Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հմայակը «հաշիվ» է պահանջում

Փետրվար 26,2011 00:00

 Երեկ Հայաստանի քաղաքագետների միությունը հայտարարություն է տարածել, որում քննադատության է ենթարկում միջազգային հանրությանը՝ առ այսօր անպատասխան թողնելու համար հարցերը, որոնք միության վարչությունը բարձրացրել էր երեք տարի առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո: Հայտարարությունում փաստվում է, որ իշխանություններն անցած տարիների ընթացքում ամեն ինչ արեցին մարտիմեկյան ողբերգության հանրային հետաքննության՝ մեր կողմից առաջ քաշված գաղափարը բովանդակազրկելու ու տապալելու համար. «Ապահովելով իշխանության, ընդդիմության եւ ՀՀ օմբուդսմենի համատեղ ներգրավվածությունը՝ Փաստահավաք խմբի ձեւաչափը ստեղծում էր ճշմարտությունը բացահայտելու եւ մարդասպաններին իրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն: Դրանով էր պայմանավորված Փաստահավաք խմբի լուծարման մասին Սերժ Սարգսյանի որոշումը, որի ընդունման կայծակնային արագությունը ոչ մի կասկած չթողեց. Փաստահավաք խմբին իսկապես հաջողվել էր մոտենալ մարտիմեկյան ողբերգության իրական մեղավորների բացահայտմանը»:
Այնուհետեւ հավելում են. «Երբեք հայ ժողովրդի պատմության եւ ոչ մի ժամանակաշրջանում չի եղել այսպիսի բարոյական անկում, չեն եղել եղբայրասպանության այսքան բազմաթիվ, այդչափ հրեշավոր, հիրավի սահմռկեցուցիչ դեպքեր, որքան այս երեք տարիների ընթացքում: Երբեք հայ մարդը սեփական երկրում այդքան հիասթափված, դառնացած ու անպաշտպան չի եղել, քան այսօր, երբեք չի ապրել այն գիտակցությամբ, որ նույնիսկ հարազատ ազգային բանակում ծառայելիս, նույնիսկ ռազմաճակատի առաջին գծում մեռնելու դեպքում երաշխավորված չի հերոսաբար զոհվել թշնամու փամփուշտից, բայց ցանկացած պահի կարող է, ինչպես մարտի 1-ի նահատակները, խփվել եղբայրասպան ձեռքով: Ամիս չի անցնում, որ մենք հերթական անգամ չցնցվենք մեր եղբայրների ու որդիների անիմաստ, անփառունակ մահը գուժող լուրերից, որոնք, բացի մեր մեծաթիվ գեներալներից, նրանց անդրդվելի Գերագույն գլխավոր հրամանատարից, պալատական ինտրիգների ու կոռուպցիայի մեջ թաղված նրանց ազգականներից, ոչ մեկին անտարբեր չեն թողնում: Ահավասիկ, մենք ստիպված ենք արձանագրել, որ «մարտի 1-ը» մեզանում տեւում է արդեն հազար ու մեկ օր եւ դեռ կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել այդ հրեշավոր չարագործության քաղաքական պատճառներն ու հետեւանքները»: Հայտարարության հեղինակները գտնում են, որ միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի, որ իշխող ՀՀԿ-ի եւ բանակի սպայական վերնախավի միջեւ 1998 թվականից հետո ձեւավորված ալյանսը այսօր դարձել է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը արգելափակող անհաղթահարելի խոչընդոտ: Պատմական փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ողբերգությունների հիմքում ընկած է ոչ թե միջկուսակցական մրցակցությունը, որպես այդպիսին, այլ հենց այն իրավիճակը, երբ ուժի եւ ուժեղի հեթանոսական պաշտամունքը դավանող կուսակցությանը հաջողվում է հատուկ սերտ ալյանս ձեւավորել սպայական վերնախավի հետ եւ ներքաղաքական պայքարում հենվել ամենահզոր ուժային կառույցի՝ բանակի վրա: Այդ օրինաչափությունը ցայտուն ձեւով դրսեւորվել է երրորդ ռեյխի կազմավորման փուլում, երբ հեթանոսական «իդեալներ» դավանող նացիոնալ-սոցիալիստներին հաջողվեց հատուկ հարաբերություններ ձեւավորել գերմանական բանակի սպայակազմի հետ: Մարտի 1-ի ողբերգությունից հետո անցած երեք տարիները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանում հայաստանյան հանրային կյանքի վրա ուժայինների ազդեցությունը հասել է կրիտիկական կետի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել