Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ ՉԱՐՉԻՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ

Փետրվար 26,2011 00:00

Բժիշկները, որպես կանոն, կոնկրետ դեղատուն կամ անալիզների համար կոնկրետ լաբորատորիա են ուղարկում, ոմանք էլ իրենց թանկ դեղորայքն են «սաղացնում» հիվանդների վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանել է, որ հիվանդությունների նույնիսկ ամենածանր դրսեւորումների դեպքում բուժող բժիշկը պետք է հիվանդին նշանակի ամենաշատը 4-5 անուն դեղ՝ ամենաազդեցիկն ու ամենաանհրաժեշտը: Սա արվել է այն նպատակով, որպեսզի, բուժելուն զուգահեռ, հիվանդի օրգանիզմում լրացուցիչ խնդիրներ չառաջանան՝ ընդունած մեծաքանակ դեղորայքի պատճառով: Մինչդեռ հայ բժիշկներից շատերը ԱՀԿ-ի պահանջները չեն կատարում՝ առաջնորդվելով հնադարյան չափորոշիչներով եւ մարդու ամենահեշտ բուժվող առողջական խնդիրն այնքան են բարդացնում, որ հիվանդն ընկնում է անելանելի վիճակի մեջ՝ ոչ այնքան այն պատճառով, որ այս կամ այն հիվանդությունն են նրա մոտ հայտնաբերել, այլ՝ թե որտեղի՞ց պետք է գումարներ գտնի, որ 15-20 տեսակի դեղը գնի: Դրան գումարած, բժիշկները մի տեսակ սովորություն են դարձրել՝ հիվանդին ուղարկել հենց այն դեղատուն, որի տերերի հետ պայմանավորվածություն ունեն նրանց դեղորայքը սպառելու: Այդ ծառայության դիմաց, չի բացառվում, որ նրանք տոկոսներ են ստանում: Մինչդեռ, եթե հիվանդին չուղեգրեն հենց այդ դեղատունը, նա գուցե եւ ավելի մատչելի գնով դեղորայքը ձեռք բերի: Նրանք հավաստիացնում են, որ իրենց մատնանշած դեղորայքը «ինքն» է, այսինքն՝ որակյալ, եվրոպականը, որը չես գտնի ամեն դեղատանը:
Ինչ վերաբերում է անալիզներ հանձնելուն, ապա նույն պատմությունն այստեղ էլ է. բժիշկը ուղարկում է անալիզների, եթե նույնիսկ նա տարբեր լաբորատորիաներում արդեն հանձնել է այդ անալիզները եւ դրանց պատասխաններով այցելել է մասնագետին: Բժիշկները հաճախ դա պայմանավորում են նրանով, որ չեն վստահում իրենց անծանոթ լաբորատորիայի անալիզներին:
Ինչո՞ւ են բժիշկները հիվանդներին կոնկրետ դեղատներ կամ կոնկրետ լաբորատորիաներ ուղարկում, եթե կան անորակ դեղեր կամ սխալ ախտորոշող լաբորատորիաներ, ինչո՞ւ է առողջահության նախարարությունը թույլ տալիս, որ դրանք շարունակեն իրենց գործունեությունը, մեր այս հարցերին պատասխանեց առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը: Տիկին Ավագյանը նույնպես հաստատեց, համագործակցության փաստ նշելով, որ իսկապես այդ դեղատներն ու լաբորատորիաները հիմնականում բժշկի հետ կապ են ունենում եւ նրան իրենց շահույթից տոկոս են հատկացնում, քանի որ հաճախորդների քանակ են ապահովում. «Երբ բժիշկը ձեզ ուղարկում է որեւէ լաբորատորիա, եւ այնտեղից ինչ-որ պատասխաններ է գալիս կամ որոշակի դեղատուն է ուղարկում, սա նորմալ չէ, անթույլատրելի է: Պարզ է, որ նրանք այդ հաստատություններից տոկոս են ստանում: Բայց պետք է նշեմ, որ սա համատարած չէ, սակայն կան նման արատավոր երեւույթներ, սրա դեմ մենք պետք է պայքարենք: Ես ցավ եմ զգում, որ շատ լավ մասնագետներ իջել են այդ մակարդակին, չեմ ուզում այդ բառն օգտագործել, սակայն նրանք չարչիություն են անում: Երբ բժիշկն ինքն է քեզ դեղ վաճառում, այն էլ ավելի թանկ, քան դեղատներում է, դա արդեն ավանտյուրա է եւ պատժի ենթակա»: Գ. Ավագյանը նաեւ ասաց, որ որ իր մոտ հաճախ են գալիս գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք, որոնք այլ բժշկի նշանակումով 20-30 անուն դեղ են օգտագործել. «Ես հաճախ նայելով նրանց թղթերը, զարմանում եմ, որ այդքան դեղ խմելուց հետո՝ այդ մարդիկ դեռ կենդանի են մնացել: 20-30 անուն դեղ նշանակելն անընդունելի է: Պետք է ամենաանհրաժեշտ եւ ամենաազդեցիկ 4-5 անուն դեղերը նշանակել»:
Մեր այն հարցին էլ, թե ինչո՞ւ են հղությունը հսկող մի շարք մասնագետներ շարունակում վճարովի ծառայություններ մատուցել, այն դեպքում, երբ մեր հանրապետությունում նախածննդյան եւ հետծննդյան բժշկական սպասարկումն իրականացվում է անվճար, տիկին Ավագյանը պատասխանեց. «Մենք ունենք հիվանդանոցներ, որտեղ նախածննդյան պետպատվեր չենք տեղադրել: Շատ ժամանակ էլ հղիներն առանց երկար մտածելու են ընտրում իրենց բժշկին, ընտրում են ոչ այն բժշկին, որը հղի կանանց կոնսուլտացիա է անցկացնում, որին մենք ծննդօգնության հավաստագրով գումար չենք կարող հատկացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել