Ընտանիքն ու դպրոցը մեծ դեր ունեն երեխաների մեջ ագրեսիայի առաջացման պատճառները կանխելու համար
Բոլոր ծնողների հետ էլ պատահում է, երբ երեխաների դեռահասության շրջանում նրանց հետ ունեցած փոխհարաբերություններում առաջ են գալիս բարդություններ, երեխաներն իրենց չսիրված են համարում, ագրեսիվ են դառնում եւ այլն:
Այս մասով Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Գիտահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ասում է. «Դեռահասների մեջ ագրեսիայի մակարդակը գնալով աճում է: Որպեսզի երեխան ագրեսիվ չմեծանա՝ շատ կարեւոր է ընտանիքի եւ դպրոցի դերը»:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Անահիտ Սահակյանն էլ նշում է, որ դեռահասության տարիքում նույնիսկ ամենաչնչին վիճաբանությունն ու անհարթությունը կարող է ագրեսիայի առաջացման պատճառ լինել. «Երեխաների մեջ ագրեսիան զարգանում է սոցիալական ուսուցման գործոնների պատճառով: Շատ կարեւոր են ծնող-երեխա հարաբերությունները: Ծնողի սառը եւ անտարբեր վերաբերմունքը երեխայի նկատմամբ կարող է հանգեցնել ագրեսիայի զարգացմանը: Երեխան չբավարարված կարիքների արդյունքում դառնում է ագրեսիվ»:
Մ. Մեհրաբյանը շեշտեց, որ երեխաների մեջ ագրեսիայի առաջացման պատճառ կարող են դառնալ մինչեւ անգամ ագրեսիվ մուլտֆիլմերը, սերիալները, համակարգչային խաղերը:
Ա. Սահակյանի բնութագրմամբ, դեռահասության շրջանում ագրեսիայի դրսեւորումները պայմանավորված են ուշադրություն գրավելու միտումով. «Որպեսզի երեխան լինի կոմֆորտ, հոգեբանական լավ վիճակում, պետք է լինի սիրված, իմանա, որ ինքը լավն է, ուշադրության կետրոնում է: Եթե երեխայի՝ սիրո, ինքնահաստատման, բարձր ինքնագնահատականի, ուրիշների հարգանքին արժանանալու, քնքշանքի պահանջմունքները չեն բավարարվում, նրա մեջ առաջ է գալիս տառապալից զգացումներ՝ վախ, վիրավորանք, ցավ: Սրանք ծնում են ագրեսիա, զայրույթ: Օրինակ՝ փոքրիկ երեխան երբ աթոռից ընկնում է, մենք երեխային սփոփելու փոխարեն ասում ենք՝ արի միասին ծեծենք աթոռին. եւ սկսում ենք ծեծել: Նշանակում է՝ ցավի արդյունքում մենք ագրեսիվ ենք դառնում եւ այդ նույնը սովորեցնում մեր երեխային: Կամ մայրը, որ սպասում է աղջկան, որ նա ափսեները լվանա կամ ժամանակին տուն վերադառնա, երբ աղջիկն ուշանում է կամ ափսեները չի լվանում, այսինքն՝ մոր պահանջները չի կատարում, վիրավորանք է առաջանում մոր մոտ եւ նա անմիջապես հարձակվում, գոռգոռում է աղջկա վրա: Այդպիսով նա ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում՝ հոգեբանական ցավ կամ վիրավորանք պատճառելով նաեւ աղջկան, ինչը հաստատ ագրեսիա է առաջացնում»:
Բանախոսներն ընդգծեցին, որ ագրեսիվություն երեխայի մեջ կարող են առաջացնել նաեւ ընտանիքում սահմանված պատիժներն ու երեխաներին վերահսկելու ձեւերը, որովհետեւ ֆիզիկական պատիժները ագրեսիվ վարքի մոդելներ են, որոնք սերնդային ցիկլի տեսք են ստանում: Օրինակ՝ հոր կողմից ֆիզիկապես պատժված երեխան մեծ հավանականություն ունի ժառանգաբար դառնալու «պատժող պապա»:
Մ. Մեհրաբյանն ասաց, որ հայերի մեջ տարածված այն կարծիքը՝ «ով ծեծ չի տեսել, նա որբ է մեծացել» սխալ մոտեցում է:
Թիվ 127 դպրոցի հոգեբան Նաիրա Հարությունյանն էլ տվյալներ ներկայացնելով՝ փաստեց. «Տարեկան 270 միլիոն երեխա աշխարհում ենթարկվում է ընտանեկան բռնության: Այդ բռնությունը փակ շղթա է ստեղծում հետագայում երեխայի բռնություն իրագործող անձ դառնալուն: Սա պետք է կասեցնել, որի համար փակ եւ գործող մի համակարգ է պետք, որտեղ պետք է ներգրավված լինեն ընտանիքը, դպրոցը: Ցավում եմ, որ մեր հայ իրականության մեջ երեխաների նկատմամբ բռնության թեման բաց չէ: Շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում գտնել տվյալներ: Այսինքն՝ մոտ 7 տոկոսն է ըստ ցուցանիշների ենթարկվում բռնության: Բայց հավատացնում եմ, որ այս ցուցանիշն իրականում ավելի շատ է»: