Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆԵԼ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԱԽԵՐԸ»

Փետրվար 26,2011 00:00

\"\"Հիմա նրա վախենալու ժամանակն է

Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը հանգրվանային է համարում: «Սկսել ենք հանրահավաքային մի շարք, որի նպատակն է պարտադրել այս բռնապետությանը արտահերթ ընտրություններ եւ կատարել շարժման այլ պահանջները: Ես կարծում եմ, որ մարտը եւ ապրիլի սկիզբը լինելու են այս առումով իշխանությունների համար վերջին շանսը, որպեսզի նորմալ, քաղաքական պրոցեսի սահմաններում մենք կարողանանք հասնել մեր նպատակներին»,- երեկ հայտարարել է Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե իշխանությունները վախեցած են մի կողմից՝ Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման հետեւանքով հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից, մյուս կողմից՝ արաբական երկրներում կատարվող հեղափոխություններն աչքի տակ ունենալով: Այս հայտարարության մեջ, թերեւս, ճշմարտության մեծ չափաբաժին կա՝ առավել եւս, եթե նկատի ունենանք նախօրեին հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածող ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների վրա ոստիկանության կողմից հերթական հարձակման փաստը: Իհարկե, նման հարձակումներ, շատ չնչին բացառություններով, միշտ են եղել, բայց որ դա միշտ էլ իշխանությունների վախի ու զգուշավորության դրսեւորում է եղել՝ ակնհայտ է: Առավել եւս հիմա, երբ նույնիսկ հայրենի ԱԱԾ-ում եւ ուժային մյուս կառույցներում ակնհայտ անհանգստություն կա ՀԱԿ-ի՝ դեռ փետրվարի 18-ի հանրահավաքում խոստացած՝ հանրահավաքների շարք նախաձեռնելու մասին հայտարարության առնչությամբ: Բանն այնտեղ է հասել, որ ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, հատկապես վերջին մի քանի օրերին ԱԱԾ-ն սկսել է նույնիսկ անզգույշ քայլեր անել՝ իր գործակալներին գործուղելով Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ ու կապեր փնտրելով, իր կարծիքով, Կոնգրեսի ծրագրերին «լավատեղյակ» աղբյուրների հետ «աշխատելու» համար՝ մոռանալով, թերեւս, որ ընդդիմության ներկայացուցիչներն այդ իմաստով թրծված են ու դեռ 2008-ի փետրվարի վերջերին հենց Ազատության հրապարակում այդպիսի «գործակալներին»՝ «ժուչոկներով» զինված, բացահայտեցին: Այն, որ իշխանությունները վախենում են հասարակական ընդվզման հեռանկարից՝ Լ. Զուրաբյանը նաեւ այսպես է փաստարկել. «Մեր բոլոր ակտիվիստներին տարբեր շրջաններում կանչել են ոստիկանություն՝ զրույցներ են անցկացնում, տեղ-տեղ՝ «փափուկ» զրույցներ, տեղ-տեղ՝ ակնարկում, որ նրանց դեմ կարող են գործեր սարքվել»:
Զուրաբյանի դիտարկմամբ, երկրում սոցիալական վիճակը հանգեցրել է հասարակական տրամադրությունների արմատականացմանը, ինչը, նրա ասելով՝ երբեք չի եղել: ՀԱԿ համակարգողը դա բացատրել է հասարակության խոցելի շերտերին քրեաօլիգարխիկ համակարգի կողմից անթաքույց թալանի ենթարկելու փաստով ու, նկատի ունենալով արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային հանրության արձագանքը, հավելել է. «Այսօր մենք տեսնում ենք, որ արաբական աշխարհում այս իրադարձությունները ստեղծել են նոր միջազգային ֆոն, եւ մենք տեսնում ենք, որ վերջապես միջազգային հանրությունն ադեկվատ գնահատական է տալիս սեփական ժողովրդի դեմ բռնությունների կատարմանը: Ցավոք, նույն համերաշխությունը չեղավ 2008թ. մարտի 1-ին: Աշխարհն այն ժամանակ այդ առումով քնած էր եւ գերադասեց աչք փակել փոքրիկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, եւ, ըստ էության, երեք տարի մենք մեր շարժումը տարանք միջազգային մեկուսացման պայմաններում: Փառք Աստծո, սա հաղթահարվում է, եւ մեր մեսիջը մարտի մեկին լինելու է շատ պարզ՝ ցանկացած բռնություն տասնապատիկ հակահարված է ստանալու»:
Նա նաեւ մի հատված է մեջբերել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի երեկվա զրույցից: Լ. Զուրաբյանի մատուցմամբ, այդ հանդիպման ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, թե ցանկացած բռնապետություն ինքնին կոնֆլիկտ է: «Ես համաձայն եմ այդ մտքի հետ, բռնապետությունը նույնպես կոնֆլիկտ է՝ ռեժիմի եւ ժողովրդի միջեւ, որը, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, հղի է պայթյունով եւ անկանխատեսելի հետեւանքներով»,- հայտարարել է ՀԱԿ համակարգողն ու հավելել, որ ցանկացած կոնֆլիկտ լուծման երկու տարբերակ ունի. խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, կամ պատերազմով, եթե այն խաղաղ ճանապարհով լուծել երկար ժամանակ չի հաջողվում: Նա հույս է հայտնել, որ իշխանությունները խոհեմ կլինեն ու կնախընտրեն առաջին տարբերակը՝ էլի մի անգամ պնդելով, թե մեր երկրում արտահերթ ընտրություններն անխուսափելի  են, քանի որ ժողովուրդն այլեւս չի կարող հանդուրժել երկրում տիրող անարդարությունները: Զուրաբյանը հավաստիացրել է, որ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքում Կոնգրեսը կփորձի լուծում տալ իշխանություն-ժողովուրդ կոնֆլիկտին: Բոլոր դեպքերում, ՀԱԿ-ը իշխանություններին դա խաղաղ ճանապարհով անելու համար մինչեւ մայիս ժամանակ է տվել:
Երեկ «Առավոտը» զրուցեց նաեւ «Մարտի 1»-ի սպանդին զոհ դարձած Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ, փորձելով պարզել, թե նա ինչ ակնկալիքներ ունի այդ հանրահավաքից, ընդդիմության ծրագրած գործողություններից ու նաեւ՝ իշխանություններից: «Ակնկալում եմ, որ եթե իշխանությունները չխանգարեն, մարտի 1-ի հանրահավաքը բազմամարդ է լինելու, եւ հույս ունեմ, որ հանրահավաքները շարունակական կլինեն, որովհետեւ գտնում եմ, որ դա այս պահին անհրաժեշտություն է»,- հայտարարեց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, թե իշխանությունները, միգուցե, արաբական հեղափոխություններից սարսափած, մի բան փորձեն փոխել, բայցեւ համոզմունք հայտնեց, որ «էդ իշխանություններից «Մարտի 1»-ի բացահայտման հետ կապված որեւէ սպասելիք չի կարող լինել», ու ինքը չունի, «քանի որ «Մարտի 1»-ի սպանդը իրենք են կազմակերպել, եւ իրենք իրենց երբեք չեն վնասի»: «Թե ճնշման տակ ինչ-որ տնտեսական փոփոխություններ կանե՞ն՝ չգիտեմ: Կոնկրետ ես գնալու եմ մարտի 1-ի հանրահավաքին առաջին հերթին արդարություն հաստատելու եւ իմ երեխայի սպանողին բացահայտելու ակնկալիքով, եւ ոչ կենցաղային, սոցիալական վիճակի պատճառով»:
Անդրադառնալով Լ. Զուրաբյանի հայտարարությանը, թե՝ այլեւս ցանկացած բռնություն տասնապատիկ հակահարված է ստանալու, եւ ի պատասխան մեր հարցին՝ ինքը չի՞ վախենում նման հեռանկարից եւ արդյոք մտահոգություն չունի՞ այդ առումով, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Ճիշտն ասած, ես իմ տղային կորցնելուց հետո այլեւս ոչ մի բանից էլ չեմ վախենում: Իշխանությունների միակ դրական բանն այն էր, որ ես վախի զգացումն ընդհանրապես կորցրել եմ ու ոչնչից չեմ վախենում, ինչ էլ ուզում է լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել