Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԵԼ Է ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՊԱՀԱԿԸ

Փետրվար 26,2011 00:00

Երեկ, ժամը 15.00-ին, Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ, որտեղ նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետ վիճաբանել են 30-ամյա Արսեն Սահակյանը, 28-ամյա Ալբերտ Սահակյանը, 26-ամյա Արմեն Սահակյանը, 39-ամյա Արմեն Սահակյանը, 29-ամյա Արթուր Առաքելյանը, 30-ամյա Վարդան Ասատրյանը, 33-ամյա Արման Սիրեկանյանը եւ ոմն Էդգար (անձը պարզվում է): Վիճաբանության ընթացքում Արթուր Առաքելյանը եւ Վարդան Ասատրյանը սուր կտրող-ծակող գործիքից ստացել են վնասվածքներ, որի հետեւանքով Արթուր Առաքելյանը հիվանդանոցում մահացել է: Արմեն Սահակյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, Արման Սիրեկանյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու եւ սպանություն կատարողի անձը պարզելու ուղղությամբ: Քննությունը վարում է Շիրակի մարզի քննչական բաժինը:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել ձեռնարկության պահակախմբի եւ աշխատակիցների միջեւ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, երեկ հերքել է որոշ կայքերում հայտնված տեղեկությունները, թե Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ընթացքում տուժողները եղել են իր թիկնապահները: «Բալասանյան ընտանիքի որեւէ անդամ թիկնապահներ չի ունեցել»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել