր ասում», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կենաց», եւ մայրս ծիծաղելով հորս ասաց՝ «ինքնուրույն կենաց», եւ Ֆրեդը հորս ասաց՝ «պապայի կենացն էիր ասում», եւ հայրս զարմացած ասաց՝ «պապայիդ կենացն ասեցի՝ պրծա», եւ Ֆրեդը ժպտալով ասաց՝ «բայց չենք խմել», եւ հայրս իր բաժակին նայելով ասաց՝ «ես խմել եմ», եւ մայրս հանդիմանանքով հորս ասաց՝ «որովհետեւ քեզ համար ամենակարեւորը խմելն ա», եւ Ֆրեդը ժպտալով հորս ասաց՝ «նորից ասա՝ մենք էլ խմենք», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «նորից ի՞նչ ասեմ», եւ Ֆրեդն ասաց՝ «էդ նույն կենացը», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես հո թութակ չեմ, որ նույն բանը մի քանի անգամ կրկնեմ», եւ մայրս մի քիչ մտածեց ու հորս ասաց՝ «թութակներն ուրիշների ասածներն են կրկնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու քո ասածը պիտի կրկնես», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «մեր դասարանի Սաքոյենց թութակը համ ուրիշների ասածներն ա վրա-վրա կրկնում, համ էլ՝ իրանը», եւ Ֆրեդը Գագոյի վրա գոռաց՝ «իսկականից արդեն չափերդ անցար», եւ Գագոն ոչինչ չասաց, եւ Ֆրեդը հորս խնդրեց՝ «ասա, Հակոբ ջան. լսում ենք», եւ հայրս իր բաժակը լցրեց, այնուհետեւ ոտքի կանգնեց, բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «Մեսրոպի կենացը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրա շնորհի՛վ էս բոլորդ կաք ու գոյություն ունեք» եւ էդ ասելով՝ հայրս խմեց ու նստեց, եւ մայրս ժպտալով հորս ասաց՝ «կարճ խոսեցիր, որ շուտ խմես, չէ՞», եւ Ֆրեդն ասաց՝ «Հակոբը միշտ էլ կարճ ա խոսում, բայց շատ իմաստուն մտքեր ա ասում» ու էդ ասելով՝ Ֆրեդը բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «պապայի կենացը», եւ մայրս ոտքի կանգնելով ու բաժակը բարձրացնելով ասաց՝ «կենացդ, պապ ջան», եւ բոլորս մեր բաժակները բարձրացրինք ու Մեսրոպի կենացը խմեցինք, ավելի ճիշտ՝ հայրս ու Ֆրեդը խմեցին, իսկ մյուսներս կում արինք էդ անուշաբույր երեքաստղանիից, եւ, հիշում եմ, հարբածի պես էինք, որովհետեւ ամբողջ սենյակը լցված էր հատկապես առաջին՝ ջարդված երեքաստղանու բուրմունքով, եւ բոլորս սիրով ու երախտագիտությամբ իմ մորական Մեսրոպ պապին էինք նայում՝ վերջնականապես գիտակցելով, որ եթե ինքը ժամանակին իր ավագ եղբայր Սահակի պես Գաբրիելի խելքին ընկնելով՝ գնար ու հասներ Օչեմչիր, մեզանից որեւէ մեկը չէր ծնվելու ու լույսաշխարհ չէր գալու եւ էդ առաջին ու էդ երկրորդ կոնյակների անմահական բուրմունքը չէր շնչելու, եւ ամեն անգամ, երբ որեւէ մեկից լսում եմ, որ էն ժամանակվա մեր հայկական կոնյակները բոլորովին ուրիշ էին, անմիջապես մեր էդ իրիկվա առաջին ու երկրորդ կոնյակների բուրմունքն եմ հիշում, եւ էդ օրվա մեր երջանկությունն եմ հիշում, եւ Մեսրոպ պապիս էդ օրվա երջանիկ դեմքն եմ հիշում՝ էդ օրվա իր բացարձակ ու հազվադեպ երջանկությունը, քանի որ մնացած օրերին ինքն իր աշխատանքով ու իր ծաղիկներով էր զբաղված եւ երջանիկ լինելու ու իր երջանկությունը գիտակցելու ժամանակ չուներ, որովհետեւ իմ մորական պապ Մեսրոպը Թոխմախի գերեզմանատան գլխավոր բուսաբանը հանդիսանալով եւ առավոտից իրիկուն հանգուցյալների շիրիմների ծաղիկները խնամելով՝ գիշերներն էլ իր բակի ծաղիկներով էր զբաղվում եւ որեւէ մեկին էդ ծաղիկներին մոտենալու ու էդ ծաղիկներով զբաղվելու իրավունքը չէր զիջում, եւ Մեսրոպի յասամանները, վարդերն ու մյուսներն անզուգական ու աննկարագրելի էին, եւ գիշերները Մեսրոպը մեկ առ մեկ գուրգուրում ու սիրում էր բոլորին եւ արբունքի հասած լավագույններին հրաժեշտ էր տալիս, որովհետեւ արբունքի հասած լավագույններն առավոտյան կտրվելու ու վաճառքի էին հանվելու, եւ հիմա որ հիշելով մտածում եմ, սկսում եմ ենթադրել, որ եթե Մեսրոպի բազմանդամ ընտանիքը չլիներ, եւ եթե ինքն իր ընտանիքի գլխավոր նեցուկն ու կերակրողը չլիներ, իր աճեցրած էդ դրախտային յասամաններից, վարդերից, գեորգինաներից ու մյուսներից որեւէ մեկը վաճառքի չէր հանվի, որովհետեւ Մեսրոպն իր աճեցրած ծաղիկները որեւէ մեկին նվիրելիս ավելի մեծ հաճույք էր ստանում, քան՝ դրանք վաճառքի հանելիս, բայց, այդուհանդերձ, ստիպված էր վաճառքի հանել, որովհետեւ միայն Թոխմախի իր աշխատավարձով հնարավոր չէր էդ հսկայական ընտանիքը պահել, եւ Մեսրոպի ծաղիկների վաճառքից հիսունականներին նույնիսկ մեր ընտանիքը փայ ուներ, որովհետեւ էդ տարիներին իր ամառային արձակուրդների ընթացքում ուսուցչուհի մայրս էլ էր երբեմն ծաղկավաճառի իր տաղանդը քույրերի ու եղբայրների հետ դրսեւորում՝ քաղաքի կենտրոնից, իր կոլեգաների, իր աշակերտների ու իր աշակերտների ծնողների աչքից հնարավորինս հեռու, բայց ոնց էլ աներ, դրանցից մեկնումեկը տեսնում էր, ու մորս ծաղկավաճառության թեմայով խոսակցություններն արդեն կային, եւ չնայած մորս դպրոցի տնօրեն Ժամհարյանի ականջին էլ էին էդ խոսակցությունները հասել, Ժամհարյանը երբեւէ էդ թեմայով մորս դիտողություն չարեց՝ ոչ թե էն պատճառով, որ Մեսրոպը Ժամհարյանի հորնումոր գերեզմանները Թոխմախում աչքի լույսի պես ու ծաղկունքի մեջ էր պահում, եւ ոչ էլ էն պատճառով, որ Ժամհարյանը լավ էլ հասկանում էր, որ Մեսրոպի բազմանդամ ընտանիքն ամառային արձակուրդի օրերին նաեւ մորս օգնության կարիքն ուներ, այլ հիմնականում էն պատճառով, որ մայրս Կայարանի թիվ վեց՝ նախկին Կագանովիչի դպրոցի լավագույն ուսուցչուհիներից մեկը լինելով՝ աշակերտներից ու ծնողներից նույնիսկ մարտի 8-ին նվերներ չէր ընդունում, ընդ որում՝ ոչ միայն նվերներ, այլեւ ծաղիկներ չէր ընդունում, եւ մորս նախանձող ուսուցչուհիներից ամենահետեւողական բամբասողները մորս մասին ասում էին՝ «աշխարհի ծաղիկն իրա հերն ա աճացնում. Սեդայի տեղը մենք էլ ըլնեինք, մարտի 8-ին ու ոչ մի օր ոչ մեկից ծաղիկ չէինք վերցնի», եւ ամենահետեւողական բամբասողների էս եզրակացությունը Գագոյի միջոցով էր մեզ հասել, եւ մայրս Գագոյի հասցրած էդ բոլոր բամբասանքներն ի գիտություն ընդունելով՝ ամառային արձակուրդներին շարունակում էր իր ձեւով ապրել, եւ որ ասում եմ՝ մորս բամբասում էին, ահագին չափազանցնում եմ, որովհետեւ իր կոլեգաներից ընդամենը մեկն էր բամբասում, եւ Գագոն հիմնականում էդ մեկի ասածներն էր մեզ հասցնում, իսկ ինչ վերաբերում էր աշակերտներին ու ծնողներին, աշակերտներն ու ծնողները չէին կարող մանավանդ ծաղկավաճառության թեմայով մորս բամբասել, որովհետեւ իրականում մայրս ծաղկավաճառությամբ չէր զբաղվել ու չէր զբաղվում, եւ միգուցե իրոք իրենց բազմանդամ ընտանիքին փորձեր էդ հարցում օգնել՝ եթե Մեսրոպը չարգելեր. այսինքն, ես էլ եմ չափազանցնում՝ ասելով թե՝ մայրս ամառային արձակուրդներին իր եղբայրների ու քույրերի հետ ծաղիկ էր վաճառում, որովհետեւ եթե էդպիսի մի քանի դեպքեր եղել էլ են, դրանք Մեսրոպի գիտությամբ ու համաձայնությամբ են եղել, ընդ որում՝ մորս ամուսնության սկզբնական շրջանում, եւ Մեսրոպն ամառային արձակուրդներին երբեմն մորս աջակցությունից չէր հրաժարվում, որովհետեւ ընդամենը մի քանի անգամ ծաղկավաճառության մեջ մորս էդպես կողքանց ներգրավելով՝ իրենց ծաղկավաճառության ընդհանուր հասույթից նաեւ հորս ու մորս նորաստեղծ ընտանիքին էր բաժին հանել, եւ էդպես էլ ապրում ու իրար նեցուկ լինելով ծերը ծերին էին հասցնում, եւ եթե նկարագրություններիս մեջ հայրս աներոջ տանը հաճախակի է հայտնվում, չմտածեք թե՝ տնփեսա էր. ուղղակի՝ իմ հորական ու մորական տները Մետաքսի նույն թաղամասում էին. այսինքն, հայրս ու մայրս էն գլխից էին հարեւան ու ծանոթ եղել, եւ հետագայում հորաքրոջս ջանքով ու կամքով էին ամուսիններ դարձել եւ ամուսիններ դառնալով՝ նաեւ Մեսրոպի ընտանիքն էին իրենց ընտանիքը համարում, եւ ինչքան էլ էդ մի հոգավորը մորս բամբասեր, մայրս ամառային արձակուրդներին երբեմն-երբեմն, Մեսրոպի գիտությամբ իհարկե, հաճույքով օգնում էր իր քույրերին ու եղբայրներին՝ ընդհուպ էն օրը, երբ ամառային մի իրիկուն իրենց յասամաններին էր մոտեցել մորս ամենասիրելի դասախոս, լեզվաբան ու պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանն ու շատ մոտիկից Մեսրոպի յասամաններն ուսումնասիրելով՝ իր նոփնոր կնոջ հետ Լիլոյից մի մեծ փունջ առել ու հեռացել էին, բայց, նախքան Աբրահամյանի ու տիկնոջ մոտենալն ու առնելը, մայրս Աբրահամյանին հեռվից նկատելով՝ անմիջապես փախել էր, եւ չնայած Լիլոն էդ օրն ու միշտ մորս հավատացնում էր, որ Աբրահամյանն էդ օրը մորս չէր տեսել, մայրս շատ էր ուզում՝ բայց չէր կարողանում հավատալ Լիլոյի ասածին, եւ մորս ու բոլորիս միակ հույսը Աշոտ Աբրահամյանի ահավոր կարճատեսությունն էր, եւ, մորիցս բացի, բոլորս էն կարծիքին էինք, որ եթե ահավոր կարճատես Աշոտ Աբրահամյանն էդքան մոտիկից է զննել Մեսրոպի յասամանները, հնարավոր չի, որ էդքան հեռվից մորս նկատած ու տեսած լիներ, որովհետեւ, Լիլոյի պատմելով, մայրս մոտավորապես հիսուն մետրից Աբրահամյանին ու Աբրահամյանի կնոջը տեսնելով՝ անմիջապես փախել էր, բայց, նախքան փախչելը, տեսնելով, որ Աբրահամյանն ու կինն իրենց կողմ են գալիս, Լիլոյին ասել էր՝ «դասախոսս ա գալիս, Լիլիկ. իրանց ամենալավերը կտաս», եւ մորս անհետանալուց հետո Լիլոն, իհարկե, յասամանների լավագույն փունջն էր Աբրահամյանին ու կնոջը տվել, եւ, Լիլոյի ասելով, ահավոր կարճատես Աբրահամյանը շատ ուշադիր նայել ու չէր էլ տեսել, որ էդ յասամաններն աշխարհի լավագույն յասամաններն են, բայց իր ջահել կինը լավ տեսել ու լավ էլ գնահատել էր, եւ քանի որ էդ չքնաղ յասամանները Լիլոն ընդամենը կես գնով էր Աբրահամյանին ու կնոջը տվել, կինը հաճույքով վճարելով ու էդ չափազանց մեծ ծաղկեփունջը Լիլոյից վերցնելով՝ հիացած բացականչել ու ահավոր կարճատես Աբրահամյանին ասել էր՝ «չես պատկերացնի՝ ինչ չքնաղ յասամաններ են, Աշոտ» եւ հիացած ավելացրել էր՝ «ընդ որում՝ համարյա ձրի», եւ Աբրահամյանը Լիլոյին ասել էր՝ «հոգաչափ շնորհակալ ենք, աղջիկ ջան», ու էդ մանրամասները Լիլոյի պատմելով գիտեինք, քանի որ էդ օրը միայն Լիլոն ու մայրս էին եղել, որովհետեւ էդ ժամանակ Վարդանը գրկի երեխա էր, իսկ Գագոն ընդհանրապես ծնված չէր, եւ ես էլ ծնված չէի, եւ Լիլոն էլ հազիվ տասը տարեկան լիներ, եւ մայրս էլ ոչ թե ուսուցչուհի էր, այլ ընդամենը՝ Մանկավարժականի բանասիրականի ավարտական կուրսի ուսանողուհի, ընդ որում՝ մայրս Աբրահամյանի ամենասիրած ուսանողուհին էր, եւ ինքն էլ իր դասախոսներից ամենից ավելի Աբրահամյանին էր հարգում ու սիրում, եւ ամեն անգամ, երբ Լիլոն հիշելով կրկնում էր Աբրահամյանի էդ խոսքերը՝ «հոգաչափ շնորհակալ ենք, աղջիկ ջան», Գագոն ժպտալով Լիլոյին հարցնում էր՝ «որ էդքան կարճատես էր, ո՞նց ա տեսել, որ աղջիկ ես», եւ ամեն անգամ Լիլոն մի քիչ մտածելուց հետո պատասխանում ու ասում էր՝ «ինքը շատ կարճատես էր, բայց քոռ չէր», եւ Գագոն ժպտալով ասում էր՝ «որ քոռ չի, ուրեմն՝ Սեդային էլ տեսած կըլնի», եւ մայրս ափը բերանին դնելով սարսափահար բացականչում էր՝ «Աստված չանի», այնուհետեւ ինքն իրեն հույս տալով ավելացնում էր՝ «ինձ դժվար թե նկատած լինի, որովհետեւ ահավոր կարճատես ա» եւ իրեն հույս տալով ավելացնում էր՝ «համ էլ՝ էդ պահին արդեն բավական մութ էր», եւ Գագոն ժպտալով հարցնում էր՝ «որ մութ էր, ու ինքն էլ ըտենց կարճատես էր, ո՞նց ա տեսել, որ Լիլոն աղջիկ ա, ոչ թե՝ տղա», եւ մայրս ասում էր՝ «նույնիսկ կույրերն են աղջկան տղայից տարբերում», եւ Գագոն զարմացած հարցնում էր՝ «ո՞նց են տարբերում», եւ մայրս պատասխանում ու ասում էր՝ «ձայնից», եւ Գագոն ժպտալով ասում էր՝ «մոռացել էի, որ Լիլոն շատ քնքուշ ձեն ունի», եւ Վարդանը ծիծաղելով ասում էր՝ «Լիլոյի ձենը Գոհար Գասպարյանի ձենին համարյա չի զիջում», եւ էս խոսակցությունը մերոնց մեջ ժամանակ առ ժամանակ կրկնվում ու նորանոր մանրամասներով էր հարստանում, եւ չնայած վաթսունականների կեսերից սկսած՝ Փարվանյանների տղերքն էլ էին ծաղկավաճառությունը թարգել ու Ֆրեդի գլխավորությամբ արդեն խոհարարական արվեստի մեջ էին խորանում, այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ Աբրահամյանի դեպքը հիշելով՝ մորս հոգու հետ էին խաղում, եւ չնայած մերոնք բոլորն էլ էն կարծիքին էին, որ իննսունինը տոկոսով Աբրահամյանն ամառվա էդ իրիկուն մորս տեսած չի լինի, այդուհանդերձ, էդ միտոկոսանոց հավանականությունը մորս հոգին մշտապես տակնուվրա էր անում՝ նույնիսկ էն ժամանակ, երբ Աբրահամյանն արդեն էդ օրվա իր տեսածն ու չտեսածը հետը գերեզման էր տարել, եւ երբ մորս հարցնում էի՝ «սաղ աշխարհից չէիր ամաչում, Աբրահամյանից էի՞ր ամաչում», մայրս մի քիչ մտածելուց հետո պատասխանում ու ասում էր՝ «հա», ու երեւի մորս էդ մշտական ամոթն էր պատճառը, որ յոթանասուն թվականին, երբ Մանկավարժականի բանասիրական էի ընդունվում, մայրս իմ հարցով Աբրահամյանին չդիմեց, բայց քանի որ իմ ընդունվելը մորս համար չափազանց կարեւոր էր, մայրս իր համակուրսեցի ընկերուհի Դեղձիկին խնդրեց, որ իմ հաշվով Աբրահամյանին խնդրի, եւ, հիշում եմ, Դեղձիկը ժպտալով ասաց՝ «էդ ծաղիկների պատմությունը դիտմամբ բստրել ես, որ Աբրահամյանին անձամբ չխնդրես», բայց Աշոտ Աբրահամյանին Դեղձիկի խնդրելը պարտադիր էր, որովհետեւ էդ տարի Աշոտ Աբրահամյանն ամբողջ Մանկավարժականի ընդունող հանձնաժողովի նախագահն էր, եւ մորս համակուրսեցի ու մորս ամենամոտիկ ընկերուհի Թոխատյան Դեղձանիկն էլ ամբողջ Մանկավարժականի գործերի կառավարիչն էր, եւ մայրս վստահ էր, որ Աշոտ Աբրահամյանը Դեղձիկին չի մերժի՝ մանավանդ իմ հարցով, որովհետեւ ես ոչ միայն Աշոտ Աբրահամյանի ամենասիրելի ուսանողուհի Փարվանյան Սեդայի որդին էի, այլեւ արդեն ընդունելության առաջին երկու քննություններից՝ հայերենի բանավորից ու շարադրությունից երկու հինգեր էի ստացել, ընդ որում՝ միանգամայն ինքնուրույն, եւ բանավորի քննության ժամանակ արդեն Աշոտ Աբրահամյանն ինձ տեսել ու քննել էր, որովհետեւ հինգ նշանակելու համար ընդունող հանձնաժողովի նախագահի համաձայնությունը պարտադիր էր, եւ երբ ծանրումեծ Աշոտ Աբրահամյանն սկսեց ինձ հարցեր տալ, եւ երբ հեշտությամբ պատասխանեցի իր բոլոր հարցերին, Աբրահամյանն ինձ հարցրեց՝ «ձեզ հետ որեւէ մեկը պարապե՞լ է, թե՞ ինքնուրույն եք պատրաստվել», եւ ես հենց էդ հարցին էի սպասում եւ անմիջապես պատասխանեցի ու ասացի՝ «մայրս է պարապել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ինքը ձեր ուսանողուհին է եղել», եւ Աբրահամյանը հարցրեց՝ «ո՞վ է ձեր մայրիկը», եւ ես նաեւ էդ հարցին էի սպասում ու անմիջապես պատասխանելով ասացի՝ «Փարվանյան Սեդան», եւ Աբրահամյանն իր հսկայական գլուխը մոտեցրեց, հաստաբեստ ակնոցների հետեւից ուշադիր նայեց ինձ ու գլուխը տմբտմբացնելով ասաց՝ «պարզ է», այնուհետեւ ինձ քննողին՝ իմ ապագա դասախոս Վարդանյանին ասաց՝ «երիտասարդը բացարձակ գերազանց է, Էդուարդ» ու էդ ասելով՝ Աբրահամյանը բավական երկար մտածեց ու անսպասելի ժպտալով ինձ ասաց՝ «կընդգրկվեք իմ խմբում եւ ձեր մայրիկի սխալը կուղղեք», եւ դա նշանակում էր, որ ես ոչ միայն սովորելու եմ Մանկավարժականի բանասիրականում, այլեւ Մանկավարժականի բանասիրականում սովորելով՝ մնալու ու կրթությունս շարունակելու եմ ասպիրանտուրայում, եւ երբ Աբրահամյանն ինձ ասաց՝ «կընդգրկվեք իմ խմբում եւ ձեր մայրիկի սխալը կուղղեք», ես ինձ չկորցնելով ասացի՝ «ես ընդունվելու ոչ մի հույս չունեմ, ընկեր Աբրահամյան», եւ Աբրահամյանը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «ինչպե՞ս թե՝ ոչ մի հույս չունեք. չէ՞ որ արդեն երկու գերազանց եք ստացել», եւ ես ինձ չկորցնելով ասացի՝ «պատմությունից ու անգլերենից բացարձակ զրո եմ», եւ Աբրահամյանը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «այդ երկու քննությունները ե՞րբ եք հանձնելու», եւ Վարդանյանը քննաթերթիկիս նայելով՝ քննություններիս օրերն ասաց, եւ Աբրահամյանը Վարդանյանին ասաց՝ «նախապես ինձ կհիշեցնեք, Էդուարդ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տեսեք՝ չմոռանաք», եւ Վարդանյանն իր թղթերից մեկի վրա քննություններիս օրերը նշելով՝ Աբրահամյանին ասաց՝ «չեմ մոռանա, ընկեր Աբրահամյան», եւ Աբրահամյանը մի քիչ մտածեց ու ինձ նայելով ասաց՝ «իհարկե՝ ես էլ կհիշեմ», ու ես էդպես էլ չիմացա՝ Վարդանյանը հիշեցրե՞ց Աբրահամյանին, թե՝ ոչ, եւ շատ սխալ կլիներ, եթե ձեռքներս ծալած նստեինք ու սպասեինք, թե՝ երբ պիտի Վարդանյանն Աբրահամյանին հիշեցնի, եւ երբ հայոց լեզվի էդ բանավոր քննությունից տուն սլացա ու մորս պատմեցի իմ ու Աբրահամյանի խոսակցությունը, մայրս հենց էդ օրը զանգահարեց, գտավ ու ամբողջովին մոբիլիզացրեց իր համակուրսեցի ընկերուհի Դեղձանիկին, ու էդ նույն իրիկուն Թոխատյան Դեղձանիկն անձամբ ու իր ոտքով մեր տուն եկավ, եւ մորս ու Դեղձիկի էդ իրիկվա խոսակցությունն էսօրվա պես եմ հիշում, ու նաեւ հիշում եմ, որ երբ մայրս Աբրահամյանի ու ծաղիկների էդ քսան տարվա վաղեմության պատմությունը Դեղձիկին հիշեցրեց, Դեղձիկը մի քիչ մտածեց ու ժպտալով մորս ասաց՝ «էդ ծաղիկների պատմությունը բստրել ես, որ Աբրահամյանին անձամբ չխնդրես», եւ մայրս երդվելով ասաց՝ «պապայի արեւ՝ չեմ բստրել» եւ նեղսրտելով Դեղձիկին հարցրեց՝ «ինձ չես հավատո՞ւմ», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հավատում եմ, որ ինքը ձեզանից ծաղիկ առած ըլնի, բայց որ ինքն էդքան հեռվից քեզ տեսած ու ճանաչած ըլնի, էդ մեկին, կներես, չեմ հավատում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տնաշեն, ինքն ինստիտուտի միջանցքում ինձ նույնիսկ մի մետրի վրա չի նկատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ բարեւում ու ասում եմ՝ բարեւ ձեզ, ընկեր Աբրահամյան, էդ վախտ նոր ձենիցս ճանաչում ա», եւ մայրս մի քիչ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «ուզում ես ասես՝ Արմենի հարցով իրան չես խնդրելո՞ւ», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ ինքը քո խնդրելով ավելի շուտ կանի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքն էն գլխից քեզ ավելի էր հավանում, քան՝ ինձ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամեն տեսակետից», եւ մայրս մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ էն ժամանակ էս աստիճանի կարճատես չէր», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «միշտ էլ նույնն ա էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ո՞վ էդքան կարդար, որ չքոռանար», եւ մայրս մի քիչ մտածեց ու լրջանալով հարցրեց՝ «այսինքն, չես խնդրելո՞ւ», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բայց ինչի՞ դու չես ուզում խնդրես», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշի համար խնդրելն ավելի հեշտ ա», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց, նայեց ինձ ու մորս հարցրեց՝ «այսինքն, Արմենն իմ համար ուրիշ ա՞» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «որ ըտենց ա, ինքդ կգնաս ու կխնդրես», եւ մայրս մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «հեչ էլ խնդրես», եւ Դեղձիկը քամահրանքով նայեց մորս ու վրդովված ասաց՝ «լավ էլ գիտես, որ խնդրելու եմ, դրա համար էլ ըսենց հորդուբորդով ես հետս խոսում», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «հիմի ե՞րբ ես Աբրահամյանին տեսնելու», եւ Դեղձիկը վրդովված ասաց՝ «կարող ա՞ էս գիշերվա կեսին գնամ իրանց տուն», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարաս հեռախոսով զանգես», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «կարող ա՞ ցիրկ եմ», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ես ցիրկ», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «էդ մակարդակի մարդկանց հեռախոսով բան չեն խնդրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ հասարակ բանն էլ չես հասկանում», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «համաձայն եմ. չեմ հասկանում», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ կյանքում ոչ մի բանի չհասար» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ ասաց՝ «մամադ մեր կուրսի ամենալավ սովորողն էր, բայց ոչ մի բանի չհասավ», եւ մայրս հարցրեց՝ «ինչի՞ պիտի հասնեի», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «ծաղիկ պիտի ծախեիր», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վերջին անգամ քսան տարի առաջ եմ ծաղիկ ծախել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Աբրահամյանի էդ դեպքից հետո ծաղկավաճառությունն ընդհանրապես թարգեցի», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հազար տարվա ընկերուհիներ ենք, բայց քեզ ոչ մի անգամ ծաղիկ ծախելուց չեմ տեսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Աբրահամյանի էդ պատմությունն էլ բստրել ես, որ ինձ մոտը ուղարկես», եւ մայրս կրկին երդվեց՝ «պապայի արեւ՝ չեմ բստրել», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «Աբրահամյանը մորդ աղաչում-պաղատում էր, որ իրա ամբիոնում ասպիրանտ դառնա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ասպիրանտուրան ավարտած ըլներ, հիմի դասախոս դառած կըլներ ու արժողչարժողի առաջ ըսենց չէր խեղճանա», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ առաջ եմ խեղճացել», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո առաջ միշտ էլ խեղճացել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էն գլխից էլ ըսենց զոռբա էիր», եւ Դեղձիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ասպիրանտուրան ավարտեիր ու դասախոս դառնայիր, հիմի տղիդ հարցերով անձամբ կզբաղվեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «չնայած, քեզ շատ չկա. կարող ա դասախոս դառնայիր ու էլի ինձ Արմենի հարցով Աբրահամյանին խնդրել տայիր», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ասպիրանտուրա սովորեի, Արմենը չէր էլ ծնվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ ասպիրանտուրա սովորեի, ամուսնությունս էլ պիտի հետաձգեի»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել