Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երկարատեւ քննություններ եւ ոչ մի սնունդ

Փետրվար 26,2011 00:00

\"\"Մասնակիցները գոհ են միայն քննությունների ընթացքից

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար անցկացվող քննությունները: Դպրոցի ռուսաց լեզվի դասասենյակում գրավոր քննական փուլն անցած տնօրեններն ու «տնօրենացուները» կարծիքներ էին փոխանակում՝ հարցաթերթերի ու առաջադրանքների վերաբերյալ: Բանավոր քննությունից դուրս եկածները իսկույն «շրջափակվում» էին գործընկերների կողմից, որոնք փորձում էին պարզել՝ ինչ հարցեր տվեցին, որ պատասխանը ճիշտ համարեցին եւ այլն:
Քննական հանձնաժողովի երեկվա նախագահը ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանն էր: Նա «Առավոտին» տեղեկացրեց, որ երեք բացակա ունեն, մասնակիցներից 4-ն էլ չի հաղթահարել շեմային միավորը: Մեր այցելության պահին արդեն բանավոր քննությունը 3 մասնակից լավ էր հանձնել:
Արմենակ Ավագյանը, որ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրն էր ներկայացնում, ասաց, որ քննություններից ընդհանուր առմամբ գոհ է, հանձնաժողովի տրամադրվածությունից՝ նույնպես, ձայնագրչի առկայությունից  էլ չի շփոթվել: Հիշեցնենք, որ քննական ողջ ընթացքը ձայնագրվում է:
Կարեն Սարգսյանը, ով աշխատում է Սյունիքի մարզի Անգեղակոթի միջնակարգ դպրոցում, գրավոր 60 հարցից 60-ին ճիշտ է պատասխանել: Ինքն էլ ընդհանուր առմամբ գոհ է ամեն ինչից: Հարություն Օհանյանը Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ է,  35 տարվա աշխատանքային փորձ ունի, մասնակցել է վերապատրաստման  դասընթացներին, գոհ է վերապատրաստումից: Նա էլ 58 գրավոր հարցի է ճիշտ  պատասխանել: Քննությունների բոլոր օրերին, երեկ նույնպես, մասնակիցներից շատերը մեր ուշադրությունը հրավիրեցին իրենց սննդի կազմակերպման խնդրի վրա: Առավոտվա 10-ից մինչեւ 17-ը ձգվում են քննությունները, ու իրենք ստիպված են անձամբ հոգալ սննդի հարցը, մինչդեռ դա ինչ-որ կերպ պիտի լուծեր քաղաքապետարանը կամ ԿԳ նախարարությունը: Մի տնօրեն էլ նեղսրտեց՝ ինչո՞ւ պետք է շուրջ 90000 դրամ վճարեմ ու վերապատրաստվեմ, միգուցե առանց դրա ես ի վիճակի՞ եմ մասնակցելու հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար անցկացվող քննություններին, համենայնդեպս՝ երկարամյա ստաժս դա  թույլ է տալիս:
Տնօրեններից մեկի խոսքով էլ, նման քննությունները գուցե հարմար են երեւանցիների համար, մարզերի «մասով» այլ բան պիտի մտածել. «Թեկուզ 1000 հարց էլ անգիր արած լինես, մարզում չես կարող տնօրեն աշխատել, եթե համայնքը քեզ չի ընդունում: Փոքր քաղաքներում ու  գյուղերում բոլորը միմյանց ճանաչում են, անգամ գերդաստանիդ պատմությունը գիտեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել