Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՐԱՔՍԸ» «ՆԵՐԿՐՈՒՄ» Է ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԱՐՎԵՍՏ

Փետրվար 26,2011 00:00

Պատճառը, թերեւս, գեղարվեստական ղեկավարի պրոֆեսիոնալ երաժիշտ լինելն է

\"\"
Արտաշես Միքայելյանն (ձախից) ու Արարատ Մկրտչյանը:

Իմպրեսարիոյի կամ արտ-մենեջերի մասնագիտությունների մասին թյուր կարծիք է ձեւավորվել մեզանում: Շատերին թվում է, թե մի քանի երգիչ-երգչուհիների իրար գլխի հավաքելով ու տարբեր գաղթօջախներ տանելով, լուծվում է կարեւոր խնդիր: Մինչդեռ իրականում երբեմն վնասում են հայ պրոֆեսիոնալ արվեստի քարոզչությանը էժանագին տաշի-տուշիներով, հաճախ նաեւ ռաբիսի մակարդակով: Հասկանալի է, որ իրենց պրոդյուսեր կամ ստեղծագործական կենտրոնի գեղարվեստական ղեկավար անվանողների մեծ մասը, որոնք մասնագիտության բերումով հեռու են մշակույթից, ուզում են դահլիճ լցնել՝ չգիտակցելով, որ արվեստի նման քարոզչությունը ի վերջո վերածվում է հակաքարոզչության: Նման պատկեր է նաեւ գաղթօջախներում: Այստեղ տարբեր կենտրոններ հիմնածների մեծ մասն էլ, որոնք ֆինանսական առումով անհամեմատ ավելի լավ վիճակում են հայաստանցի կոլեգաների համեմատությամբ, չնչին բացառություններով, հայրենիքից, որպես օրենք, «արտահանում» են ցածրորակ արվեստ:
«Առավոտը» հանդիպեց Մոսկվայի «Արաքս» ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արտաշես Միքայելյանին եւ գեղարվեստական ղեկավար Արարատ Մկրտչյանին: Վերջինս տրոմբոնահար է, միջազգային մրցույթների դափնեկիր, ուսումը ստացել է Երեւանի, ապա Մոսկվայի կոնսերվատորիաներում: 1960-ականների սկզբներից մինչեւ 1970-ականների կեսերը հանդիսացել է Հայաստանի պետական փողային նվագախմբի մենակատար, ապա, մշտական բնակություն հաստատելով Մոսկվայում, աշխատանքի անցել տեղի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում: 2008թ. Ա. Մկրտչյանը հիմնել է «Արաքս» ստեղծագործական կենտրոնը:
Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ կենտրոնի առաջին աշխատանքը նվիրված է եղել Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին: Մինչ մոսկովյան համերգը, նա կազմակերպել է Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի» պարային անսամբլի ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Անդրոսովի հայաստանյան այցը: Ռուս նշանավոր խորեոգրաֆը հանդիպել է Գյումրիի «Էսկադա» պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դիանա Մացոյանի հետ, որի արդյունքում իրականացված համերգում ընդգրկվել են գյումրեցի 50 պարողներ: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ կայացած համերգին իրենց մասնակցությունն են բերել Մոսկվայում գործող «Հայկական ծաղիկներ» (ղեկավար՝ Հայկ Սահակյան), Հայորդաց տան կիրակնօրյա դպրոցի պարի անսամբլները (ղեկավար՝ Արայիկ Սարգսյան), ինչպես նաեւ Մոսկվայում գործող վրացական «Կոլխիդա» (ղեկավար՝ Վախթանգ Ցիմակուրիձե) պարի խումբը: Տեղեկացված լինելով, որ արվեստագետի՝ հայրենիք այցելության այս առիթը դարձյալ առնչվում է պարին, կոնկրետ՝ «Բարեկամություն» անսամբլին, հետաքրքրվեցինք՝ «Արաքս» կենտրոնը «մասնագիտացվել» է միայն պարի՞ ոլորտում: Ա. Մկրտչյանը նշեց, որ շուրջ 2 տարի գործող կենտրոնի նախաձեռնությամբ ռուս հանդիսատեսին է ներկայացվել ռեժիսոր Աշոտ Մելքոնյանի «Արարատ. հայոց անմահության խորհուրդը» վավերագրական ֆիլմը, Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետի նոր բեմադրությունը, Կոմիտասի 140-ամյակին իրականացվել է «Դեպի երկիր» ուխտագնացության ծրագիրը եւ այլն: «Արաքսը» զուտ պրոֆեսիոնալ աշխատաոճ է որդեգրել, ունի խորհուրդ, որի պատվավոր նախագահն է կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:
«Արաքսի» գլխավոր տնօրեն Արտաշես Միքայելյանն էլ հայտնեց, որ օրերս իրենց ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարը եւ ողջունել իրենց ներկայացրած ծրագիրը: Նախատեսվում է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի գլխավորած «Բարեկամություն» անսամբլի եւ ՌԴ հայկական համայնքների պարային խմբերի մասնակցությամբ երկու փուլով անցկացնել համերգային ծրագրեր, հուլիսի 14-25-ը՝ Ռոստովում, Կրասնոդարում, Սոչիում, Ստավրոպոլում եւ Պյատիգորսկում, իսկ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Պերմում եւ Կրասնոյարսկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել