Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՇՏԻ ՍՊԵՂԱՆԻՆ ԱՅԼԵՎՍ ԼԱՑԸ ՉԷ

Փետրվար 26,2011 00:00

Ճշմարտությունը Խոջալուի մասին

\"\"

1992թ. փետրվարի 25-ին ԼՂՀ-ի զինված ստորաբաժանումները, հայ կամավորների եւ աշխարհազորայինների հետ միասին հաջողությամբ ձեռնարկեցին Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման եւ նույն ավանի մոտ գտնվող օդանավակայանի ապաշրջափակման գործողությունները: Մինչեւ ռազմական գործողությունները, հայկական զինուժը դեռեւս փետրվարի 11-ին կայանել էր Հասանաբադում եւ սպասում էր հրահանգի: Հասանաբադում անցան նախնական պատրաստությունները, բոլոր ջոկատները հստակ հրահանգներ ստացան, այնտեղ մնացին մինչեւ փետրվարի 25-ի գիշերը: Ցերեկը մոտավորապես ժամը 3-ին ջոկատները հանդիպեցին միմյանց: Ինչ վերաբերում է ադրբեջանական պաշտոնական քարոզչությունում հայերին ուղղված այն մեղադրանքին, թե իբր հայերը ցանկանում էին ոչնչացնել Խոջալուն եւ նրա բնակչությանը, հարկ եմ համարում դրան հակադրել հենց ազերիների ելույթն այդ մասին: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ընդգծել էր, որ Խոջալուի վրա հարձակումը անակնկալ չէր: Խոջալուի վրա կազմակերպվող հարձակման մասին նախօրոք տեղեկացվել էր ռադիոյով, բարձրախոսներով: Այդ մասին վկայում էր նաեւ 1992թ. սեպտեմբերի 28-ի «Helsinki watch»-ին տված խոջալուեցի բնակչուհիներից մեկի հարցազրույցը. «Հայերը հայտարարեցին եւ պահանջեցին, որ Խոջալուի բնակչությունը տարածքը լքի խաղաղությամբ: Ալիֆ Հաջիեւը (Խոջալուի պաշտպանության ղեկավար) մեզ այդ մասին հայտնել է դեռեւս փետրվարի 15-ին, հարձակումից 10 օր առաջ, բայց դա չվախեցրեց ո՛չ ինձ, ո՛չ մյուսներին, քանի որ մենք չէինք հավատում, որ հայերը կգրավեն Խոջալուն»: Հայերի զգուշացումներից հետո, չնայած թերահավատությանը, բնակչության մեծ մասը հեռացավ քաղաքից, ինչն էլ ստիպեց ադրբեջանական ղեկավարությանը եւ լրատվամիջոցներին՝ դատապարտել քաղաքը լքողներին: Այդ առիթով 1994թ. Ադրբեջանի պետքարտուղար Լալա Շովքեթ Հաջիեւը ասել է. «Ավելի քան 100 օր ու գիշեր մենք ռմբակոծել ենք Ստեփանակերտը, բայց հայերը չլքեցին իրենց տները, իսկ դուք փախչում եք թնդանոթի ձայնը դեռ չլսած»:
Հայերի կողմից եղան նախազգուշացումներ, սակայն ադրբեջանական կողմը ոչինչ չձեռնարկեց խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար: Ալիֆ Հաջիեւը ասել է. «Մենք կօգնեինք Խոջալուի բնակիչներին, բայց հանրապետության ղեկավարները ուզում էին հասարակությանը ցույց տալ, որ իրենք ուժ չունեն եւ նորից պետք է դիմեն ԱՊՀ-ին, նրանից օգնություն խնդրելու համար»: Ադրբեջանական քարոզչության հերթական միֆերից է այն, որ եթե նույնիսկ հայերը միջանցքի գոյության մասին տեղեկացրել են, ապա դա արել են բարձրախոսներով, այդ պարագայում շատ հավանական է, որ կրակոցների ձայնը այն լսելի չդարձներ բնակչության համար: Եթե նույնիսկ մի պահ փորձենք ընդունելի համարել նրանց այդ ծիծաղելի տրամաբանությունը, ապա նույնիսկ այդ դեպքում նրանց ինքնաարդարացման փորձերը անիմաստ են: Չէ՞ որ նրանց ղեկավարությունը տեղյակ էր այդ մասին, ուստի նրանք պարտավոր էին հոգալ իրենց քաղաքացիների անվտանգության մասին, եթե իհարկե այն չէր հակասում իրենց քաղաքական շահերին:
Այսպիսով, Խոջալուն գրոհած ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք էին տրամադրել ռազմական գործողությունների գոտուց հեռանալու համար: Այս փաստը չի հերքվել, այլ հակառակը, բազմիցս հաստատվել է Ադրբեջանի պաշտոնատար անձանց եւ անկախ լրագրողների կողմից: Մութալիբովը 1992թ. մարտին «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում նշել է. «Միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին»: Մեկ այլ հայտարարությունում նա արդարացիորեն նշել է, որ եթե հայերը թողել են միջանցքը, բնակիչներին դուրս հանելու համար, ապա իմաստազրկվում է նրանց վրա կրակելը, հատկապես այն տարածքում, որը մոտ էր Աղդամին, որտեղ կար ադրբեջանական մեծ ռազմուժ: Մեր ազատամարտիկները եւս հաստատում են այդ փաստը: Նրանք նշում են նաեւ, որ բացի իրազեկած լինելուց, բնակչությանը ժամանակ է տրվել իրենց իրերը հավաքելու համար: Նույնիսկ, պատմում էին նրանք, բնակչության շարքերում կային նաեւ անասուններ հանողներ:
«Ալաշկերտ» ջոկատի հրամանատար Աբել Հարությունյանը պատմեց նաեւ, որ հայ զինվորները օգնել են բնակչությանը տեղահանվելու գործում: Իհարկե, եղել են ընտանիքներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հեռացել, բայց նրանց նկատմամբ որեւէ անմարդկային վերաբերունք չի դրսեւորվել. նրանք կամ փոխանակվել են մեր պատանդներով, աճյուններով, կամ էլ վերադարձվել են Ադրբեջանին: Հարձակումից հետո Բաքվում լուրեր տարածվեցին, թե հայ զինվորները դաժանաբար են վերաբերվում խաղաղ բնակչության հետ, չխնայելով անգամ կանանց ու երեխաներին: Մութալիբովի եւ ԼՂՀ այն ժամանակվա ղեկավար Արթուր Մկրտչյանի զրույցի ընթացքում, երբ Մութալիբովը հայերին մեղադրեց դաժանության մեջ, որ իբր, նույնիսկ, ֆաշիստը խաղաղ բնակչության նկատմամբ նման կերպ չի վերաբերվել, Մկրտչյանը շեշտել է, որ Մութալիբովը ապատեղեկացված է, եւ իր նշած 800-1000 զոհերի թիվը իրականությանը չի համապատասխանում: Զրույցից հետո Մութալիբովի հրամանով կազմվեց լրագրողների մի խումբ, որը մեկնեց դեպքի վայր: Սակայն նրանք տարածված լուրերը հավաստող ոչ մի փաստ չգտան, միայն Նախիջեւանիկ գյուղում մի քանի տասնյակ սպանվածներ կային, ովքեր զոհվել էին ռազմական գործողությունների ժամանակ: Արդեն պարզ է, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատը փախստականներին օգնելու փոխարեն նրանց արյամբ պայմաններ ստեղծեց Մութալիբովի հրաժարականի համար: Ուղղակի Ադրբեջանը մեխանիզմն էր կիրառում, որպեսզի հետագայում կարողանար իրեն ներկայացնել զոհի կարգավիճակում: Մի առիթով Մութալիբովն ասել է. «Այս ամենը կազմակերպվել է, որպեսզի իմ հրաժարականի համար պայմաններ ստեղծվեր, ես չեմ կարծում, որ հայերը կարող էին թույլ տալ ադրբեջանցիներին նման փաստեր ձեռք բերել: Կարելի է մտածել, որ ինչ- որ մեկը հետաքրքրված էր նրանով, որ հետագայում այդ փաստերը ներկայացնի բարձրագույն խորհրդի նիստում եւ այդ ամենում մեղադրեին ինձ»: Հարկ եմ համարում ասվածին համադրել «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Կարեն Ղազարյանի խոսքերը. «Ի՞նչ եք կարծում, մենք կարո՞ղ էինք թույլ տալ, որ նրանք կրկին մտնեին մեր ազատագրած տարածքներ, էլ չենք խոսում նկարահանելու մասին: Փաստն այն է, որ անկախ լրագրողներից գրեթե բոլորը ժխտում են ադրբեջանցիների ամպագոռգոռ խոսքերը»: Օդանավակայանն ազատագրելուց հետո, հայերը ընդհուպ մոտեցան Իվանյան բնակավայրին. այստեղ պաշտպանները հեռացան՝ թողնելով բնակչությանը: Իվանյան գյուղի պաշտպանների գերակշռող մասը թուրք մեսխեթցի վերաբնակներ էին, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը վերաբնակեցրել էր դեռ մի քանի ամիս առաջ, իսկ այն քիչ թվով ադրբեջանցի երիտասարդները, ովքեր կռվում էին թուրք մեսխեթցիների հետ, այդտեղ էին եկել խոստումների քողի ներքո: Մեկին խոստացել էին զինվորականի աստիճան տալ, մյուսինը՝ բարձրացնել, երրորդին՝ փոխադրել հաջորդ կուրս եւ այլն: Իրականում նրանց այլեւս թույլ չտվեցին վերադառնալ:
Ադրբեջանցի լրագրող Արիֆ Յունուսովը Խոջալուի դեպքերի մասին գրում է, որ «Քաղաքն ու նրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցվել քաղաքական նպատակների համար: Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են «դիապղծված» մարմիններ, գտնվում են Ալաշկերտից՝ 3 կմ, իսկ Խոջալուից՝ 11 կմ հեռավորության վրա: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ մինչեւ 1993թ. ամռանն այդ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների հսկողության տակ, ուստի հստակեցվում է այն, որ տվյալ տարածքում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ «վայրագությունները» բացառվում են»:
Չեխ լրագրող Յանա Մազալովան ռազմադաշտում լինելու ընթացքում դիապղծության ոչ մի հետք չի նշմարել, բայց իր հեռանալուց մի քանի օր անց ցուցադրվել է իբր նույն տարածքում նկարահանված աղավաղված մարմիններ: «Ալաշկերտ» ջոկատի մարտիկ Դավիթ Ավետիսյանը փաստեց մի հետաքրքիր հանգամանք: Նա նշեց, որ ինքը Խոջալուում մի տուն էր մտել, որտեղ հրազենի ոչ մի հետք չկար, բայց կային մի քանի սպանված բնակիչներ, ինչը վկայում էր, որ դա հայերի ձեռքի գործը լինել չի կարող, քանի որ ինքը այդ տարածքում առաջին զինվորներից մեկն էր: Ադրբեջանցի անկախ լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը կասկածանքով է վերաբերվել Ադրբեջանի տարածած լուրերին եւ սկսել էր իր հետազոտությունը, սակայն դա նրա համար կյանք արժեցավ, առաջին հաղորդումից հետո նրան սպանեցին Աղդամից ոչ հեռու: Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե Խոջալուն եղել է «հայերի վրեժը» Սումգայիթի համար, եթե նույնիսկ այդպես լիներ, ապա դա արդարացի կլիներ, բայց Խոջալուն եւ ընդհանրապես ղարաբաղյան շարժումը անկախության համար մղվող պայքար էր, ինչն էլ դարձավ հաղթանակի գրավականը:
Քեզ փառք ու պատիվ ու մեծ օրհնություն՝ հայ զինվոր:
Երեւանի «Գլաձոր» համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել