«Համաձայն եմ, թող դիակիզեն: Առանց այն էլ որդուս աշխատավարձով յոթ հոգի է ապրում: Մահվանիցս հետո որտեղի՞ց պետք է այդքան փող տա, տարածք գնի, շիրմաքար պատվիրի, հազիվ թաղմանս ծախսերը հոգա»,- կատակում է 81-ամյա Գրիգոր պապը:
2006թ. փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի շուրջ բազմաթիվ վեճեր են ծագել: Մայրաքաղաքի գերեզմանատների տարածքները օրեցօր ընդլայնվում եմ բնակելի տարածքների հաշվին, իսկ գյուղերում դրանք՝ քարքարոտ եւ գյուղատնտեսության համար ոչ պիտանի վայրերի փոխարեն, զբաղեցնում են բերրի հողատարածքները: Այս եւ մի շարք խնդիրներից ազատվելու համար ընդունված օրենքը թույլատրում է Երեւան քաղաքում կառուցել դիակիզարան՝ մարմինը դիակիզելու համար հատուկ վառարանով, հանգուցյալի հետ հրաժեշտի ծիսակատարման սրահով, դիակների ժամանակավոր պահպանման սառնարանով: Օրենքով սահմանված կարգով պետք է լինի նաեւ հուշապատ՝ աճյունասափորների տեղադրման համար: Այսպիսով՝ հանգուցյալի հարազատները ազատվում են գերեզմանի կառուցապատման, հուշաքարի ու տապանաքարի բարեկարգման ծախսատար աշխատանքներից:
Բայց մեր հասարակության մեջ շատ քչերն են ընդունում դիակիզման տարբերակը: 51-ամյա Ռիմա Վարդանյանը նշում է, որ ինքը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր հարազատներից որեւէ մեկի դին դիակիզեն:
Ըստ հոգեբան Հրաչյա Հովսեփյանի՝ հայ հասարակության մեջ հանգուցյալի «պաշտամունքը» հիվանդագին սովորության է վերածվել, եւ այդ ձեւավորված կաղապարը միանգամից փոխել չենք կարող. «Այսօր մարդիկ իրենց հարազատների գերեզմանները ավելի շքեղ են կառուցում, քան իրենց շրջապատը: Նրանք իրենց հոգու պարտքը կատարում են իրենց իսկ հանգստության համար: Դա մեր գենետիկայի մեջ է, եւ այն փոխելու համար նախ եւ առաջ հասարակությանը պետք է հոգեբանորեն պատրաստել, բացատրել, որ քայքայվելու փոխարեն ավելի լավ է այրել: Չէ՞ որ վերջում նույն բանն է ստացվում»:
Պատմական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռեւս բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհում եղել են դիակիզման դեպքեր, սակայն այդ սովորությունը հայկական համարել չի կարելի: Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը դա համարում է նախահայկական ծիսակարգ: «Բրոնզի դարում եղել են դիակիզման բազմաթիվ դեպքեր, բայց դրանք այն ցեղերի սովորություններն են եղել, որոնց միավորումից ստեղծվել է հայ ժողովուրդը, այսինքն՝ այդ ծեսը հայերին վերագրելը թեական կլինի: Իսկ արդեն անտիկ՝ հատկապես վաղ քրիստոնեության շրջանում այդպիսի երեւույթ մեզ մոտ չի նկատվել»,- ասում է ազգագրագետը եւ ավելացնում, որ ազգային սովորությունը փոխելը ոչ միայն դժվար կլինի, այլ նաեւ երկար ժամանակ կպահանջի: