Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԲԱ ՈՐ ՎԱՐԴԱՆԻԿԸ ՄԵԶՆԻՑ ՆԵՂԱՆԱ»

Փետրվար 26,2011 00:00

Այս դեպքում Վարդանիկը պարզապես խորհրդանշական անուն է:  Կգնա՞ իշխանությունը խորհրդարանի օլիգարխա-թափության:

Ամենամակերեսային հաշվարկներով, 131 ազգային երեսփոխաններից միայն 25-ը բիզնես չունի: Մոտ մեկ տարի առաջ հակակոռուպցիոն միջազգային մի կազմակերպության հրավերով մասնակցեցի մի սեմինարի՝ Ռումինիայում, որտեղ ռումին պաշտոնյաները, պատգամավորները եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները մեզ՝ հայերիս սովորեցնում էին՝ ինչպես խուսափել շահերի բախումից եւ, մասնավորապես, ինչպես կանոնակարգել գործընթացները, որ գործարարները չփորձեն ներխուժել խորհրդարան: Մերոնք էլ ձեռքերը ծալած չեն նստում: Հայտնի է, որ խորհրդարանում շրջանառության մեջ է դրված «Էթիկայի հանձնաժողով» ստեղծելու մասին օրինագիծը, որով, իբր, փորձ է արվելու սահմանափակել կամ ընդհանրապես արգելել գործարարների մուտքը երկրի օրենսդիր մարմին: Հայտնի է, սակայն, որ անկախ այս կամ այն օրինագծից, գործարարները խորհրդարանի պոչը պինդ են բռնել: ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ամենից հարուստն են գործարարների անուններով, եւ, բնականաբար, եկող խորհրդարանում եւս այս կուսակցությունների համամասնական ցուցակները համալրած գործարարները դարձյալ են ձգտելու մանդատ ստանալ: Թեպետ նրանց ճնշող մեծամասնությունը ողջ նստաշրջանի ընթացքում կամ ձեւական մեկ-երկու այցելություն է կատարում խորհրդարան, կամ ընդհանրապես «լայաղ» չի անում ներկայանալ աշխատանքի: Երբ լրագրողները գրում են այս մասին, միանգամից հայտնվում են տվյալ գործարարի պաշտպանները եւ սկսում են ներկայացնել, որ եթե չեն գալիս՝ զբաղված կամ հիվանդ են լինում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր ներկայացրած խնդրին ծանոթանալով՝ ասաց. «Ես այն կարծիքին չեմ, որ քաղաքականությամբ զբաղվելը պիտի կապենք ունեցվածքի կամ նրա նախնական գործունեության հետ, պիտի նաեւ խրախուսենք, որպեսզի հասարակությունը կարողանա նաեւ բիզնես ծրագրերի մեջ ընդգրկվի եւ բիզնես ունենա: Իսկ եթե խոսքը վերաբերում է պատգամավորներին, պատգամավորը կարող է, ինչպես սովորական քաղաքացին, այս կամ այն բիզնեսում բաժնետեր լինել: Դա թույլատրվում է: Խնդիրը վերաբերում է նրան, որ պատգամավորն ինքը պիտի անմիջականորեն բիզնեսի գործառույթներին չմասնակցի: Իսկ դրա արտահայտության կարեւորագույն ձեւն այն է, որ թե տնտեսական, թե դատաիրավական ասպարեզներում նա իր բիզնեսի պաշտպանության հարցերով չի կարող զբաղվել, դա նշանակում է, որ ինքը կարող է լինել ընդամենը բաժնետեր»: Մեր հարցին՝ հիմա եւս բոլոր գործարար պատգամավորները իրենց բիզնեսը տվել են հավատարմագրային կառավարման, կամ իրենք պարզապես բաժնետեր են, բայց մենք հո գիտե՞նք, որ այդ մարդիկ (կոնկրետ անունները ընթերցողը կարող է շատ արագ շարել իրար ետեւից) խորհրդարան դեռ չմտած՝ այցելում են իրենց գործարանները կամ խորհրդարանից շատ արագ «թռնում» են իրենց իրական գործին: Ուրեմն ի՞նչ, մի՞թե սա նշանակում է՝ մենք գործարարներ չունենք խորհրդարանում: Ի պատասխան՝ պարոն Սահակյանը նկատեց. «Դա հնարավոր չի կարծիքով մեկնաբանել, որովհետեւ, բնականաբար, ցանկացած քաղաքացի եթե բաժնետեր է, շահագրգիռ է, որ այդ բիզնեսն ավելի ծաղկի, չենք կարող դա մասնատել, ասել՝ զբաղվում է, թե չի զբաղվում: Դա հարց ու պատասխանով չի կարող լուծվել: Եթե այդտեղ խնդիր կա, հիմա նոր օրենք է մշակվում, կարծում եմ, դրա ընդունումից հետո հնարավոր կլինի հարցերը լուծել եւ այլն, դա կկանոնակարգվի համապատասխան օրենքով»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասաց, թե «այդպիսի տրամադրություններ կամ շշուկներ լսել եմ (գործարար պատգամավորներին խորհրդարան չթողնելու- Մ. Ե.), լավ չի ասել՝ շշուկներ, այնուամենայնիվ, իշխանության մեջ էլ կան մարդիկ, կան, գուցե, շրջանակներ, որոնք, կարծում եմ, որ, այո, օլիգարխների այսպիսի ներկայությունը խորհրդարանում ճիշտ չէ: Շշուկներով դատողություն անելը լավ բան չէ, բայց որովհետեւ խոսքը ճիշտ բանի մասին է, ուզում եմ ասել, որ այդպիսի մտադրություն, այդպիսի տրամադրվածություն կա: Եթե սա լիներ, կլիներ տրամաբանական եւ ճիշտ: Բայց չեմ հավատում, որ այդպես կլինի: Ինչո՞ւ: Որովհետեւ՝ երբ կգա ցուցակներ կազմելու ժամանակը, եւ կդնեն ու կասեն՝ էս մեր Վարդանիկը, բա, լավ, էս մեր Վարդանիկին որ հանեցինք եւ դրեցինք Պողոսիկին, էդ Պողոսիկը կկարողանա՞ անել այն գործը, որը արել է Վարդանիկը»: Մեր ճշտող հարցին՝ ընտրակեղծիքնե՞րը նկատի ունի, պարոն Շահբազյանն ասաց. «Այո, եւ ոչ միայն ընտրակեղծիքը, նաեւ այն աշխատանքը, որ այդ մարդիկ անում են, նկատի ունեմ եւ ֆինանսական միջոցները, եւ այլն, եւ այլն»: Ըստ պարոն Շահբազյանի, սրանից բացի՝ կա մեկ վտանգ եւս՝ բա որ Վարդանիկը մեզանից նեղանա եւ հակառակ կողմի համար աշխատի. «Այ, երբ այս բոլոր հաշվարկները կանեն եւ կորոշեն, որ չէ, այնուամենայնիվ, ճիշտ է անել այն, ինչ ոչ թե իրենց եւ մեզ է ձեռնտու, այլ՝ երկրին, ես կհասկանամ, որ մեր իշխանությունը ինքն իրենից վեր է կանգնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել